
«Հայ գյուտարարներ` գիտությունը ներսից դուրս». նոր հանրային խաղահրապարակի պաշտոնական բացումը
Մայիսի 4-ին Երևանի Միսաք Մանուշյանի անվան պուրակում տեղի ունեցավ նոր՝ «Հայ գյուտարարներ` գիտությունը ներսից դուրս» խորագրով հանրային խաղահրապարակի պաշտոնական բացման արարողությունը։ Նախագիծն իրականացվում է «Կերոն» զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ, Կենտրոն վարչական շրջանի հետ համատեղ և «Փեյփր» ընկերության աջակցությամբ։
Այս նախագիծը «Կերոն» զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող հանրային խաղահրապարակների ստեղծման նախաձեռնության շարունակությունն է։ Նախորդ երկու խաղահրապարակները՝ «Կարմրախայտ․ թաքնված գետի գաղտնիքները» (Օղակաձև այգու 6-րդ հատված, Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարեւանությամբ) և «Վիշապագորգ․ կենաց ծառի հիշողությունը» (Խաչքարերի պուրակ, Հանրապետության հրապարակի հարևանությամբ) արդեն իսկ ձևավորել են նոր չափանիշներ հանրային խաղային տարածքների զարգացման մեջ՝ միավորելով քաղաքային միջավայրը, մշակութային ժառանգությունը և երեխաների ստեղծարար մտքի զարգացումը։ Նոր խաղահրապարակը ևս ստեղծվել է միջազգային չափանիշներին համապատասխան և հանդիսանում է անվտանգ, ներառական ու ստեղծարար հանրային միջավայր՝ նախատեսված 3–12 տարեկան երեխաների համար։
Մոտ 700 քմ մակերես ունեցող խաղահրապարակն առանձնանում է իր թեմատիկ լուծումներով: Այն ոգեշնչված է հայկական գիտական մտքով և ստեղծված է այնպես, որ երեխաները խաղի միջոցով բացահայտեն գիտության աշխարհը։ Տարածքի կենտրոնական տարրը 6 մետր բարձրությամբ խաղաշտարակն է, որի շուրջ է կառուցված ամբողջ խաղային սցենարը՝ ներառելով ինտերակտիվ տարրեր՝ նվիրված ֆիզիկայի, աստղագիտության և ինժեներիայի կարևոր գաղափարներին։
Խաղահրապարակը բաղկացած է մի քանի թեմատիկ գոտիներից․ հիմնական աշտարակի հատվածում նախատեսված են ցանցեր, սահուղիներ և գիտական պանելներ, որոնք խորհրդանշում են հայտնագործությունն ու նորարարությունը։ Ներկայացված է առանձին գոտի՝ ինտերակտիվ լուծումներով փոքր լաբիրինթով, որը խրախուսում է երեխաների ուսումնասիրողական մոտեցումն ու տրամաբանական մտածողությունը։
Խաղահրապարակը պարունակում է ներառականության տարրեր՝ ապահովելու հավասար հնարավորություններ բոլոր երեխաներին։ Այն միավորում է խաղը և կրթությունը՝ նպաստելով երեխաների ֆիզիկական, սոցիալական ու մտավոր զարգացմանը՝ միաժամանակ նրանց ներկայացնելով գիտության հայ մեծերի ձեռքբերումները։
Բացման արարողության ընթացքում ելույթներով հանդես եկան Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանը, «Կերոն» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Վանանե Արարքցյանը և «Փեյփր սթորի» ընկերության գործադիր տնօրեն Կարինա Այվազովան։
Խաղահրապարակի բացման արարողությանը ներկա էր նաև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, որն իր ողջույնի խոսքում շնորհավորեց բոլորին այս գեղեցիկ խաղահրապարակի բացման կապակցությամբ, շնորհակալություն հայտնեց հիմնադրամին և գործընկերներին և նշեց, որ երեխաների համար անվտանգ և բարենպաստ միջավայր ստեղծելն ամենակարևոր գործառույթներից մեկն է:
Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանը իր խոսքում նշեց․ «Այն երազանքն ու միտքը, որ ունեինք տարիներ առաջ, այսօր իրականություն է դառնում: Ու երբ հետևում ենք այս խաղահրապարակներում խաղացող երեխաների ժպիտներին, հասկանում ենք, որ իրոք ինչ-որ բան ճիշտ ենք արել»։
«Կերոն» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Վանանե Արարքցյանը ընդգծեց. «Բոլորիդ ողջունում եմ մեր երրորդ, վերջին խաղահրապարակի բացմանը: Ինչպես նախորդ երկուսը՝ այս խաղահրապարակը նույնպես իր մեջ պարունակում է ուսուցողական, կրթական տարրեր: Այստեղ երեխաները խաղի միջոցով ակամայից կսովորեն հայ գյուտարարների և աշխարhը փոխած իրենց մեծ գյուտերի մասին: Թվում է, թե փոքր բան ենք անում՝ 700 քմ բարեկարգված տարածք այստեղ, մոտ 1000 քմ՝ հանրապետության հրապարակի հարևանությամբ, 2000 քմ օղակաձև այգում, Երևանի պետական բժշկական համալսարանի գրադարան, պատմական շենքերի վերականգնում միջազգային չափանիշներով, Սարյանի աստիճաններ և այլն: Բայց մենք հավատացած ենք, որ բարեկարգված ու խնամված հանրային տարաքծները, գեղեցիկը, հոգատարությունը, լավագույն չափանիշներով վերափոխված քաղաքը մեզ բոլորիս կփոխի և մեր երեխաներին ավելի զարգացած ու ավելի լայն մտածող կդարձնի»։
«Փեյփր» ընկերության գործադիր տնօրեն Կարինա Այվազովանն իր խոսքում նշեց․ «Շատ շնորհակալ ենք «Կերոն» հիմնադրամին, որ տվեց մեզ հնարավորություն մի մեծ մասը դառնալ այս գեղեցիկ խաղահրապարակի: Մենք «Փեյփր»-ում հավատում ենք, որ անգամ ամենափոքր քայլերը կարող են հանգեցնել մեծ նախաձեռնությունների: Հուսով ենք, որ մեր բալիկները այստեղ կանեն զարգացման այդպիսի փոքր քայլեր, որոնք իրենց ապագայում կբերեն ավելի մեծ բաների»:
Տոնական օրն ուղեկցվեց ջերմ և ուրախ մթնոլորտով․ երեխաների համար կազմակերպվել էին վարպետաց դասեր, գիտական փորձարկումներ, հյուրասիրություն և այլ զվարճանքներ։




















