Կրթության դերի քննարկումը «ԴիջիԹեք 2025»-ի շրջանակում

«Կերոն» զարգացման հիմնադրամի  գործադիր տնօրեն Վանանե Արարքցյանը մասնակցեց Հայաստանի տեխնոլոգիական համայնքի ամենասպասված միջոցառումներից մեկի՝ «ԴիջիԹեք 2025»-ի շրջանակներում կայացած «EdTech Talks by Armath» կոնֆերանսի պանելային քննարկմանը։

«Դիպլոմի ֆաբրիկա՞, թե՞ տաղանդի կենտրոն․ ի՞նչ նպատակ ունի ֆորմալ կրթությունը և լուծում է արդյոք աշխատաշուկայի խնդիրը» թեմայով պանելային քննարկումը տեղի ունեցավ հոկտեմբերի 12-ին Մերիդիան էքսպո կենտրոնում։

«Արմաթ»-ի կողմից կազմակերպված այս կրթական կոնֆերանսի բանախոսների շարքում էին նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ծրագրերի վարչության պետ Հայկ Ենգիբարյանը, գործարար կառավարման մագիստրոսական ծրագրի ղեկավար, բիզնես հաղորդակցության և բիզնես ռազմավարության դասախոս

Սերգեյ Թանթուշյանը, դասախոս, կրթության փորձագետ

Սերոբ Խաչատրյանը և համակարգային ծրագրավորման և CAST հետազոտական կենտրոնի ղեկավար Սևակ Սարգսյանը

Պանելը վարել է Լևոն Թադևոսյանը՝ Technological Education Foundation-ի գործադիր տնօրենը և Armenian Code Academy-ի զարգացման գծով տնօրենը։

Քննարկման ընթացքում ՀՀ-ում գործող տարբեր կրթական ծրագրերի և ոչ ֆորմալ հաստատությունների ղեկավարները հնարավորություն են ունեցել կիսվելու իրենց տեսլականով և փորձով՝ շեշտելով կրթական ոլորտի կարևորագույն մարտահրավերները և լուծումները։

Իր ելույթում Վանանե Արարքցյանը շեշտեց, որ ֆորմալ կրթության հիմնական մարտահրավերը աշխատաշուկայի արագ փոփոխվող պահանջներին համապատասխան մասնագետներ պատրաստելն է։ Նա ներկայացրեց հիմնադրամի առանցքային նախաձեռնությունը՝ «Տաղանդների ֆոնդ» ծրագիրը, որն ինչ-որ չափով կոչված է լրացնելու այս բացը՝ աշխարհի տարբեր ծայրերից

բարձր որակավորում ունեցող մասնագետներին հրավիրելով Հայաստան՝ այստեղ ապրելու, աշխատելու և իրենց փորձով կիսվելու նպատակով:  Արդյունքում, մասնագետներ ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Էստոնիայից և Իսպանիայից արդեն իսկ տեղափոխվել են Հայաստան և իրենց ներդրումն են ունենում մեր երկրի տարբեր ոլորտների զարգացման գործում։