Աստղային շրջայց՝ «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ցուցադրությունը ներկայացնելու նոր ձևաչափ Հայաստանի պատմության թանգարանում

Աստղային շրջայց՝ «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ցուցադրությունը ներկայացնելու նոր ձևաչափ Հայաստանի պատմության թանգարանում

2024թ սեպտեմբերի 21-ից Հայաստանի պատմության թանգարանում ընթացող «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» խորագրով բացառիկ միջազգային ցուցահանդեսը մոտեցավ իր ավարտին։ ՀՀ ԿԳՄՍ նախարարության և «Կերոն» զարգացման հիմնադրամի աջակցությամբ, Մշակույթի զարգացման հիմնադրամի, Հայաստանի պատմության թանգարանի և Բրիտանական թանգարանի համագործակցությամբ իրականացված այս ցուցահանդեսը դարձավ նորանկախ Հայաստանի պատմության ամենահայտնի մշակութային իրադարձություններից մեկը՝ ընդունելով ավելի քան 55 հազար այցելու։ 

Նախատեսված վեց ամիսների ընթացքում ցուցահանդեսը մեծ հետաքրքրություն առաջացրեց, ինչի արդյունքում երկարաձգվեց ևս քսան օր՝ մինչև 2025 թվականի ապրիլի 10-ը։ Ցուցահանդեսի շրջանակներում Հայաստանում առաջին անգամ ցուցադրվեցին Անահիտ աստվածուհու հայտնի բրոնզե արձանի գլուխն ու ձեռքը, որոնք պահպանվում են հեղինակավոր Բրիտանական թանգարանում։ 

Հայաստանի պատմության թանգարանի հարուստ հավաքածուից ցուցադրությանը ներկայացված էին ավելի քան վեց տասնյակ արժեքավոր ցուցանմուշ՝ ներկայացնելով Մայր աստվածության գաղափարը՝ հեթանոսությունից մինչև քրիստոնեություն։ 

Ցուցահանդեսի ամբողջ ընթացքում «Կերոն» զարգացման հիմնադրամը նախաձեռնել էր մի շարք միջոցառումներ՝ այն առավել ակտիվ պահելու և ավելի լայն լսարան ներգրավելու նպատակով։ Այդպիսի նախաձեռնություններից էր հայտնի մարդկանց կողմից վարվող հատուկ շրջայցերը, որոնց նպատակն էր ներգրավել լայն և բազմազան լսարան և նպաստել ցուցահանդեսի հանրայնացմանը՝ օգտագործելով հայտնի հայ աստղերի ժողովրդականությունը և ազդեցությունը։ 

2024թ.-ի նոյեմբերից մինչև 2025թ.-ի ապրիլ ամիսները ընդհանուր առմամբ անցկացվել է 6 աստղային շրջայց՝ Մարկ Գրիգորյանի, Խորեն Լևոնյանի, Հրաչուհի Ութմազյանի, Ավետ Բարսեղյանի, Անի Խաչիկյանի և Արեւիկ Գեւորգյանի մասնակցությամբ` ներգրավելով 90 մասնակցի: Նախագծի ամբողջ ընթացքում ստացվել է 1292 մասնակցության հայտ՝ ընդգծելով նախագծի հանրային մեծ պահանջարկը։  

«Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ցուցահանդեսի շրջանակում իրականացված աստղային տուրերը ոչ միայն ստեղծեցին անմիջական շփման բացառիկ հնարավորություն այցելուների և հայտնի մարդկանց միջև, այլև մեծապես նպաստեցին ցուցադրության հանրայնացմանը։