«Կերոն» հիմնադրամը և Նորայր Մուշեղյանի անվան ըմբշամարտի դպրոցը սկսում են համագործակցություն

Հունիսի 5-ին «Կերոն» զարգացման հիմնադրամը և Նորայր Մուշեղյանի անվան ըմբշամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցը  ստորագրեցին համագործակցության հուշագիր:  Հայաստանի անկախությունից ի վեր, ըմբշամարտը դարձել է երկրի ամենահաջողակ օլիմպիական մարզաձևը։ Հայաստանի 18 օլիմպիական մեդալներից 9-ը նվաճվել են ըմբշամարտում։ Այն ունի խորը պատմական արմատներ և շարունակական հաջողություններ միջազգային հարթակներում։ 

Այս մարզադպրոցը, որը հիմնադրվել է 1960-ականներին լեգենդար ըմբիշ Նորայր Մուշեղյանի կողմից, հանդիսանում է Հայաստանի ամենահին և առաջատար ըմբշամարտի դպրոցներից մեկը։ Այս դպրոցից են սկսել իրենց ուղին Եվրոպայի ու աշխարհի առաջնությունների մեդալակիրներ: Վերջին տարիներին այստեղից են դուրս եկել բազմաթիվ տիտղոսակիր մարզիկներ, այդ թվում՝ Վիգեն Նազարյանը, Սուրեն Աղաջանյանը և Կարեն Ասլանյանը։ 

2022 թվականին «Կերոն» զարգացման հիմնադրամի հիմնադիրների նախաձեռնությամբ իրականացվեց դպրոցի հիմնանորոգումը, ինչի շնորհիվ այսօր այն համապատասխանում է միջազգային չափանիշներին։ Տեղադրվել են ժամանակակից ջեռուցման և հովացման համակարգեր, բարձրակարգ օդորակիչներ, գերժամանակակից մարզասարքեր և ըմբշամարտի որակյալ գորգեր։ Վերանորոգվել են հանդերձարաններն ու լոգասենյակները, կառուցվել է նաև  շոգեբաղնիք։ 

Այսօր մարզադպրոցը ոչ միայն նոր տեսք ունի, այլև նոր նպատակներ։ «Կերոն» զարգացման հիմնադրամի համար սպորտը հինգ ռազմավարական ուղղություններից մեկն է: Սպորտի զարգացմանն ուղղված նախաձեռնություններից մեկն էլ այսուհետ լինելու է դպրոցին աջակցելը և դպրոցի սաներին ու երիտասարդ ըմբիշներին խրախուսելը իրենց հաղթանակների և ձեռքբերումների համար։   

Այս մարզադպրոցը շարունակում է մնալ հայկական ըմբշամարտի հիմնական կրթօջախներից մեկը։ Վերջին տարիներին Հայաստանի հավաքականի անդամների կեսից ավելին հենց այս դպրոցից են։ Ապացույցը պարզ է. դպրոցն ունի ոչ միայն փառավոր անցյալ, այլև լուսավոր ապագա։