ԵՊԲՀ-ն ճանաչվել է հետխորհրդային տարածաշրջանի ամենաարագ զարգացող բժշկական համալսարանը

«Կերոն» զարգացման հիմնադրամի երկարաժամկետ և վստահելի գործընկեր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը հերթական կարևոր միջազգային ճանաչումն է ստացել։ ԵՊԲՀն ճանաչվել է հետխորհրդային տարածաշրջանի ամենաարագ զարգացող բժշկական համալսարանը՝ ըստ Բոստոնի գլոբալ աստիճանակարգման ինստիտուտի (The Boston Institute for Global Rankings) հրապարակած տվյալների։  

Այս գնահատականը հիմնված է մեծածավալ և մանրակրկիտ հետազոտության վրա, որի շրջանակում վերլուծվել է 1991-2024 թթ ընթացքում ԱՄՆ Ազգային բժշկական գրադարանում (PubMed) ինդեքսավորված գիտական ամսագրերում տպագրված հոդվածների քանակը։ Վերլուծության են ենթարկվել այն բժշկական համալսարաններն ու համալսարանները, որոնք ունեն բժշկական ֆակուլտետ՝ ընդհանուր՝ 249 կրթական հաստատություն ամբողջ հետխորհրդային տարածքից։ 

Երկփուլանի հետազոտության արդյունքում միայն 41 համալսարան են անցել երկրորդ փուլ՝ ունենալով նվազագույնը 500 գիտական հրապարակում։ Երկրորդ փուլում չափվել է այս համալսարանների գիտական աճը՝ օգտագործելով հատուկ ձևավորված Exponentially Weighted Growth Index (EWGI) գործակիցը, որը միևնույն ժամանակ արտացոլում է թե՛ պատմական ձեռքբերումները, թե՛ վերջին զարգացումները։ 

 Հեղինակների գնահատմամբ՝ այս մեթոդը թույլ է տվել առավել ճշգրտությամբ առանձնացնել այն բուհերը, որոնք արձանագրել են իրական և կայուն առաջընթաց։ Այդ առաջատար հաստատություններից առաջինը հենց Երևանի պետական բժշկական համալսարանն է։ 

ԵՊԲՀին հաջորդում են Լատվիայի համալսարանը, Սամարայի պետական բժշկական համալսարանը, Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանը, Նովոսիբիրսկի պետական համալսարանը և Վիլնյուսի համալսարանը։ 

Հետազոտության մանրամասները և արդյունքները հրապարակվել են հեղինակավոր Oncodaily հարթակում: 

 Այս հաջողությունն ու կայուն աճը վկայում են ոչ միայն ԵՊԲՀի կրթական և գիտական ներուժի, այլև համալսարանի հետևողական զարգացման և բաց համագործակցային քաղաքականության մասին։ «Կերոն» զարգացման հիմնադրամը hպարտ է, որ համագործակցում է նման հեղինակավոր կրթական հաստատության հետ՝ միավորելով ուժերը Հայաստանի կրթական միջավայրի բարելավման, ուսանողների համար նոր հնարավորությունների ստեղծման և երկարաժամկետ համատեղ նախաձեռնությունների իրագործման ուղղությամբ։