Հայաստանն առաջին անգամ կներկայանա Վերոնայի Շեքսպիրյան Ֆրինջ փառատոնում

Վերոնայի Շեքսպիրյան Ֆրինջ փառատոնը միջազգային հարթակ է, որը ստեղծվել է Վերոնայում՝ Ուիլյամ Շեքսպիրի պիեսների և պոեզիայի շուրջ նոր ստեղծագործական երկխոսություն ձևավորելու նպատակով։ 

Այս հեղինակավոր փառատոնը ստեղծվել է որպես բազմալեզու և միջմշակութային հարթակ՝ միավորելու աշխարհի տարբեր երկրներից ժամանած արվեստագետներին, հետազոտողներին և թատերական խմբերին՝ Շեքսպիրի ստեղծագործությունները նոր ձևերով վերաիմաստավորելու համար։ Փառատոնը Վերոնայի մշակութային կարևորագույն ծրագրերից մեկն է:

Այս տարի փառատոնի պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը կներկայանա Վերոնայում Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացմամբ։ Ներկայացման պրեմիերան Վերոնայի Շեքսպիրյան Ֆրինջ փառատոնում նախատեսված է հուլիսի 23-ին։ Իսկ Հայաստանում ներկայացման փակ նախադիտումը տեղի ունենավ մայիսի 24-ին։

Ներկայացման բեմադրիչը Ջոն Բլոնդելլն է՝ «Կերոն» զարգացման հիմնադրամի «Տաղանդների ֆոնդ» ծրագրի մասնակիցը։ Հիմնադրամի հետ համագործակցության արդյունքում ամերիկացի բեմադրիչը տեղափոխվել է Հայաստան և այսօր աշխատում է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում՝ իր փորձն ու ստեղծագործական մոտեցումները ներդնելով հայկական թատերական միջավայրում։ Նրա մասնագիտական կենսագրությունը ներառում է ավելի քան 110 ներկայացում, որոնք ներկայացվել և սիրվել են ԱՄՆում, Եվրոպայում և Ասիայում։

«Ռոմեո և Ջուլիետ»-ի այս բեմադրության առանձնահատկություններից է կանանց կենտրոնական դերը․ Կապուլետների և Մոնտեգյուների ընտանիքները ներկայացված են մայրիշխանական կառուցվածքով: 

Բեմանկարչությունը և զգեստների ձևավորումը իրականացրել է Մակեդոնիայից հրավիրված արվեստագետ Բլագոյ Միցևսկին՝ ընտրելով ժամանակակից և բազմաոճ գեղարվեստական լուծում։

Ներկայացումը ներառում է ժամանակակից բեմական խաղաոճեր և ստեղծում է աշխարհի մեծագույն ողբերգություններից մեկի ներկայացման անսպասելի և անմիջական ձև։

Հայաստանի մասնակցությունը Վերոնայի Շեքսպիրյան Ֆրինջ փառատոնում կարևոր քայլ է հայկական թատրոնի միջազգային ներկայության ամրապնդման ճանապարհին։ Այն ոչ միայն հնարավորություն է ներկայացնելու հայկական թատերական արվեստը եվրոպական հեղինակավոր մշակութային հարթակում, այլև ընդգծում է այն արժեքը, որը կարող է ստեղծվել միջազգային փորձի, տեղական թատերական ավանդույթի և ստեղծագործական համագործակցության միաձուլման արդյունքում։