
Էլինա Ավանեսյանն ու Ալինա Չարաևան Ծաղկաձորում հանդես եկան հատուկ ցուցադրական խաղով
Սեպտեմբերի 5-ին Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում «Կերոն» զարգացման հիմնադրամի և Հայաստանի թենիսի ֆեդերացիայի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հատուկ ցուցադրական խաղ Էլինա Ավանեսյանի և Ալինա Չարաևայի մասնակցությամբ։
Առաջին անգամ Հայաստանում մեկ կորտում հանդիպեցին միջազգային բարձր վարկանիշ ունեցող երկու թենիսիստուհիներ։ Ցուցադրական խաղը բացառիկ հնարավորություն էր մարզասերների համար մոտիկից հետևելու պրոֆեսիոնալ թենիսի խաղին, զգալու մեծ սպորտի էներգիան և ականատես լինելու հայկական թենիսի համար խորհրդանշական իրադարձության։
Երկու երիտասարդ հեռանկարային մարզիկները ներկայացնում են Հայաստանը միջազգային մրցաշարերում՝ նպաստելով մեր երկրի առավել տեսանելի և մրցունակ ներկայությանը։
Ցուցադրական խաղից հետո երեկոն շարունակվեց թենիսի կորտում կազմակերպված գալա ընթրիքով, որին ներկա էին Էլինա Ավանեսյանը, Ալինա Չարաևան, «Կերոն» զարգացման հիմնադրամի գործընկերները, հյուրեր և թենիսի համայնքի ներկայացուցիչներ։
Հյուրերը հնարավորություն ունեցան օթյակից հետևելու ցուցադրական խաղին, իսկ այնուհետև միանալու ընթրիքին՝ գեղեցիկ ձևավորմամբ, առանձնահատուկ մթնոլորտով և անմիջական շփման հնարավորությամբ։ Ջերմ և մտերմիկ միջավայրում Էլինան և Ալինան կիսվեցին իրենց մարզական ճանապարհի, հաղթանակների, մարտահրավերների և Հայաստանի հետ կապի մասին պատմություններով։ Երեկոյի ընթացքում եղան նաև հաճելի անակնկալներ։
Էլինա Ավանեսյանի և Ալինա Չարաևայի մասնակցությամբ ցուցադրական խաղն ու դրան հաջորդած գալա ընթրիքը դարձան ոչ միայն սպորտային, այլև համայնքային կարևոր իրադարձություն՝ ևս մեկ քայլ հայկական թենիսի հանրայնացման և միջազգային փորձ ունեցող մարզիկների ու հայ հանրության միջև կապի ամրապնդման ճանապարհին։












