«Կերոն» զարգացման հիմնադրամի տարեվերջյան միջոցառումը՝ նոր նախագծի մեկնարկով և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հատուկ համերգով
«Կերոն» զարգացման հիմնադրամը դեկտեմբերի 20-ի կեսգիշերին վերափոխել էր Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանը՝ համադրելով անզուգական երաժշտության, լուսային էֆեկտների և տոնական տրամադրության շունչը: Հիմնադրամն իր գործընկերների, աջակիցների և հյուրերի հետ միասին ամփոփեց տարին՝ ներկայացնելով իր 9 ամիսների գործունեության կարևորագույն ձեռքբերումները, արժեքավոր համագործակցությունները և ապագա պլանները: Հանդիսավոր միջոցառման պատվավոր հյուրերի շարքում էին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանը և այլ հարգարժան անձինք:
Երեկոյի ամենահիշարժան մասը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի անզուգական ելույթն էր հատուկ ամանորյա ծրագրով, որն անակնկալ դարձավ բոլոր հյուրերի համար՝ պարգևելով անմոռանալի պահեր:
Միջոցառման վայրի ընտրությունը կապված էր հիմնադրամի նոր՝ «Երաժշտական մետրո» նախագծի հետ, որի մասին հայտարարվեց երեկոյի ընթացքում: Նախագիծը իրականացվելու է հիմնադրամի և Երևանի մետրոպոլիտենի հետ համատեղ 2025թ.-ի հունվարից մինչև մարտ ամիսները: Այդ ընթացքում ամեն շաբաթ մետրոյի «Երիտասարդական» կայարանում տեղի են ունենալու փոքր ֆորմատի ելույթներ տարբեր երաժիշտների մասնակցությամբ: Այս նախաձեռնությունը ոչ միայն նպատակ ունի բարձրացնելու հանրային տարածքների գրավչությունը, այլև ակտիվացնելու մետրոյի առօրյան երաժշտության միջոցով և աշխուժացնելու քաղաքի մշակութային կյանքը՝ միևնույն ժամանակ տրամադրելով անվճար հարթակ տաղանդավոր երաժիշտների համար և ստեղծելով կենսունակ մթնոլորտ: Նման ֆորմատի համերգներ իրականացվել էին հիմնադրամի կողմից այս ամռան ամիսներին Կասկադում ամեն ուրբաթ երեկո և բավականին սիրվել էին երևանցիների կողմից:
«Կերոն» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Վանանե Արարքցյանն իր ողջույնի խոսքում, նշեց. «Շնորհակալություն այս ուշ ժամին և միջոցառման համար անսովոր վայրում մեզ հետ գտնվելու համար: Այսօր Ձեզ հրավիրել ենք այստեղ երեք առիթով: Առաջինը՝ ամփոփել հինադրամի առաջին ամիսների գործունեությունը, որի մասին խնդրել ենք խոսել մեր իսկ գործընկերներին: Երկրորդը՝ հայտարարել մետրոպոլիտենի հետ մեր նոր փոքրիկ նախագծի մեկնարկի մասին: Նշեմ, որ մետրոպոլիտենի հետ քննարկման փուլում են ևս մի քանի նախագիծ, որոնց հաստատման դեպքում կտեղեկացնենք բոլորիդ: Եվ երրորդը՝ վայելել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տոնական ելույթը»:
Ամփոփելով հիմնադրամի առաջին ամիսների գործունեությունը՝ հյուրերին ներկայացվեց տեսահոլովակ, որտեղ հիմնադրամի գործընկերները հենց իրենց խոսքով պատմում էին իրականացված ու ընթացիկ ծրագրերի և հիմնադրամի ձեռքբերումների մասին: Տեսահոլովակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նշեց, որ «Կերոն» հիմնադրամը դարձել է նախարարության գործընկերն այս տարվա ամենակարևոր նախագծերում՝ մասնավորապես առանձնացնելով տարվա մշակութային իրադարձություն դարձած Անահիտ աստվածուհու արձանի ցուցադրությունը, սպորտի ոլորտում համագործակցությունը, որի շնորհիվ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը սկսեց հանդես գալ ՀՀ դրոշի ներքո, և նաև համագործակցությունն ուսումնական հաստատությունների հետ՝ հատկապես նշելով Երևանի պետական բժշկական համալսարանի գրադարանի ամբողջական վերափոխման նախաձեռնությունը:
Այս յուրօրինակ երեկոն ոչ միայն նշեց հիմնադրամի ձեռքբերումներն, այլև նոր հիմք դրեց ապագայի համար՝ շարունակելով իրականացնել հիմնադրամի առաքելությունը, որն է՝ նպաստել Հայաստանում փոխակերպող փոփոխությունների իրականացմանը։