
Հանդիպում ՀՀ առողջապահության նախարարի հետ
Կարևորելով առողջապահության զարգացումը որպես ռազմավարական ուղղություն՝ «Կերոն» զարգացման հիմնադրամը հյուրընկալել էր ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին՝ քննարկելու ոլորտում հնարավոր համագործակցության հեռանկարները:
Հանդիպման ընթացքում «Կերոն» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Վանանե Արարքցյանը ներկայացրեց հիմնադրամի գործունեությունը, ընթացիկ ծրագրերը տարբեր ոլորտներում, ինչպես նաև հիմնադրամի տեսլականը Հայաստանի կայուն զարգացման ուղղությամբ:
Հետագա քննարկումները շարունակվեցին նախարարի հետ երկրորդ հանդիպման ժամանակ, որը տեղի ունեցավ Առողջապահության ազգային ինստիտուտի գիտաբժշկական գրադարանում: Այս հանդիպման ընթացքում ինստիտուտի ներկայացուցիչները ներկայացրին գրադարանի վերափոխման ծրագիրը, որի նպատակը նորարարական և հարմարավետ կրթական միջավայրի ստեղշումն է առողջապահության ոլորտի մասնագետների համար:
«Կերոն» զարգացման հիմնադրամը, շեշտելով առողջապահության ոլորտում նոր նախաձեռնությունների կարևորությունը, պատրաստակամություն հայտնեց աջակցել ենթակառուցվածքների զարգացմանը՝ տրամադրելով առողջապահական ծառայությունների բարելավման համար անհրաժեշտ մարդկային և տեղեկատվական ռեսուրսները: Հիմնադրամը հատուկ ընդգծեց իր Talent Pool ծրագիրը, որի շրջանակում Հայաստան են բերվում բարձրակարգ մասնագետներ տարբեր ոլորտներից՝ այդ թվում և առողջապահության բնագավառից, առկա կարիքները լուծելու, միջազգային լավագույն փորձը տարածելու, ոլորտում որակական փոփոխություններ առաջ բերելու, ինչպես նաև շարունակական զարգացում ապահովելու նպատակով: