«Կերոն» հիմնադրամը և Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը ստորագրեցին համագործակցության հուշագիր

Մարտի 4-ին «Կերոն» զարգացման հիմնադրամի և Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր, որի շրջանակներում «Կերոն» հիմնադրամի «Տաղանդների ֆոնդ» նախագծին միացավ երիտասարդ տաղանդաշատ բեմադրիչ Մհեր Զաքարյանը.  

Նա կհամագործակցի Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի հետ՝ իր փորձով նպաստելով ոլորտի զարգացմանը։ Համագործակցության շրջանակում նա կզարգացնի ռեժիսուրայի բաժնի դասավանդման մեթոդաբանությունը, կապահովի հեռակա ռեժիսուրայի բաժնի գործունեությունը, ինչպես նաև, հանդիսանալով երիտասարդական թատրոնի գեղարվեստական ղեկավար, կկազմակերպի նորարարական բեմադրություններ։ 

 Մհերը ներգրավված է եղել մոսկովյան մի շարք թատրոնների ներկայացումներում և մասնակցություն է ցուցաբերել բազմաթիվ միջազգային աշխատարանների վարպետաց դասերին:  

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Սառա Նալբանդյանը այսպես ընգծեց հուշագրի ստորագրման կարևորությունը.«Կերոն» հիմնադրամն այն եզակի կառույցներից է, որը Հայաստանում իրականացնում է ոչ թե մասնակի փոփոխություններ, այլ նպատակ ունի համակարգային կերպով վերափոխել արվեստի ոլորտը, և արդեն իսկ տեսանելի են այդ աշխատանքի արդյունքները։ Հիմնադրամի շնորհիվ այսօր Հայաստանում են գտնվում մասնագետներ, որոնք իրենց գիտելիքով ու փորձով կարող են շոշափելի փոփոխություններ բերել տարբեր ոլորտներում։ Համոզված եմ, որ այս համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի և կունենա շարունակական զարգացում››:  

«Տաղանդների ֆոնդ» նախագիծը «Կերոն» զարգացման հիմնադրամի առանցքային ծրագիրն է, որի հիմնական նպատակն է աշխարհի տարբեր երկրներից հիմնադրամի որդեգրած ռազմավարական հինգ ոլորտներից՝ կրթություն, մշակույթ, սպորտ, առողջապահություն և տարածքային զարգացում, բարձր որակավորում ունեցող մասնագետներ ներգրավել Հայաստանի զարգացման գործում:   Խոսելով «Տաղանդների ֆոնդ» նախագծի կարևորության մասին՝ «Կերոն» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Վանանե Արարքցյանը նշեց. «Տաղանդների ֆոնդ» նախագիծը նպատակ ունի Հայաստան բերել միջազգային փորձ ունեցող մասնագետների, ովքեր պատրաստ են իրենց գիտելիքն ու փորձը ներդնել մեր երկրի զարգացման մեջ։ Մենք հավատում ենք, որ նման համագործակցությունները ոչ միայն նպաստում են մասնագիտական միջավայրի զարգացմանը, այլև ստեղծում են երկարաժամկետ արժեք»։