
Երևանը կունենա միջազգային չափանիշներին համապատասխան նոր երեք խաղահրապարակ
Մայիսի 29-ին Երևանի Կենտրոն վարչական շրջանն ու «Կերոն» զարգացման հիմնադրամը ստորագրեցին հուշագիր՝ ներկայացնելով նոր խաղահրապարակների ստեղծման ծրագիրը։
Կենտրոն վարչական շրջանի շենքում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացվեց նոր խաղահրապարակների ստեղծման մանրամասները։
Այս նախագիծը «Կերոն» զարգացման հիմնադրամի ռազմավարական հինգ ուղղություններից մեկի՝ տարածքային զարգացմանը միտված նախաձեռնություններից է, որն իրականացվում է Կենտրոն վարչական շրջանի հետ համագործակցությամբ և համատեղ ջանքերով։
Ասուլիսի բանախոսներն էին Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանը և «Կերոն» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Վանանե Արարքցյանը։
Ծրագրի շրջանակում Երևանում առաջին անգամ կառուցվելու են խաղահրապարակներ, որոնք լիովին կհամապատասխանեն միջազգային չափանիշներին և կունենան բացառապես հասարակական նշանակություն՝ որպես նվեր մայրաքաղաքին, երևանցիներին և հատկապես երեխաներին։
Խաղահրապարակները կտեղակայվեն Օղակաձև զբոսայգու 6-րդ հատվածում (շուրջ 2000 քմ), Խաչքարերի պուրակում (մոտ 800 քմ) և Միսաք Մանուշյանի անվան պուրակում (շուրջ 675 քմ)։ Դրանք նախատեսված են տարբեր տարիքային խմբերի՝ 0-3, 3-7 և 7-12 տարեկան երեխաների համար։
Խաղահրապարակները կունենան ինչպես միջազգային ստանդարտներին համապատասխան և եվրոպական առաջատար քաղաքներում կիրառվող խաղային տարրեր, այնպես էլ՝ հատուկ այս նախագծերի համար մշակված, կոնցեպտուալ խաղային սարքավորումներ։ Յուրաքանչյուր խաղահրապարակ ձևավորվել է ըստ առանձին թեմատիկ սցենարների՝ հիմնված հայկական խորհրդանիշների վրա, ինչպիսիք են հայկական գորգը, կենաց ծառը և կարմրախայտ ձուկը։
Պետրոս Պետոյանը նշեց, որ նախագծման ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել ներառականությանը։ Խաղահրապարակները հասանելի կլինեն նաև հաշմանդամություն կամ սահմանափակ շարժունակություն ունեցող երեխաների համար՝ ապահովելով հարմարավետ մուտք և ելք, ինչպես նաև խաղային տարրեր, որոնք հասանելի են բոլոր երեխաների համար՝ անկախ ֆիզիկական կամ զարգացման առանձնահատկություններից։ Միջավայրը լիովին անվտանգ է, իսկ խաղային սցենարները նպաստում են բոլոր երեխաների ինտեգրմանն ու զարգացմանը։
Հատուկ շեշտադրում է դրվել նախագծման շրջակա միջավայրին համապատասխանեցմանը։ Կանաչապատ տարածքների պահպանումը եղել է առանցքային առաջնահերթություններից մեկը։ Նախագծումը իրականացվել է՝ հիմք ընդունելով գեոդեզիական չափագրությունները, քաղաքաշինական նորմերն ու սեյսմիկ անվտանգության բոլոր պահանջները։ Կարևորվել է այն հանգամանքը, որ որևէ ծառ չի կտրվելու, իսկ խաղահրապարակները ներդաշնակորեն կհամակցվեն առկա բնական միջավայրին՝ պահպանելով կանաչ գոտիների ամբողջականությունն ու էկոհամակարգը։
«Կերոն» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Վանանե Արարքցյանը հավելեց, որ նախագծման փուլում իրականացվել են մի շարք ֆոկուս խմբեր՝ մայրիկների, հայրիկների, համայնքի ներկայացուցիչների և ինֆլուենսերների մասնակցությամբ։ Նրանց բարձրաձայնած կարիքներն ու առաջարկությունները ներառվել են նախագծման մեջ։ Մասնավորապես կարևորվել են ծնողների հանգստի գոտիների, խմելու ջրի, ստվերային հատվածների, լուսավորության և անվտանգության ապահովման հարցերը։
Նախագծերը իրականացվում են բնապահպանական սկզբունքներին համապատասխան։ Անվտանգության համար նախատեսված հատվածներում օգտագործվելու է ռետինե ծածկույթ, որը պատրաստվելու է 100% վերամշակված նյութերից։ Օգտագործվող նյութերի մեծ մասը բնական կամ վերամշակված է, իսկ խաղային տարրերի ավելի քան կեսը պատրաստված է բնական փայտից։ Աղբի տարանջատման համակարգը պարտադիր կլինի բոլոր խաղահրապարակներում։
Նախագծման և իրականացման գործընթացում ներգրավված են ոլորտում փորձառու գործընկերներ, որոնք ունեն հանրային տարածքների և խաղահրապարակների նախագծման ու իրականացման լայն փորձ։ Նախագծերը մշակվել են միջազգային լավագույն փորձի հիման վրա, սակայն ամբողջությամբ տեղայնացվել են՝ հաշվի առնելով հայկական միջավայրի առանձնահատկությունները։
Մամուլի ասուլիսից հետո Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի մասնակցությամբ կայացավ շրջայց խաղահրապարակների երկու վայրերում՝ Օղակաձև այգու 6-րդ հատվածում և Միսաք Մանուշյանի պուրակում, որտեղ «Կերոն» զարգացման հիմնադրամն ու Կենտրոն վարչական շրջանը ներկայացրին խաղահրապարակների տեսլականն ու մանրամասները։