
Դիլիջանի ավագ դպրոցում ավարտվեց «ԱյբՊՐՈ» նախագծային ուսումնառության ծրագիրը
Դիլիջանի ավագ դպրոցում ավարտվեց «ԱյբՊՐՈ» նախագծային ուսումնառության ծրագրի իրականացումը, որը կյանքի է կոչվել «Կերոն» զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ և «Այբ» կրթական հիմնադրամի հետ համագործակցությամբ։ Ծրագրի նպատակն էր Դիլիջանի ավագ դպրոցի աշակերտների համար հասանելի դարձնել «ԱյբՊՐՈ» նախագծային ուսումնառության մոդելը՝ հնարավորություն տալով նրանց ձեռք բերել նախագծերի մշակման և իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ, գործնական փորձ և մրցունակ հմտություններ։
«ԱյբՊՐՈ»-ն նորարարական կրթական մոդել է` հիմնված է «սովորել անելով» սկզբունքի վրա։ Այն միաժամանակ նպաստում է աշակերտների առարկայական գիտելիքների խորացմանը, անձնային զարգացմանը և 21-րդ դարի կարևորագույն հմտությունների` քննադատական մտածողության, ստեղծագործականության, հաղորդակցության, թիմային աշխատանքի, պատասխանատվության, ժամանակի կառավարման և նախաձեռնողականության ձևավորմանը։
Ծրագրի շրջանակում Դիլիջանի ավագ դպրոցում ձևավորվել էր երեք նախագծային ակումբ՝ տարածքային զարգացման, կրթության և տուրիզմի ուղղություններով։ Նախագծավարների աջակցությամբ աշակերտներն ուսումնասիրել են Դիլիջան համայնքի կարիքները, գեներացրել խնդիրների լուծմանն ուղղված գաղափարներ, մշակել նախագծեր և դրանք ներկայացրել մասնագիտական քննարկումների ընթացքում։
Ծրագրի ընթացքում աշակերտները մասնակցել են մի շարք ճանաչողական այցերի, վարպետաց դասերի և մենթորական հանդիպումների։ Նրանք այցելել են Loft Yerevan և Impact Hub Yerevan՝ ծանոթանալու սոցիալական ձեռներեցության, ազդեցություն ունեցող նախաձեռնությունների և կայուն համայնքային տարածքների ստեղծման փորձին։ Աշակերտներն այցելել են Formula VC, որտեղ ծանոթացել են Հայաստանի ստարտափային և տեխնոլոգիական էկոհամակարգին։ Ծրագրի մասնակիցների համար անցկացվել են նաև ծրագրերի կառավարման, ֆոնդհայթհայթման, բյուջետավորման, հաղորդակցման հմտությունների և նախագծերի ռազմավարական զարգացման վերաբերյալ գործնական հանդիպումներ։
Աշակերտները ներկայացրել էին իրենց նախագծերի նախնական տարբերակները առաջին հանձնաժողովի առջև՝ ստանալով մասնագիտական հարցեր և ուղղորդող խորհուրդներ։ Հետագա փուլերում թիմերը շարունակել են կատարելագործել իրենց գաղափարները՝ նախագծավարների և ոլորտի մասնագետների աջակցությամբ։
Ծրագրի արդյունքում մայիսի 20-ին աշակերտներն ընտրող հանձնաժողովի անդամներին ներկայացրին իրենց երեք նախագծային գաղափարները:
«ՋԱՆ» թիմի տարածքային զարգացման նախագիծը նախատեսում է Դիլիջանում ստեղծել բազմաֆունկցիոնալ համայնքային կենտրոն՝ համատեղ աշխատանքի, ընթերցանության և ստեղծագործական գործունեության համար։
«Իմպուլս» կրթական նախագիծն ուղղված է Դիլիջանի և համայնքի 9-11-րդ դասարանցիների մասնագիտական կողմնորոշմանը՝ եռօրյա կրթական ճամբարի, ոլորտային հանդիպումների և ինտերակտիվ աշխատարանների միջոցով։
«TourGenius AI» նախագիծը տուրիզմի ոլորտի համար նախատեսված B2B հարթակ է, որն արհեստական բանականության միջոցով կօգնի տուր-օպերատորներին արագ և արդյունավետ կազմել գնառաջարկներ:
Արդյունքում կրթական ակումբն ստացավ Evocabank-ի գլխավոր մրցանակը՝ 3500 ԱՄՆ դոլար, ինչպես նաև ձեռք բերեց համագործակցություններ Cabinet Restaurant-ի և GreenRock հիմնադրամի հետ: Ակումբը նաև հնարավորություն կունենա ստանալ մարքեթինգային խորհրդատվություն Evocabank-ի մարքեթինգի թիմից։
Տարածքային զարգացման ակումբը կստանա հնարավորություն իրականացնելու իր գաղափարները Green Rock հիմնադրամի տարածքում, իսկ ժյուրիի անդամները սիրով համաձայնվեցին շարունակել աջակցել թիմին որպես մենթորներ։
Զբոսաշրջության ակումբը ևս կշարունակի աշխատել ժյուրիի անդամների հետ՝ գաղափարի հետագա զարգացման և իրականացման ուղղությամբ։
«ԱյբՊՐՈ» ծրագրի իրականացումը Դիլիջանում կարևոր քայլ էր նախագծային ուսումնառության մոդելը մարզեր տեղափոխելու և աշակերտներին գործնական կրթական փորձառություն տրամադրելու ուղղությամբ։ Ծրագիրը ոչ միայն նպաստեց մասնակիցների գիտելիքների և հմտությունների զարգացմանը, այլև խրախուսեց նրանց տեսնել սեփական համայնքի խնդիրները, մտածել լուծումների մասին և պատասխանատվություն ստանձնել դրանց իրականացման ճանապարհին։
Դիլիջանում ծրագրի գործընկերն է «Գրին Ռոք» հիմնադրամը:















