
«ԱյբՊՐՈ» նախագծային ուսումնառության ծրագիրը մեկնարկում է Գյումրիում
«Այբ» կրթական հիմնադրամը և «Կերոն» զարգացման հիմնադրամը «ԱյբՊրո» նախագծային ուսումնառության ծրագիրը մեկնարկում են Գյումրիում:
ԱյբՊրոն նախագծային ուսումնառության նորարարական կրթական մոդել է, որի հիմքում ընկած է «սովորել անելով» սկզբունքը։ Այն սովորողներին հնարավորություն է տալիս առարկայական գիտելիքը կիրառել իրական խնդիրների ուսումնասիրման և լուծումների մշակման համար։ Ծրագիրը 2015 թվականից իրականացվում է «Այբ» դպրոցում՝ հաջողությամբ զարգացնելով սովորողների հետազոտական, թիմային աշխատանքի, հաղորդակցման և նախագծերի կառավարման հմտությունները։
2025–2026 ուսումնական տարում «Կերոն» զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ և «Այբ» կրթական հիմնադրամի հետ համագործակցությամբ ծրագիրն առաջին անգամ իրականացվեց «Այբ» դպրոցից դուրս՝ հասանելի դառնալով Դիլիջանի ավագ դպրոցի 10-րդ և 11-րդ դասարանցիների համար։
Դիլիջանի փորձը ցույց տվեց, որ «ԱյբՊրոն» կարող է արդյունավետորեն գործել տարբեր համայնքներում՝ ստեղծելով ոչ միայն կրթական, այլև համայնքային ազդեցություն։
2026-27 ուսումնական տարում ծրագիրը կիրականացվի Գյումրիում որպես միջդպրոցական համագործակցության հարթակ՝ ներգրավելով քաղաքի ավագ դասարանների սովորողներ ունեցող դպրոցներին։ Տարբեր դպրոցների աշակերտները կձևավորեն համատեղ նախագծային թիմեր և նախագծավարների աջակցությամբ մեկ ուսումնական տարվա ընթացքում կաշխատեն Գյումրիի համար կարևոր խնդիրների ուսումնասիրման և լուծումների մշակման ուղղությամբ։
Ծրագրի կարևոր բաղադրիչ է նաև ուսուցիչների կարողությունների զարգացումը։ Գործընկեր դպրոցների ուսուցիչները ծրագրի ընթացքում հատուկ ընտրված նախագծավարների հետ միասին հնարավորություն կունենան ներգրավվել նախագծային ուսումնառության վերապատրաստումներում, աշխատարաններում, նախագծերի հանդիպումներում, միջանկյալ ներկայացումներում, եզրափակիչ պաշտպանություններում և պատրաստվել որպես նախագծերի ղեկավարներ։ Այսպիսով, ծրագրի նպատակն է ոչ միայն մեկ տարվա ընթացքում իրականացնել աշակերտական նախագծեր, այլև Գյումրիի դպրոցներում ձևավորել նախագծային ուսումնառության տեղական կարողություն և ստեղծել կայուն մոդել, որը հետագայում կարող է շարունակվել և ընդլայնվել։
«ԱյբՊրո» ծրագիրն անցել է փորձաքննություն և հաստատվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից՝ իր բովանդակությամբ և ծավալով ներառելով հանրակրթության պետական չափորոշչով նախատեսված նախագծային ուսումնառության հիմնական նպատակները։
Ծրագրի ավարտին սովորողները հանրային միջոցառման ընթացքում կներկայացնեն իրենց նախագծերն ու դրանց արդյունքները, իսկ լավագույն գաղափարները կարող են ստանալ ֆինանսական կամ ռեսուրսային աջակցություն՝ առաջարկվող լուծումները կյանքի կոչելու համար։
Համայնքի, դպրոցների, ուսուցիչների, սովորողների և տեղական գործընկերների համագործակցությամբ «ԱյբՊրոն» Գյումրիում կարող է դառնալ ոչ միայն կրթական ծրագիր, այլև քաղաքի զարգացմանն ուղղված գաղափարների և գործնական լուծումների ձևավորման հարթակ։





