«Երաժշտական մետրո» նախագծի եզրափակիչ համերգը

«Երաժշտական մետրո» նախագծի եզրափակիչ համերգը

«Երաժշտական մետրո» նախագծի եզրափակիչ համերգը նշանավորվեց Հանրային հեռուստաընկերության և «Կերոն» զարգացման հիմնադրամի համագործակցությամբ. կայացավ Եվրատեսիլ 2025-ի Հայաստանի պատվիրակի՝ Պարգի համերգը:   

Ապրիլի 22-ին մետրոյի Երիտասարդական կայարանը կրկին մարդաշատ էր: Այցելուները և Պարգի երկրպագուները դրական հույզերով և ջերմ ընդունելությամբ դիմավորեցին երգչին՝ ոգևորելով և ձայնակցելով նրան:  

«Երբ մտածում էինք, թե համերգի ինչ ձևաչափ ընտրել Պարգին Եվրատեսիլ ճանապարհելու համար, հասկացանք, որ «Կերոն» հիմնադրամի հետ սա իրականացնելը լավագույն տարբերակը կլինի: Այսպես անմիջականորեն շփվել երգրպագուների հետ, երգել նրանց համար հիանալի կլիներ  թե  հանրության, թե Պարգի համար»,- նշեց Հանրային հեռուսաընկերության Հանրային կապերի և թվային հաղորդակցության ծառայության ղեկավար Լուսինե Թորոսյանը: 

«Կերոն» հիմնադրամի և Երևանի Մետրոպոլիտենի հետ համատեղ իրականացվող «Երաժշտական մետրո» նախագիծը մեկնարկել էր  հունվարի 9-ին: Ամեն հինգշաբթի «Երիտասարդական» կայարանում տեղի էին ունենում փոքր ֆորմատի երաժշտական ելույթներ տարբեր երաժիշտների մասնակցությամբ։ 

Այս ծրագիրը նպատակ ուներ հարստացնել քաղաքային մթնոլորտը, խթանել մշակութային նախաձեռնությունների իրականացումը Երևանի հանրային տարածքներում և նպաստել երիտասարդ տաղանդավոր երաժիշտների բացահայտմանը՝ տրամադրելով նրանց անվճար բեմահարթակ:  

Նախագծի շրջանակում հիմնադրամը ստացել էր 100-ից ավել հայտադիմումներ տարբեր երաժշտական խմբերից: Ընդհանուր առմամբ տեղի է ունեցել 16 համերգ՝ ներառյալ Արամ MP3-ի հետ համագործակցությամբ անակնկալ ելույթը: