Երևանն Ամանորին ընդառաջ ձեռք բերեց եւս մեկ նոր անվճար հանրային խաղահրապարակ

Դեկտեմբերի 14-ին Խաչքարերի պուրակում՝ Հանրապետության հրապարակի հարևանությամբ, տեղի ունեցավ Երևանի նոր հանրային խաղահրապարակի՝ «Վիշապագորգ․ Կենաց ծառի հիշողությունը» նախագծի պաշտոնական բացման արարողությունը։

«Կերոն» զարգացման հիմնադրամը և Երևանի Կենտրոն վարչական շրջանը դեռևս մայիսին, հուշագրի ստորագրմամբ, հայտարարեցին Երևանում երեք նոր հանրային խաղահրապարակների ստեղծման ծրագրի մեկնարկի մասին։ Ծրագրի առաջին խաղահրապարակը՝ «Կարմրախայտ․ թաքնված գետի գաղտնիքները», պաշտոնապես շահագործման հանձնվեց սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Հանրապետության անկախության օրը։

«Վիշապագորգ»-ը ծրագրի երկրորդ խաղահրապարակն է։ 800 քմ մակերեսով այս գերժամանակակից, անվճար և ներառական խաղային տարածքը կառուցվել է միջազգային չափանիշներին համապատասխան և նախատեսված է 0–7 տարեկան երեխաների համար։ Խաղահրապարակի գաղափարական հիմքում հայկական ավանդական գորգագործության նախշերն ու խորհրդանիշներն են՝ տարածքը վերածելով երևակայության, խաղի և մշակութային հիշողության յուրօրինակ միաձուլման։

Խաղահրապարակը կյանքի է կոչվել Երևանի Կենտրոն վարչական շրջանի, «Կերոն» զարգացման հիմնադրամի և նախագծի գործընկեր «Արմբրոկ» ներդրումային ընկերության համագործակցությամբ՝ որպես քաղաքային միջավայրի բարելավման և տարածքային զարգացման ուղղությամբ ևս մեկ կարևոր քայլ։

Բացման արարողության ժամանակ ողջույնի խոսքով հանդես եկավ Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանը. «Այսօր շատ ուրախալի օր է Երևանի համար։ Մենք մեծապես կարևորում ենք նման խաղահրապարակների ստեղծումը, որոնք ունեն որակյալ լուծումներ և ամենակարևորը՝ նախատեսված են տարբեր տարիքային խմբերի ու հնարավորությունների տեր երեխաների համար։ Շնորհակալություն եմ հայտնում մեր գործընկեր «Կերոն» հիմնադրամին ինչպես այս, այնպես էլ մյուս իրականացվող ծրագրերի համար։ Ուրախ եմ նաև, որ այս նախագծի շրջանակում մեզ միացել է «Արմբրոկ» ընկերությունը»։

«Կերոն» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Վանանե Արարքցյանն իր խոսքում ընդգծեց․
«Շնորհավորում եմ բոլորիս։ Այսօր մենք ունենք երկրորդ հանրային, անվճար, ներառական և ժամանակակից խաղահրապարակը։ Այն փաստը, որ ամիսներ առաջ բացված առաջին՝ «Կարմրախայտ» խաղահրապարակն արդեն իսկ շատ է սիրվել երեխաների կողմից, վկայում է, որ մենք ճիշտ ուղի ենք ընտրել։ Շնորհակալություն եմ հայտնում Երևանի քաղաքապետարանին՝ ի դեմս Կենտրոն վարչական շրջանի, որ նախկին ավտոկայանատեղին վերադարձվեց այգուն և այսօր այս տարածքում մենք երեխաների համար ստեղծվել ենք նոր խաղահրապարակ։ Հատուկ շնորհակալություն նաև «Արմբրոկ» ներդրումային ընկերությանը՝ այս նախաձեռնությանը միանալու և աջակցելու համար։ Վստահ եմ, որ նման նախաձեռնությունները կունենան շղթայական և վարակիչ ազդեցություն։ Շնորհակալ եմ նաև մեր դիզայներներին, ճարտարապետներին ու շինարարներին, ովքեր անդադար աշխատել են, որպեսզի Ամանորին ընդառաջ երեխաները ունենան այս խաղահրապարակը։ Մեզ մնում է միայն խնամքով ու սիրով վերաբերվել այս տարածքին, որպեսզի այն երկար տարիներ ծառայի մեր փոքրիկներին»։

«Արմբրոկ» ներդրումային ընկերության տնօրեն Արամ Կայֆաջյանն իր հերթին նշեց․
«Շնորհակալություն, որ այսօր այստեղ եք։ Երբ մեկ ամիս առաջ մեր ցանկությունները գրեցինք և տեղադրեցինք այս խաղահրապարակի հիմքում, ես ցանկացա, որ Հայաստանի բոլոր խաղահրապարակները լինեն վերակառուցված ու գեղեցիկ։ Հուսով եմ, այդ ցանկությունը կիրականանա։ Միանում եմ գործընկերներիս խոսքերին և վստահ եմ, որ այս խաղահրապարակը երջանկություն ու ուրախություն կպարգևի բոլոր երեխաներին։ Կարծում եմ՝ սա կլինի նաև շղթայական օրինակ, և մասնավոր ընկերությունները կմիանան նման նախաձեռնություններին»։

Տոնական օրը ուղեկցվեց ջերմ և ուրախ մթնոլորտով․ երեխաներին սպասվում էին տաք հյուրասիրություն, վարպետաց դասեր, հանդիպում Կաղանդ պապիկի հետ և տոնական նվերներ։ Խաղահրապարակի բացումն իսկական ամանորյա նվեր դարձավ փոքրիկների համար։