
«Կերոն» զարգացման հիմնադրամը «Այբ» կրթական հիմնադրամի հետ համագործակցությամբ կիրականացնի «ԱյբPRO» նախագծային ուսուցման ծրագիրը Դիլիջանի ավագ դպրոցում
«Կերոն» զարգացման հիմնադրամը և Դիլիջանի համայնքապետարանը հուլիսի 21-ին ստորագրեցին համագործակցության հուշագիր՝ Դիլիջանի հանրակրթական ավագ դպրոցում «ԱյբՊՐՈ» նախագծային ուսումնառության ծրագիրը մեկնարկելու նպատակով։
«ԱյբՊՐՈ»-ն կրթական նորարարական մոդել է, որը հիմնված է «սովորել անելով» սկզբունքի վրա և միաժամանակ խթանում է աշակերտների հմտությունների զարգացումը և խորացնում առարկայական գիտելիքները։
Ծրագիրը 2015 թվականից հաջողությամբ իրականացվում է Երևանի «Այբ» դպրոցում և այժմ «Կերոն» հիմնադրամի նախաձեռնությամբ հասանելի կդառնա նաև Դիլիջանի ավագ դպրոցի աշակերտներին։
Հուշագրի ստորագրումը կարևոր քայլ է Դիլիջանի համայնքի զարգացման և նորարարական կրթության տարածման ուղղությամբ։ Ծրագիրը նպատակ ունի դպրոցականներին զինել 21-րդ դարի կարևորագույն հմտություններով, այդ թվում՝ քննադատական մտածողություն, թիմային աշխատանք, հաղորդակցման հմտություններ, նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում։
Ծրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծել 3 նախագծային ակումբներ, որոնցից յուրաքանչյուրում կընդգրկվի 8-15 աշակերտ։ Ակումբավար-մենթորների աջակցությամբ աշակերտները կկազմեն նախագծեր և կիրականացնեն դրանք՝ լուծելով համայնքի իրական խնդիրները։
«Այս համագործակցությունը Դիլիջանի համար կարևոր նշանակություն ունի։ Մենք ուրախ ենք, որ մեր դպրոցականները հնարավորություն կունենան մասնակցելու նման ծրագրի, որը նրանց կզինի ապագայի համար կարևոր հմտություններով և կխթանի համայնքի զարգացումը», — նշեց Դիլիջանի համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը։
«Մեզ համար «ԱյբՊՐՈ»-ի Դիլիջան բերելը Հայաստանի կրթական միջավայրի զարգացմանն ուղղված կարևորագույն քայլերից է։ Մենք հավատում ենք, որ նորարարական կրթական մոդելները կարող են ձևավորել նախաձեռնող և պատասխանատու նոր սերունդ, որն իր ուժերը կներդնի համայնքի և երկրի առաջընթացի համար»,- ավելացրեց «Կերոն» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Վանանե Արարքցյանը:
Որպես պիլոտային նախաձեռնություն՝ «ԱյբՊՐՈ»-ն Դիլիջանում կդառնա կրթական նոր մշակույթի ձևավորման սկիզբ, որը հետագայում կարող է ընդլայնվել նաև Հայաստանի այլ համայնքային դպրոցներում։