
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և «Կերոն» զարգացման հիմնադրամը ստորագրեցին համագործակցության հուշագիր
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և «Կերոն» զարգացման հիմնադրամը հունիսի 19-ին, ‹‹Արամ Խաչատրյան›› համերգասրահի տանիքում ստորագրեցին համագործակցության հուշագիր, որի շրջանակում «Կերոն» հիմնադրամի «Տաղանդների ֆոնդ» ծրագրով Հայաստան կհրավիրվեն բարձր որակավորում ունեցող մասնագետներ՝ մեր երկրում երկարաժամկետ ապրելու, նվագախմբի կազմում աշխատելու և իրենց փորձով ոլորտի զարգացմանը նպաստելու նպատակով:
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Նորայր Նազարյանը հուշագրի ստորագրման ընթացում նշեց. ‹‹Այսօրինակ նախաձեռնությունները շատ կարևոր են ոչ միայն նվագախմբի, այլ նաև Հայաստանի Հանրապետության համար: Այս քայլով շարունակվում են կյանքի կոչվել այն ծրագրերը, որնք իրենց մեջ կրում են գաղափար և արժեք, որոնք պետք է շարունակական լինեն: Նախևառաջ, իմ շնորհակալություն եմ հայտնում «Կերոն» զարգացման հիմնադրամին, վստահ եմ՝ այն ինչ նախատեսել ենք առաջիկա հինգ տարվա համար, հաջողությամբ կիրականացնենք, և հանրությունը դրա ականատեսը կլինի: Երաժիշտները, որոնք հրավիրվելու են արտասահմանից, կլրացնեն նվագախմբի թափուր հաստիքները: Մենք մեր հերթին կհոգանք, որ նրանք իրենց փորձն ու հմտությունները փոխանցեն հայ երիտասարդ երաժիշտներին, ովքեր կլրացնեն թե Ֆիլհարմոնիկի երաժիշտների շարքերը, թե, առհասարակ, կբարձրացնեն Հայաստանում կատարողական արվեստի մակարդակը՝ հանրահռչակելով աղջ աշխարհում››:
«Տաղանդների ֆոնդ» նախագիծը «Կերոն» զարգացման հիմնադրամի առաջնային ծրագրերից է, որի հիմնական նպատակն է աշխարհի տարբեր երկրներից հիմնադրամի որդեգրած ռազմավարական հինգ ոլորտներից՝ կրթություն, մշակույթ, սպորտ, առողջապահություն և տարածքային զարգացում, բարձր որակավորում ունեցող մասնագետներ ներգրավել Հայաստանի զարգացման գործում:
Հայաստան հրավիրելով արհեստավարժ մասնագետների՝ հիմնադրամը նպատակ ունի ձևավորել մասնագետների համայնք, ովքեր ընտրում են Հայաստանը որպես ապրելու, աշխատելու և ստեղծագործելու վայր:
«Կերոն» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Վանանե Արարքցյանը հավելեց. «Մեկ տարվա պատմություն ունենալով՝ հիմնադրամն իր հինգ ռազմավարական ուղղություններով որդեգրել է մեր երկրում միջավայր փոխելու քաղաքականություն։ Ուղղություններից մեկն արվեստն ու մշակույթն է, և մեզ համար մեծ պատիվ ու պատասխանատվություն է համագործակցել մեկ դարից ավել պատմություն ունեցող այնպիսի կառույցների հետ, որոնք ոչ միայն արժեք են ստեղծում մեր երկրի ներսում, այլև նպաստում են Հայաստանի հանրահռչակմանը արտերկրում։ Հուսով եմ և վստահ, որ մեր համագործակցությունն իսկապես կլինի նպաստավոր մեր երկրի համար, և տարիներ անց մենք կվայելենք դրա արդյունքը»։
