Երևանում բացվեց հանրային ամենամեծ խաղահրապարակը

Սեպտեմբերի 21-ին` Հայաստանի Հանրապետության անկախության օրը, Օղակաձև զբոսայգու 6-րդ հատվածում պաշտոնապես բացվեց Երևանի հանրային ամենամեծ, ներառական, անվճար խաղահրապարակը: 

«Կերոն» զարգացման հիմնադրամը և Կենտրոն վարչական շրջանը մայիս ամսին հուշագրի ստորագրմամբ հայտարարեցին Երևանում երեք նոր հանրային խաղահրապարակների ստեղծման ծրագրի մեկնարկի մասին։  

«Կարմրախայտ․ թաքնված գետի գաղտնիքները» խաղահրապարակը առաջինն է ծրագրում, տեղակայված է Օղակաձև այգու 6-րդ հատվածում` Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարեւանությամբ, զբաղեցնում է 2000 քմ տարածք, նախագծված է 0-12 տարիքային երեք խմբերի համար՝ անկախ նրանց ֆիզիկական կարողություններից: 

Խաղահրապարակը թեմատիկորեն ձևավորված է որպես երևակայական ջրային աշխարհ՝ ալիքներով, ձկներով և կղզիներով։ Դրա կենտրոնում տեղադրված է Հայաստանի գետային ձկներից մեկի՝ կարմրախայտի խաղային կառույցը, որն ալիքաձև կախովի ցանցերի հետ միասին ձևավորում է շուրջ 27 մետրանոց խաղային համալիր, որտեղ երեխաները կարող են մագլցել, սահել և խաղալ թե՛ միայնակ, թե՛ խմբերով։  Խաղահրապարակն առաջարկում է խաղի բազմազան տեսակներ. արկածային խաղեր՝ մագլցման ցանցերի և թունելների միջոցով,  բնական նյութերի հիմքով զգայական և շոշափելի խաղեր, սահարաններ և այլն: 

«Կարմրախայտ» խաղահրապարակը նախագծված է այնպես, որ յուրաքանչյուր երեխա գտնի իր տարիքին և զարգացման փուլին համապատասխան հետաքրքիր խաղային տարր։ Խաղահրապարակն ունի ինչպես միջազգային ստանդարտներին համապատասխան և եվրոպական առաջադեմ քաղաքներում արդեն շահագործվող խաղային տարրեր՝ ճոճանակներ ու սահարաններ, աշխարհի առաջատար արտադրողներից, այնպես էլ հատուկ պատվերով Երեւանի համար ստեղծված խաղային սարքավորումներ։ 

Խաղահրապարակը նախագծելիս հաշվի են առնվել ծնողների, հարակից տարածքների բնակիչների կարծիքները. այդ նպատակով իրականացվել են ֆոկուս խմբեր և քննարկումներ։ Բարձրաձայնված դիտարկումները ներառվել են նախագծման փուլում։ 

Խաղահրապարակում ծնողների հարմարավետության համար նախատեսված են տեխնիկապես հագեցված նստարաններ, որոնցից ապահովվում է խաղահրապարակի ամբողջ տարածքի տեսանելիությունը:  

Խաղահրապարակը նախագծված է՝ հաշվի առնելով երեխաների անվտանգությունն ու բնապահպանական բարձր ստանդարտները: Տարածքի հիմնական գոտիներում օգտագործվել են փափուկ խճաքարային և ռետինե ծածկույթներ, իսկ խաղային տարրերի ավելի քան 50%-ը պատրաստված է բնական փայտից և օգտագործված նյութերի 40 տոկոսը վերամշակված է, որոնցից մի մասը՝ հավաքված օվկիանոսներից։ Նախագծման առաջնահերթություններից է եղել նաև առկա կանաչապատ տարածքի լիարժեք պահպանումը եւ նոր կանաչապատ գոտիների ստեղծումը: 

Նախագծի մշակման, իրականացման և վերահսկողության գործընթացում ներգրավված են ոլորտում տարիների փորձ ունեցող միջազգային և տեղական կազմակերպություններ։ 

Այս խաղահրապարակը ոչ միայն երեխաների խաղի տարածք է, այլև մտածված միջավայր՝ զարգացնելու նրանց երևակայությունը, շարժողական հմտությունները և շփումը: