
«Կերոն» զարգացման հիմնադրամը մասնակցեց Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովին
Օգոստոսի 5-ից 7-ը Երևանում տեղի ունեցավ Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովը՝ հագեցած տարբեր միջոցառումներով, պանելային քննարկումներով, հատուկ բանախոսություններով և երիտասարդների համար կազմակերպված արվեստների և արհեստների վարպետության դասընթացներով:
Համաժողովը համախմբել էր սփյուռքից և Հայաստանից շուրջ 800 երիտասարդ մասնակիցների 55 երկրից՝ քննարկելու համահայկական օրակարգի կարևոր հարցերը և խթանելու Հայաստան-սփյուռք համագործակցությունը։
Համաժողովի երկրորդ օրը Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդես եկավ ողջույնի խոսքով և հատուկ ելույթով, որից հետո ցուցադրվեց հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանի հատուկ տեսաուղերձը, որում երիտասարդ թենիսիստուհին դիմեց համաժողովի մասնակիցներին՝ ոգեշնչելով նրանց հավատալ իրենց ուժերին, հետևել երազանքներին և երբեք չհրաժարվել նպատակներից։
«Կերոն» զարգացման հիմնադրամը մասնակցեց համաժողովին՝ միանալով երկրորդ օրվա «Մասնագիտական ներգրավվածության
հնարավորությունները Հայաստանում» թեմայով կլոր սեղան-քննարկմանը, որի ընթացքում համաժողովի գործընկեր կազմակերպությունները հանդիպեցին սփյուռքի երիտասարդությանը և ներկայացրին ներուժի ակտիվացման հնարավորությունները Հայաստանում։
Միաժամանակ, այգու տարածքում «Կերոն» հիմնադրամը ներկայացել էր տաղավարով, որտեղ համաժողովի մասնակիցները հնարավորություն ունեին ծանոթանալու հիմնադրամի հիմնական նախաձեռնությանը՝ «Տաղանդների ֆոնդ» ծրագրին, և համապատասխանության դեպքում լրացնելու հայտադիմումը։ Տաղավարում առաջարկվում էին նաև հետաքրքիր գործողություններ, հյուրասիրություն, ինչպես նաև հիմնադրամի թիմի հետ անմիջական շփման հնարավորություն։
Այս համաժողովը նոր հնարավորություններ է բացում Հայաստան-սփյուռք համագործակցության համար՝ միավորելով մարդկանց, գաղափարներն ու ապագայի ծրագրերը մեկ վայրում։