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, շնորհավորելով «Կերոն» զարգացման հիմնադրամին և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբին հիանալի համագործակցության սկիզբ դնելու կապակցությամբ, նշեց. «Սա պետություն-մասնավոր համագործակցության ևս մեկ հաջողված և արդյունավետ քայլ է, որն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայության տակ գտնվող ՊՈԱԿ-ի և մեր բարեկամ հիմնադրամի միջև: Այստեղ խորքային մեծ խնդիրներ լուծելու կամք ու ցանկություն կա, այն է՝ մեր երկրում մարդկային կապիտալի զարգացման ու ամրապնդման գործընթացի ապահովումը, որի տեսլականը կիսում են պետությունը և «Կերոն» հիմնադրամը: Շատ ուրախ ենք, որ այս համագործակցության սկիզբը դրվում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակի տարում: Ինչպես պարոն Նազարյանը նշեց իր խոսքում, ցանկանում ենք, որ հաջորդ 100-ամյակում նվագախումբը լինի էլ ավելի բարձրակարգ, էլ ավելի դիմակայուն բոլոր այն գործընթացներին, որոնք տեղի են ունենում Հայաստանում և ողջ աշխարհում: Շնորհալություն նվագախմբին, մեր սիրելի մաեստրո Թոփչյանին և հիմնադրամին մեր հասարակությանն այս նվերը պարգևելու համար, քանի որ գործ ունենք մարդկային ռեսուրսի զարգացման, որակի ապահովման ու զարգացման հետ, որը ծառայելու է մեր հասարակությանը: Հիանալի է, որ հուշագիրը ստորագրվում է մեր երկրի գլխավոր դահլիճներից մեկի՝ ‹‹Արամ Խաչատրյան›› համերգասրահի տանիքում. պետության օրակարգում է նման կառույցները դարձնել էլ ավելի գրավիչ ու հյուրընկալ երաժշտասեր հանրության և մայրաքաղաքի հյուրերի համար: Շնորհավորում եմ և մաղթում հաջող համագործակցություն, կարծում եմ, մենք դեռ շատ անելիքներ ունենք միասին»:
Եզրափակելով հանդիպումը՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը նշեց. ‹‹Իհարկե, նվագախմբի կատարողական որակն այժմ բավականին բարձր մակարդակի վրա է, բայց մենք միշտ ձգտում ենք ավելիին: Հիմա պետք է կրթության ակունքներին վերադառնամ: Մինչև 2000-2005 թվականները Հայաստանում եղել է շատ ուժեղ լարային դպրոց, ինչի շնորհիվ նվագախմբերի լարային կազմերը, ցանկության դեպքում, լավ են նվագել: Փողային դպրոցը միշտ զիջել է լարային դպրոցին։ Մենք տարիների ընթացքում, կամաց-կամաց փորձել ենք դա ստեղծել, քանի որ ցանկացել ենք աշխարհի նվագախմբերի հետ, չեմ ուզում ասել մրցունակ լինել. այստեղ կյանքն ուրիշ է, բայց գոնե նույն ուղղությամբ քայլել և նույն դաշտում հայտնվել:
Հիմա մենք խիստ կարիք ունենք 5 մենակատար-երաժիշտների՝ պիկոլո ֆլեյտա, ֆագոտ, գալարափող, շեփոր և տրոմբոն: Նրանց առկայության դեպքում, նվագախմբի կատարողական մակարդակը էլ ավելի կբարձրանա, նրանք անպայման կդասավանդեն երիտասարդներին և առաջիկա տարիներին մենք Հայաստանում կունենանք շատ լավ փողային երաժիշտներ։
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը 2013թ.-ից սկսած շուրջ 29 բարձր մասնագիտական որակներ ունեցող երաժիշտների է հրավիրել նվագախմբի կազմում երակարաժամկետ, ինչպես նաև առանձին ծրագրերով հանդես գալու նպատակով: Վերջիններս հիմնականում փայտյա և պղնձափողային գործիքներ նվագող երաժիշտներ են եղել, որոնք իրենց աշխատանքով ոչ միայն նպաստել են նվագախմբի կատարողական որակի բարձրացմանը, այլ նաև դասավանդելով, կրթել են մասնգետների սերունդ, որոնցից շատերն արդեն հանդես են գալիս Հայաստանի մի շարք նվագախմբերում: Այս կարևոր գործն անհնար կլիներ շարունակել առանց «Կերոն» զարգացման հիմնադրամի աջակցության, ինչի շնորհիվ նվագախումբը կհամալրվի ևս հինգ բարձրակարգ փողային երաժիշտներով: