«Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ցուցադրության ամփոփիչ երեկոն  և AZAT MARD ապրանքանիշի հատուկ շապիկի շնորհանդեսը

«Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ցուցադրության ամփոփիչ երեկոն և AZAT MARD ապրանքանիշի հատուկ շապիկի շնորհանդեսը

Հայաստանի պատմության թանգարանում սեպտեմբերից ներկայացված «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» բացառիկ միջազգային ցուցադրությունը, որն իրականացվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, «Կերոն» զարգացման հիմնադրամի հովանավորչությամբ, Մշակույթի զարգացման հիմնադրամի, Հայաստանի պատմության թանգարանի և Բրիտանական թանգարանի համագործակցությամբ, անցել է մոտ 43,000 այցելուների շեմը՝ դառնալով նորանկախ Հայաստանի պատմության ամենահայտնի մշակութային իրադարձություններից մեկը։ Ցուցադրությանը նվիրված ամփոփիչ միջոցառման ընթացքում թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը հատուկ շնորհակալություն հայտնեց հիմնադրամին և բոլոր գործընկերներին: Ընդգծելով ցուցադրության աննախադեպ հաջողությունը, Դավիթ Պողոսյանը հայտարարեց նաև ցուցահանդեսի երկարաձգման մասին մինչև ապրիլի 10-ը:  

Միջոցառմանը նաև ներկա էր ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոն Գալահերը, ում խոսքերով հաջողությամբ անցկացված և մեծ ժողովրդականություն վայելող այս ցուցահանդեսը Հայաստանի ու Մեծ Բրիտանիայի համագործակցության և երկու երկրների հարաբերությունների զարգացման վկայությունն է։ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն իր խոսքում նշեց․ «Մենք ականատես եղանք ոչ միայն այցելուների աննախադեպ թվի, այլև պետական և մասնավոր համագործակցության փայլուն օրինակին։ «Կերոն» հիմնադրամն այս ծրագրում հանդես է եկել ոչ միայն որպես ֆինանսական աջակցող, այլև՝ որպես գաղափարական գործընկեր, որն այս նախաձեռնությանը տվել է միջազգային և ժամանակակից մշակութային բովանդակություն»։ 

Հիմնադրամի գործադիր տնօրեն Վանանե Արարքցյանն իր ելույթում ցուցադրությունը բնորոշեց որպես պատմական՝ թե՛ բովանդակությամբ և թե՛ գրանցված արդյունքներով․ «Մեր հիմնադրամի գործունեության ընդամենը մեկ տարին նշելուց առաջ մեծ հպարտությամբ ենք անդրադառնում Անահիտի ցուցադրությանը՝ որպես մեր հիմնադրամի առաջին մեծ նախագծերից մեկը, որը միջազգային համագործակցության հաջողված օրինակ է»։  Երեկոյի հյուրերին անակնկալ էր սպասվում։ Ներկաները ոչ միայն հնարավորություն ունեցան ևս մեկ անգամ դիտել «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ցուցադրությունը, այլև ականատես եղան AZAT MARD ապրանքանիշի դիզայնով և Բրիտանական թանգարանի հաստատմամբ ստեղծված հատուկ շապիկի շնորհանդեսին՝ ձևավորված Անահիտ աստվածուհու պատկերով:  

Միջազգային ապրանքանիշի հիմնադիր Գարեն Չոբանյանն իր ելույթում նշեց, որ հիմնականում արտադրում է հագուստ՝ ոգեշնչված հայկական մշակույթից, որը փորձում է ներկայացնել ամբողջ աշխարհին։ Երեկոյի ժամանակ Գարեն Չոբանյանը և «Կերոն» հիմնադրամի գործադիր տնօրեն Վանանե Արարքցյանը միասին հայտարարեցին, որ հատուկ շապիկների վաճառքի 25 տոկոսը կուղղվի Երևանի Աբովյան 3 հասցեում գտնվող պատմամշակութային շենքի վերակառուցման աշխատանքներին, որը նույնպես իրականացվում է հիմնադրամի մասնակցությամբ։ 

Միջոցառումը կազմակերպվել էր Հայաստանի պատմության թանգարանի, «Կերոն» զարգացման հիմնադրամի, AZAT MARD ապրանքանիշի, «Զեթ ընդ էյ» ընկերության, Մշակույթի զարգացման հիմնադրամի  և Հայաստանի ազգային պատկերասրահի համագործակցությամբ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։