
«Կերոն» զարգացման հիմնադրամը նշեց իր առաջին տարեդարձը
Ապրիլի 4-ին «Կերոն» զարգացման հիմնադրամը նշեց իր գործունեության առաջին տարեդարձը՝ հյուրընկալելով իր գործընկերներին, հյուրերին և աջակիցներին Աբովյան 3 հասցեում գտնվող պատմական շենքում: Հատուկ այս օրվա համար հիմնադրամը բացել էր այս պատմամշակութային շենքի դռները՝ վերակառուցման մեկնարկից առաջ հնարավորություն ընձեռելով հյուրերին շրջելու 20-րդ դարասկզբի ճարտարապետական արժեք ներկայացնող շենքի սրահներով։ Երեկոյի ընթացքում հիմնադրամը ներկայացրեց մեկ տարվա գործունեության ձեռքբերումները, ընթացիկ նախաձեռնությունները և իր առաջնային ծրագիրը՝ «Տաղանդների ֆոնդ»-ը: Նախագծի նպատակն է ձևավորել մասնագետների համայնք, ովքեր ընտրում են Հայաստանը՝ ապրելու, աշխատելու և ստեղծագործելու համար։
Հիմնադրամի գործադիր տնօրեն Վանանե Արարքցյանն իր ողջույնի խոսքում շնորհակալություն հայտնեց բոլոր գործընկերներին և երեկոյի մասնակիցներին, ովքեր հիմնադրամի կողքին են եղել այս մեկ տարվա ընթացքում՝ վստահությամբ ու աջակցությամբ: «Հպարտ ենք մեր նախագծերով. Հայաստանի պատմության թանգարանի հետ համատեղ Անահիտ աստվածուհու արձանի ցուցադրությունը, որը անկախ Հայաստանի պատմության մեջ ամենաշատ այցելուներ գրանցած ցուցահանդեսն է, Էլինա Ավանեսյանի hետ մեր անցած ճանապարհը՝ երիտասարդ հայ թենիսիստուհին այսօր արդեն աշխարհում լավագույն 37-րդ կին խաղացողն է, Երևանի պետական բժշկական համալսարանի գրադարանի վերակառուցումը և այլ ռազմավարական ծրագրեր մշակույթի, կրթության, առողջապահության, սպորտի և տարածքային զարգացման ոլորտներում», – նշեց նա:
Անդրադառնալով «Տաղանդների ֆոնդ» ծրագրին՝ Վանանեն ավելացրեց, որ այս ամիսների ընթացքում արդեն 19 մասնագետներ ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Էստոնիայից, Ուկրաինայից, Իսպանիայից, Արգենտինայից և ՌԴ-ից տեղափոխվել են Հայաստան և իրենց փորձառությունն ու մասնագիտական ներուժն են ներդնում տարբեր ոլորտներում՝ աջակցելով Հայաստանի զարգացմանը:
Միջոցառման ընթացքում հիմնադրամը հայտարարեց նվիրատվությունների պաշտոնական մեկնարկի մասին։ Այժմ բոլոր ցանկացողները կարող են միանալ հիմնադրամի բարեփոխիչ նախաձեռնություններին նվիրատվությունների միջոցով՝ աջակցելով ծրագրերի շարունակականությանը ուղղված Հայաստանի երկարաժամկետ զարգացմանը։
Շուտով՝ հիմնադրամը իր 2 գործընկերների հետ մեկնարկելու է Աբովյան 3 հասցեում գտնվող պատմամշակութային շենքի վերակառուցման գործընթացը, որի արդյունքում այն կվերածվի մշակույթի, արվեստի, նորաձեւության և ստեղծարարության կենտրոնի: