
Հրանտ Սամուելյանի Արևելյան գրախանութի հազվագյուտ գրքեր և ձեռագրեր աճուրդից գնվել և նվիրաբերվել են «Կերոն» զարգացման հիմնադրամին «Wilco» ընկերության կողմից
Փարիզի Սամուելյան Արևելյան գրախանութի հազվագյուտ և արժեքավոր հավաքածուն, որն արդեն 95 տարի հանդիսանում է Փարիզի հայ համայնքի մշակութային կենտրոնը, 2025 թվականի հունիսի 11-ին աճուրդի էր հանվել:
Հրանտ Սամուելյանի Արևելյան գրախանութը (Librairie Orientale Hrant Samuelian) հիմնադրվել է լրագրող և արևելագետ Հրանտ Սամուելյանի կողմից 1930 թվականին Փարիզի Լատինական թաղամասի կենտրոնում: Նրան հաջողվել էր գնել մեծ գրադարանի սեփականատեր, պոլսահայ Պալենցի հին գրքերի հավաքածուն։ Գրատունը համարվում է աշխարհի ամենաերկար գործող հայկական գրախանութներից մեկը և նշանավոր է իր հազվագյուտ ձեռագրերով, հին գրքերով և արժեքավոր նյութերով, որոնք ներկայացնում են հայկական մշակույթի և պատմության կարևորագույն դրվագներ։ Գրախանութը ղեկավարել են հիմնադիր Հրանտ Սամուելյանը մինչև իր մահը՝ 1977 թվականը, ապա նրա երեխաները՝ Արմեն Սամուելյանը և Ալիս Ասլանյանը։ Սակայն 2016 թվականին գրախանութը փակվել է, իսկ 2025 թվականին Սամուելյանի ժառանգները որոշում են աճուրդի հանել գրախանութում պահպանվող հազվագյուտ գրքերի և ձեռագրերի ամբողջ հավաքածուն, որը մեծ արժեք է ներկայացնում հայկական մշակույթի և պատմության համար։
2025 թվականի հունիսի 11-ին Փարիզի աճուրդում հայտնվեցին այնպիսի արժեքավոր գրքեր և ձեռագրեր, ինչպիսիք են Մաշտոցի ծիսարանները, Գրիգոր Նարեկացու «Նարեկ. Գիրք Աղոթքից» 1782 և 1829 թվականների տպագիր օրինակները, հեքիմարաններ և տարբեր ժողովածուներ, որոնք կարևոր նշանակություն ունեն ինչպես հայ միջնադարյան մշակույթի, այնպես էլ ժողովրդական բժշկության ուսումնասիրության համար։
«Wilco» կապիտալի կառավարման ընկերությանը, որը Հայաստանում գործում է 2002 թվականից հաջողվել է մասնակցել աճուրդին և ձեռք բերել «Սամուելյան» գրախանութի հավաքածուից 17-19րդ դարերի 13 տպագիր գիրք և 5 բացառիկ ձեռագիր։ Դրանց թվում են՝
- “Հայ- Վենետ կամ յառընչութիւնք հայոց և վենետաց” Ղևոնդ Ալիշան, 1896թ, Վենետիկ, Սուրբ Ղազար
- “Պատմութիւն հայոց գաղթականութեան ի Լիվոռնոյ” Մեսրոպ Վարդապետ Ուղուրլեան, 1891թ, Վիեննա, Մխիթարյան տպարան
- “Մխիթար Գոշի “Դատաստանագիրքը” Հայր Վահան Պասմատյան, 1880թ, Էջմիածին
- “Աստվածաշունչ”, 1733թ, Վենետիկ, Անտոնիո Բորդոլիի տպարան
- “Աստվածաշունչ”, 1733թ, Վենետիկ, Անտոնիո Բորդոլիի տպարան
- “Նարեկ. Գիրք Աղոթքից” Գրիգոր Նարեկացի, 1782 թ, Կոստանդնուպոլիս, “Հովհաննես և Պողոս տպարան”
- “Նարեկ. Գիրք Աղոթքից” Գրիգոր Նարեկացի, 1829 թ, Կոստանդնուպոլիս, “Արապյան տպարան”
- “Տոնացույց” 1782 թ, Վենետիկ “Դեմետրիա Թեոդոսիոսի տպարան”
- “Ավետարան” 1805 թ, Կոստանդնուպոլիս, “Արապյան տպարան”
- “Ճանապարհորդություն ի Լեհաստան” Մինաս Բժշկյանց, 1830թ, Վենետիկ, Սուրբ Ղազար
- “Հայք Յեղիսաբեթուպոլիս Դրանսիլուանիոյ. 1680-1779″ Գրիգոր Գովրիկյան, 1893թ, Վիեննա, Մխիթարյան տպարան
- “Հայք Յեղիսաբեթուպոլիս Դրանսիլուանիոյ. 1780-1825″ Գրիգոր Գովրիկյան, 1899թ, Վիեննա, Մխիթարյան տպարան
- “Հայք Յեղիսաբեթուպոլիս Դրանսիլուանիոյ. 1826-1904″ Գրիգոր Գովրիկյան, 1904թ, Վիեննա, Մխիթարյան տպարան
- Մաշտոց, 18-19-րդ դդ. ձեռագրեր
- Մաշտոց, 19-րդ դ. ձեռագրեր
- Ժողովածու, 1672-1676 թթ., 19-րդ դ. ձեռագրեր
- Հեքիմարան, 17-18-րդ դդ. ձեռագրեր
- Գիրք հաքիմարան եւ պիտանի ամենայն ցաւոց, 1798 թ. ձեռագրեր
Ձեռք բերված հազվագյուտ գրքերն ու բացառիկ ձեռագրերը Wilco ընկերությունը փոխանցել է «Կերոն» զարգացման հիմնադրամին՝ որպես վստահելի կառույց, որն իր հիմնական առաքելությանը զուգահեռ իրականացնում է մշակութային ժառանգության պահպանման և հանրահռչակման նախաձեռնություններ։
«Այս հազվագյուտ գրքերն ու ձեռագրերը պատմական հիշողության և ավանդույթի կրողներն են։ Դրանց ձեռքբերումն ու վերադարձը հայկական մշակութային միջավայր մենք դիտարկում ենք որպես ներդրում այդ ժառանգության պահպանման և այն ապագա սերունդներին փոխանցելու գործում։ Կարծում ենք, որ երկրի երկարաժամկետ զարգացումը կապված է ոչ միայն տնտեսության և ներդրումների, այլև մշակութային և մտավոր ժառանգության պահպանման հետ», — նշել է «Wilco» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Իրինա Բելիշևան:
Յուրաքնչյուր նվիրաբերված նմուշ, անկախ իր բովանդակությունից, ստեղծման վայրից և ժամանակից, առանձնակի կարևորություն ունի: Վերը նշված ձեռագրերից երկուսը ծիսարաններ են, որոնք կիրառվել են եկեղեցիներում տարբեր արարողությունների ժամանակ: Իբրև ծիսարաններ՝ Մաշտոցները լավագույնս արտահայտում են ինչպես ծեսի բովանդակությունը, այնպես էլ ժամանակի ընթացքում դրանում կատարված փոփոխությունները, որոնք մի զգալի չափով տեղի են ունեցել այլ եկեղեցիների հետ հարաբերությունների ազդեցությամբ: Այդ իմաստով Մաշտոց ձեռագրերը կարևոր աղբյուր են ինչպես եկեղեցական ծեսի և ծիսական կյանքի, այլ նաև միջեկեղեցական և ներեկեղեցական բազմաշերտ հարաբերությունների ուսումնասիրման համար: Եվ այդ իմաստով յուրաքանչյուր Մաշտոց ծիսամատյան ունի առանձնահատուկ կարևորություն:
Սույն ձեռագրերից հատկապես մեծ արժեք են ներկայացնում հեքիմարանները, որոնք ժողովրդական բժշկության աղբյուրներ են: Այս ձեռագրերը, որպես կանոն, եզակի են, քանի որ յուրաքանչյուր բժիշկ ինքն է կազմել իր մատյանը: Յուրաքանչյուր միավոր ունի իր առանձնակի տեղը միջնադարյան բժշկության տեսանկյունից: Հեքիմարաններն անփոխարինելի նշանակություն են ժողովրդական մշակույթի և դրա տարբեր դրսևորումների, օրինակ՝ առօրեականության պատմության ուսումնասիրման համար, ինչը միջազգային կարևորություն ունեցող և խիստ արդիական թեմատիկ ուղղություն է հումանիտար գիտությունների ոլորտում:
«Մենք անչափ մտահոգ էինք Սամուելյան գրախանութի անգին ժառանգության ճակատագրով և մեզ համար մեծ ուրախություն էր, որ Wilco ընկերությանը հաջողվեց ձեռք բերել բացառիկ գրքերից որոշները և մեզ նվիրաբերել: Մենք ամենայն պատասխանատվությամբ ենք վերաբերվում այս եզակի ձեռագրերի պահպանման ու դրանք ապագա սերունդներին հասանելի դարձնելու գործին և անչափ հպարտ ենք, որ կարող ենք լինել այս կարևոր մշակութային ժառանգության պահապանները»,- նշում է «Կերոն» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Վանանե Արարքցյանը:







