«Հայ գյուտարարները» խաղահրապարակի հիմքում տեղադրվեց ուղերձներով սրվակ

Միսաք Մանուշյանի անվան պուրակում կառուցվող «Հայ գյուտարարները․ գիտությունը ներսից դուրս» խորագրով հանրային խաղահրապարակի շինարարական աշխատանքներն ակտիվ ընթացքի մեջ են։

Մարտի 20-ին նախագիծն իրականացնող կողմերի մասնակցությամբ տեղի ունեցավ խորհրդանշական արարողություն՝ տեղադրվեց ժամանակի սրվակ։ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանը, «Կերոն» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Վանանե Արարքցյանը և «ՓԵՅՓՐ ՍԹՈՐԻ» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Կարինա Այվազովան գրեցին իրենց ցանկությունները և ուղերձները, որոնք տեղադրվելով սրվակի մեջ՝ դրվեցին ապագա խաղահրապարակի հիմքում։

«Հայ գյուտարարները․ գիտությունը ներսից դուրս» խաղահրապարակը ոգեշնչված է հայկական գիտական մտքով և նախատեսված է 3-12 տարեկան երեխաների համար: Այն կձևավորի յուրահատուկ միջավայր, որտեղ խաղը բնականորեն միաձուլվում է ուսումնառությանը։ Այստեղ երեխաները հնարավորություն կունենան քայլ առ քայլ բացահայտելու գիտության աշխարհը երևակայության, շարժման և փորձարկման միջոցով։

Հաշված օրեր են մնացել խաղահրապարակի պաշտոնական բացմանը: