«Կերոն» հիմնադրամի երկու նախագծեր`MUSE Design մրցանակաբաշխության 2025 թվականի Ոսկե հաղթողներ

«Կարմրախայտ» խաղահրապարակը և «Սարյանի աստիճաններ» նախագծերը ճանաչվել են MUSE Design մրցանակաբաշխության 2025 թվականի Ոսկե հաղթողներ: MUSE Design Awards 2025 մրցանակաբաշխությունը, որը կազմակերպվում է International Awards Associate (IAA) կազմակերպության կողմից, իր 10-րդ հոբելյանին ընդառաջ հրապարակել է  այս տարվա մրցույթի արդյունքները։

MUSE Design Awards մրցանակաբաշխությունը միավորում է դիզայնի ոլորտի առաջատարներին տարբեր բնագավառներից՝ արժևորելով ամենանորարար և ազդեցիկ նախագծերը, որոնք ձևավորում են ստեղծարարության և դիզայնի ապագան։ Մրցույթը համաշխարհային հարթակ է, որի շնորհիվ ճանաչելի են դառնում գաղափարներ, որոնք ոգեշնչում են և սահմանում նոր չափանիշներ։ Այս տարի մրցույթին ներկայացվել է ավելի քան 13,000 հայտ, որոնցից ընտրվել են հաղթողներն իրենց նորարարական մոտեցմամբ, վարպետությամբ և ազդեցությամբ՝ ներկայացնելով դիզայնի և ստեղծարարության լավագույն օրինակները։

Կենտրոն վարչական շրջանի, «Կերոն» զարգացման հիմնադրամի և «Մանե Թայլս» ընկերության համագործակցությամբ ստեղծված «Սարյանի աստիճաններ» նախագիծը ոսկե մրցանակ է ստացել «Քաղաքային դիզայն» անվանակարգում, իսկ Կենտրոն վարչական շրջանի և «Կերոն»-ի համագործակցությամբ ստեղծված «Կարմրախայտ» խաղահրապարակը՝ «Ճարտարապետական դիզայն» անվանակարգում։Այս ճանաչումն ընդգծում է նախագծերի գաղափարի եզակիությունը, իրագործման բարձր մակարդակը և դրանց երկարատև ազդեցությունը հանրային միջավայրի վրա։

Մրցույթի ժյուրին բաղկացած էր ավելի քան 100 հեղինակավոր մասնագետներից՝ 30 երկրներից, որոնք ապահովել են բազմակողմանի և արդար գնահատում։ Գնահատման գործընթացը իրականացվել է փակ ձևաչափով՝ երաշխավորելով անաչառություն և օբյեկտիվություն։ Ժյուրիի կազմում էին ստեղծարար և դիզայնի ոլորտի առաջատար ընկերությունների ղեկավարներ, հիմնադիրներ և մենեջերներ, այդ թվում՝ ներկայացուցիչներ Meta և Bloomberg կազմակերպություններից։

Այս տարվա մրցույթին մասնակցել են նաև համաշխարհային ճանաչում ունեցող բրենդեր և գործակալություններ՝ MGM Grand Paradise, MINISO, MUJI, Hilton, Warner Bros. Discovery — Courageous Studios և այլն՝ ևս մեկ անգամ հաստատելով, որ MUSE Design Awards մրցանակաբաշխությունը համաշխարհային նշանակության հարթակ է՝ գնահատելու այն նախագծերը, որոնք ձևավորում են մեզ շրջապատող միջավայրը և ապագան։