
Միսաք Մանուշյանի անվան պուրակում մեկնարկում են հանրային խաղահրապարակի կառուցման աշխատանքները
Կերոն» զարգացման հիմնադրամի և «ՓԵՅՓՐ ՍԹՈՐԻ» ընկերության միջև համագործակցության հուշագրի ստորագրմամբ շուտով կմեկնարկեն նոր հանրային խաղահրապարակի կառուցման աշխատանքները, որը տեղակայվելու է Միսաք Մանուշյանի անվան պուրակում։
Սա «Կերոն» զարգացման հիմնադրամի և Կենտրոն վարչական շրջանի հետ համատեղ իրականացվող խաղահրապարակների կառուցման նախաձեռնության երրորդ ծրագիրն է, որն իրականություն կդառնա «ՓԵՅՓՐ ՍԹՈՐԻ» ընկերության աջակցությամբ: Առաջինը՝ «Կարմրախայտ․ թաքնված գետի գաղտնիքները» խաղահրապարակը, շահագործման էր հանձնվել սեպտեմբերի 21-ին Օղակաձև զբոսայգում, իսկ երկրորդը՝ «Վիշապագորգ. կենաց ծառի հիշողությունը»` դեկտեմբերի 14-ին Խաչքարերի պուրակում:
Նախագծի նպատակն է ստեղծել միջազգային ստանդարտներին համապատասխան հանրային, ներառական խաղային տարածք՝ նախատեսված տարբեր տարիքային խմբերի երեխաների համար։
Նոր՝ «Հայ գյուտարարները․ գիտությունը ներսից դուրս» խորագրով խաղահրապարակը ոգեշնչված է հայկական գիտական մտքով և ձևավորում է յուրօրինակ խաղային միջավայր, որտեղ երեխաները ոչ միայն խաղում են, այլ քայլ առ քայլ բացահայտում գիտության աշխարհը՝ երևակայության, շարժման և փորձարկման միջոցով։
Խաղահրապարակի ընդհանուր մակերեսը շուրջ 700 քմ է։ Տարածքի կենտրոնական տարրը 6 մետր բարձրությամբ խաղային աշտարակն է, որի շուրջ զարգանում է ամբողջ խաղային սցենարը՝ ներառելով տարբեր ինտերակտիվ տարրեր, որոնք անդրադառնում են ֆիզիկայի, աստղագիտության և ինժեներիայի կարևոր նվաճումներին։
Խաղահրապարակը նախագծված է 3–12 տարեկան երեխաների համար՝ ապահովելով հարմարավետ, անվտանգ և ստեղծարար միջավայր, ինչպես նաև բազմաֆունկցիոնալ խաղային փորձառություն։
Այն խթանում է երեխաների ֆիզիկական, սոցիալական և մտավոր զարգացումը, իսկ խաղային-կրթական լուծումները երեխաներին ծանոթացնում են նշանավոր հայ գիտնականներին և նրանց ներդրմանը գիտության ոլորտում։
Խաղային գոտիներից յուրաքանչյուրն ունի իր թեմատիկ ուղղվածությունը․ հիմնական աշտարակի գոտին ներառում է ցանցեր, սահուղիներ և գիտական պանելներ, որոնք խորհրդանշում են հայտնագործությունը, նորարարությունն ու առաջընթացը։ Գոտիներից մեկը փոքր լաբիրինթ է՝ ինտերակտիվ տարրերով, որը խրախուսում է տրամաբանական մտածողությունը և ուսումնասիրողական խաղը։
«Շնորհակալ եմ «ՓԵՅՓՐ ՍԹՈՐԻ» ընկերությանը՝ այս նախաձեռնությանը միանալու և մեր տեսլականը կիսելու համար։ Մեր նպատակը միայն խաղահրապարակ կառուցելը չէ․ մենք ստեղծում ենք միջավայր, որտեղ խաղը դառնում է ուսումնառություն, իսկ հանրային տարածքը՝ զարգացման հնարավորություն: Այս խաղահրապարակը երեխաներին կօգնի գիտությանը մոտենալ խաղի և երևակայության միջոցով»,- նշեց «Կերոն» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Վանանե Արարքցյանը։
«Որպես երեք երեխաների մայր և մարդ, ով արդեն չորս տարի է ապրում է Հայաստանում, ինձ համար հատկապես կարևոր է ներդրում ունենալ այն նախաձեռնություններում, որոնք ուղղված են երեխաների զարգացմանն ու որակյալ հանրային միջավայրի ձևավորմանը։ Մենք ուզում ենք մեր մասնակցությամբ աջակցել այնպիսի ծրագրերին, որոնք ստեղծում են անվտանգ, մտածված տարածքներ երեխաների համար և երկարաժամկետ արժեք են ձևավորում քաղաքային կյանքի համար»,— հավելեց «ՓԵՅՓՐ ՍԹՈՐԻ» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Կարինա Այվազովան:
Ժամանակակից խաղահրապարակը լինելու է ներառական՝ ապահովելով հավասար հնարավորություն բոլոր երեխաների համար: Խաղահրապարակի բացումը նախատեսված է գարնանը:







