Հայտարարվում է «ԱյբՊՐՈ» նախագծային ուսումնառության ծրագրի ակումբավարների բաց մրցույթ

«Կերոն» զարգացման հիմնադրամը, համագործակցելով «Այբ» կրթական հիմնադրամի և Դիլիջանի համայնքապետարանի հետ, նախատեսում է իրականացնել «ԱյբՊՐՈ» նախագծային ուսումնառության ծրագիրը Դիլիջանի ավագ դպրոցում։ 

«ԱյբՊՐՈ»-ն նախագծային ուսուցման նորարարական մոդել է, որը հիմնված է «սովորել անելով» սկզբունքի վրա։ Այն օգնում է աշակերտներին ձեռք բերել նոր հմտություններ, բացահայտել իրենց հետաքրքրությունները և նույնիսկ կողմնորոշվել ապագա մասնագիտության հարցում։ Ծրագիրը ներդրվել է «Այբ» դպրոցում 2015 թվականին և մինչ օրս հաջողությամբ իրականացվում է Երևանում։ «Կերոն» զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ այն կդառնա հասանելի նաև Դիլիջանի ավագ դպրոցի աշակերտներին՝ հնարավորություն տալով նրանց ձեռք բերել ինչպես ակադեմիական, այնպես էլ անձնային ու համագործակցային հմտություններ։   

Այս ծրագրի իրականացման համար հայտարարվում է ակումբավարների բաց մրցույթ, որին կարող են մասնակցել նորարարական ու հետաքրքիր գաղափարներ և ծրագրերի իրականացման փորձ ունեցող արհեստավարժ մասնագետներ անկախ ոլորտից, ովքեր պատրաստ են աշխատել դպրոցականների հետ և ցանկանում են իրենց փորձը ներդնել մարզերում երեխաների կրթության գործում։ 

Ընտրված ակումբավարները Դիլիջանի ավագ դպրոցի 11-12-րդ դասարանի աշակերտների հետ կյանքի են կոչելու նախագծեր, որոնք կլուծեն համայնքային արդիական կարևոր խնդիրներ՝ տալով նրանց գիտելիք ու փորձ՝ ձևավորելով «ԱյբՊՐՈ» նոր ակումբ և դառնալով դրա ակումբավար։ 

 

Անհրաժեշտ հմտություններ՝ 

— բանավոր հաղորդակցում,  

— ժամանակի ճիշտ կառավարում, 

— կազմակերպչական ունակություններ, 

— վերլուծական մտածելակերպ, 

— նախագծային ակումբի ղեկավարման հմտություն, 

-առաջադրանքների ձևակերպում և դրանց կատարման ընթացքի վերահսկողություն, 

— աշակերտներին մոտիվացնելու կարողություն։ 

  

Դասավանդման կամ ակումբների վարման փորձը ցանկալի է։ 

 Բոլոր ցանկացողները կարող են իրենց ինքնակենսագրականը (CV), նախագծերի պորտֆոլիոն (ցանկալի է) ուղարկել AybPro@keronfoundation.am էլ. hասցեին: 

  Դիմումների ընդունման վերջնաժամկետը՝ օգոստոսի 5: 

 

Գրին Ռոք հիմնադրամը հանդիսանում է Green Rock ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ուղղությունը և իրականացնում է կրթական, մշակութային և բնապահպանական ծրագրեր ներդրումների և ռազմավարական համագործակցությունների միջոցով:Հիմնադրամն աջակցում է կրթական ծրագրի իրականացմանը՝ նպատակ ունենալով խթանել համայնքի կրթական, սոցիալական և տնտեսական առաջընթացը։