
Ներկայացվեց ԵՊԲՀ նոր գրադարանի վերափոխման նախագիծը
Հունիսի 13-ին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում տեղի ունեցավ ԵՊԲՀ գրադարանի վերակառուցման նախագծի հանրային ներկայացումը, որն իրականացվում է «Կերոն» զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ։
Միջոցառմանը ներկա էին և ողջույնի խոսքով հանդես եկան Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Միջոցառման պատվավոր հյուրերի ցանկում էին նաև Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան տիկին Նիլակշի Սահա Սինհան և պետական կառույցների այս ներկայացուցիչներ:
Գրադարանի ներկայիս 600 քմ տարածքն ընդլայնվելու է՝ դառնալով 3000 քմ զբաղեցնող, ամբողջովին նոր, ժամանակակից և ոգեշնչող ուսումնական և հետազոտական միջավայր: Ապագա գրադարանն ունենալու է բաց և փակ դահլիճներ, անհատական և խմբային աշխատասենյակներ, զինված է լինելու նորագույն տեխնոլոգիաներով և ներառելու է հարմարավետ հանգստի գոտիներ՝ ամբողջն ուղղված ուսումնական գործընթացի բարելավմանը:
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը իր խոսքում շնորհակալություն հայտնեց «Կերոն» զարգացման հիմնադրամին և նշեց: «Մենք հավատում ենք, որ գրադարանը պետք է լինի ոչ միայն գրքերի պահոց, այլև գիտելիքի տարածման, նորարար գաղափարների մշակման և ուսանողների համար ոգեշնչման տարածք։ Այս նախագիծը ներդրում է ոչ միայն ԵՊԲՀ-ի, այլ նաև ամբողջ կրթական համակարգի մեջ»։
«Կերոն» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Վանանե Արարքցյանն իր խոսքում նշեց. «Մոտ մեկ տարի առաջ էր, երբ մենք պարոն Մուրադյանի հետ սկսեցինք քննարկել այս նախագիծը: Համաձայնեք, որ որակյալ և մնայուն արժեք ստեղծելու համար ժամանակ է պետք: Մենք շատ կարևորել ենք յուրաքանչյուրիդ կարծիքը և ներդրումն այս գործում: Այդ իսկ պատճառով ձեր առաջարկությունների հիման վրա են տրվել բոլոր ճարտարապետական լուծումները: Ուզում եմ շեշտել, որ մենք մեծ պատասխանատվությամբ ենք վերաբերվում այս նախագծին, որովհետև այն արվում է մարդկանց համար, ում ձեռքերում է բոլորիս առողջությունը»։
Գրադարանի վերակառուցման նախագիծը իրականացվում է միջազգային հեղինակություն վայելող նիդեռլանդական Defesche van den Putte (DVDP) ճարտարապետական ընկերության հետ համագործակցությամբ, որն ունի գրադարանային նախագծերի փորձ մի շարք առաջատար եվրոպական համալսարաններում։ Ընկերության համահիմնադիր և գլխավոր ճարտարապետ Փիթեր Դեֆեշն իր ելույթում մանրամասն ներկայացրեց գրադարանի նախագիծը, ճարտարապետական և տեխնիկական լուծումները, նոր գոտիների գծագրերը և ներկաներին ցույց տվեց ապագա գրադարանի մոդելային տարբերակը:
Նախագծի պաշտոնական ներկայացումից հետո ԵՊԲՀ-ի ռեկտոր Արմեն Մուրադյանի գլխավորությամբ և քաղաքապետի ու նախարարների մասնակցությամբ կատարվեց շրջայց ապագա գրադարանի տարածքով:
Այս նախագիծը միտված է արմատապես վերափոխել համալսարանական գրադարանի դերը՝ այն վերածելով ժամանակակից, բազմաֆունկցիոնալ միջավայրի, որը միավորում է կրթությունը, հետազոտությունը, համագործակցությունն ու հանգիստը մեկ տարածքում։