
«Կերոն» զարգացման հիմնադրամը՝ Արամ Խաչատրյանի միջազգային փառատոնի բացման միջոցառմանը
Հոկտեմբերի 20-ին, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ Խաչատրյանի անվան միջազգային 13-րդ երաժշտական փառատոնի բացմանն ընդառաջ անցկացվող փակ երեկույթը։ Միջոցառումը կազմակերպվել էր «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի կողմից։
Երեկոյի ընթացքում ներկայացվեց փառատոնի ծրագիրը, ինչպես նաև անդրադարձ կատարվեց մասնավորիև մշակույթի համագործակցության կարևորությանը՝ որպես մշակութային կյանքի զարգացման և երկարաժամկետ բարեփոխումների իրականացման գրավական։
Այդ թեմայի շրջանակում ընթացող պանելային քննարկմանը մասնակցեց նաև «Կերոն» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Վանանե Արարքցյանը՝ անդրադառնալով հիմնադրամի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համագործակցությանն իր առաջնային նախաձեռնության՝ «Տաղանդների ֆոնդ» ծրագրի շրջանակում։
Այս համագործակցությունն ուղղված է արտասահմանցի բարձր որակավորում ունեցող երաժիշտների և արվեստի կառավարման մասնագետների Հայաստան հրավիրելուն և նրանց մասնագիտական ներուժը երաժշտական ոլորտի զարգացմանը ծառայեցնելուն։
«Տաղանդների ֆոնդ» ծրագրի շնորհիվ արդեն Հայաստան են տեղափոխվել չորս պրոֆեսիոնալ երաժիշտներ և մեկ գեղարվեստական բաժնի ղեկավար: Բացի նվագախմբի կազմում հանդես գալուց, նրանք նաև դասավանդում են հանրակրթական երաժշտական դպրոցներում և մասնագիտական դասընթացներ են անցկացնում շնորհաշատ աշակերտների հետ՝ կիսվելով իրենց գիտելիքներով և փորձով։
«Կերոն» զարգացման հիմնադրամը, որի ռազմավարական ուղղություններից մեկը մշակույթն է, այսպիսով, մեծ ներդրում է ունենում Հայաստանում երաժշտական կրթության որակի բարձրացման և մշակութային ոլորտի զարգացման գործում։











