«Կերոն» հիմնադրամը Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովում
Հոկտեմբերի 5–6-ը Երևանում առաջին անգամ անցկացվեց «Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը, որը մեկ հարթակում համախմբեց պետական կառավարման, բիզնեսի, ներդրումային, կրթական և մշակութային ոլորտների ներկայացուցիչների՝ հայ-բրիտանական համագործակցության նոր հնարավորությունները քննարկելու և զարգացնելու նպատակով։
«Կերոն» զարգացման հիմնադրամը ևս մասնակցեց համաժողովին՝ հատուկ շեշտադրելով մշակութային համագործակցության և մշակութային դիվանագիտության ներուժը։
Հոկտեմբերի 5-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կայացած բացման հատուկ Գալա համերգից հետո համաժողովի հյուրերը հյուրընկալվեցին Կերոնի «Վերնատուն»։ Երեկոյի ընթացքում հյուրերը բացահայտեցին Աֆրիկյանների պատմական տան պատմությունն ու ճարտարապետական ժառանգությունը, ծանոթացան «Վերնատան» գաղափարին և միջավայրին, ինչպես նաև հնարավորություն ունեցան ավելի անմիջական ու ոչ ֆորմալ մթնոլորտում շարունակելու օրվա ընթացքում սկսված զրույցները, նոր կապեր հաստատելու և մտքեր փոխանակելու։
Հոկտեմբերի 6-ին «Կերոն»-ի գործադիր տնօրեն Վանանե Արարքցյանը վարեց «Մշակութային կամուրջ․ ժառանգություն, երաժշտություն և մշակութային դիվանագիտություն» խորագրով պանելային քննարկումը։
Քննարկմանը մասնակցեցին՝
- Մարիոս Պապադոպուլոս MBE — Օքսֆորդի ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադիր և երաժշտական ղեկավար, դիրիժոր և դաշնակահար,
- Թոմաս Հարիսոն — Դասական հետազոտությունների ինստիտուտ, Բրիտանական թանգարանի Հունաստանի և Հռոմի բաժնի ղեկավար,
- Էդվարդ Գիբս — Sotheby’s-ի Մերձավոր Արևելքի և Հնդկաստանի ուղղության նախագահ,
- Մայքլ Էրդման — Բրիտանական գրադարանի Ասիայի և Աֆրիկայի հավաքածուների ղեկավար,
- Դավիթ Պողոսյան — Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն։
Քննարկման առանցքում էր մշակույթի ներուժը՝ Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև երկարաժամկետ վստահություն, փոխըմբռնում և ինստիտուցիոնալ կապեր ձևավորելու գործում։
Բանախոսները քննարկեցին, թե ինչպես կարող են ժառանգությունը, թանգարաններն ու հավաքածուները, երաժշտությունը, մշակութային փոխանակումները և միջազգային համագործակցությունը դառնալ երկու երկրների միջև ավելի ամուր կապերի հիմք, ինչպես նաև՝ ինչպես կարելի է առանձին հաջողված նախաձեռնություններից անցնել երկարաժամկետ գործընկերությունների։
Քննարկման ընթացքում անդրադարձ եղավ նաև հայ-բրիտանական մշակութային համագործակցության արդեն ձևավորված փորձին և այն նոր հնարավորություններին, որոնք կարող են շարունակություն ստանալ ապագայում։
Մշակույթը կարող է լինել ոչ միայն պատմությունը պահպանելու, այլև նոր կապեր, վստահություն և ապագայի գործընկերություններ ստեղծելու միջոց։