
«Մուտք Հայաստան»․ «Կերոն» զարգացման հիմնադրամի տարեվերջյան միջոցառումը Զվարթնոց օդանավակայանում
Դեկտեմբերի 19-ի կեսգիշերին Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ժամանումների սրահը վերածվել էր երաժշտությամբ և տոնական տրամադրությամբ ողողված միջավայրի: Կայացավ «Կերոն» զարգացման հիմնադրամի և «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի համատեղ կազմակերպած հատուկ միջոցառումը՝ «Մուտք Հայաստան»։
Միջոցառման վայրի ընտրությունը խորհրդանշական էր. «Զվարթնոց» օդանավակայանը հիմնական մուտքն է Հայաստան բոլորի՝ այդ թվում նաև հիմնադրամի առաջնային նախաձեռնության՝ «Տաղանդների ֆոնդ» ծրագրի մասնակիցների համար, ովքեր հենց այստեղից են սկսում իրենց ճանապարհը Հայաստանում՝ ապրելու, աշխատելու և ստեղծագործելու նպատակով։
Այս յուրօրինակ միջավայրում հայտարարվեց «Կերոն» զարգացման հիմնադրամի արդեն սիրված նախաձեռնության նոր՝ «Երաժշտական օդանավակայան» նախագծի մասին, որն այս անգամ կիրականացվի «Զվարթնոց» օդանավակայանում: Նախագիծը կմեկնարկի 2026 թվականի հունվարից և կներառի ամենշաբաթյա համերգներ օդանավակայանի տարածքում՝ հանրային վայրերում նոր միջավայր ձևավորելու նպատակով:
Միջոցառման շրջանակում ամփոփվեց նաև «Կերոն» հիմնադրամի 2025 թվականը՝ իր գործընկերներին, աջակիցներին և հյուրերին ներկայացնելով 2025 թվականի ընթացքում իրականացված և ընթացիկ ծրագրերը ու ձեռքբերումները։
Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց «Տաղանդների ֆոնդ» նախաձեռնությանը, որի շրջանակում արդեն մեկ տարի է, ինչ հինգ բարձրակարգ մասնագետներ ԱՄՆ-ից, Իսպանիայից, Ֆրանսիայից և Էստոնիայից ապրում է Հայաստանում և աշխատում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կազմում՝ միաժամանակ դասավանդելով պետական երաժշտական դպրոցներում և անցկացնելով վարպետաց դասեր երիտասարդների համար։
Հայտարարվեց նաև, որ 2026 թվականի սկզբին ծրագրին կմիանան ևս հինգ նոր մասնագետներ։
Միջոցառման պաշտոնական հատվածում ողջույնի խոսքով հանդես եկան «Կերոն» զարգացման հիմնադրամի հիմնադիր Մարետա Գևորկյանը և գործադիր տնօրեն Վանանե Արարաքցյանը։ Իր խոսքում Վանանե Արարաքցյանը շեշտեց, որ հիմնադրամի ամենամեծ ձեռքբերումը մարդիկ են՝ նրանք, ովքեր հավատում են հիմնադրամի տեսլականին, կիսում են նույն արժեքները և պատրաստ են շարունակաբար կանգնել այդ գաղափարների կողքին։
Երեկոն եզրափակվեց Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի անակնկալ հատուկ համերգով՝ Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ։
Համերգի ընթացքում բեմ հրավիրվեց նաև «Տաղանդների ֆոնդ» ծրագրի նոր մասնակիցը, ով ծրագրի շրջանակում տեղափոխվել է Հայաստան և արդեն աշխատում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբում:
Միջոցառման ավարտին տեղի ունեցավ հատուկ խաղարկություն, որի արդյունքում երկու հյուրեր ստացան FlyOne Armenia ավիաընկերության երկու տոմս մեկ տարվա ընթացքում իրենց ընտրած ուղղությամբ ճամփորդելու հնարավորությամբ։
Միջոցառմանը ներկա էին մոտ 320 հյուրեր` ներառյալ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ
Դանիել Դանիելյանը, դեսպաններ, և այլ հարգարժան հյուրեր:









































































