
Ռուսական արվեստի թանգարանի հոբելյանական ամփոփիչ երեկոն
Ռուսական արվեստի թանգարանի համար 2024 թվականը նշանավորվել է հոբելյանական երկու կարևորագույն իրադարձությամբ` թանգարանի հիմնադիր, խորհրդային բժշկության ականավոր ներկայացուցիչ, պրոֆեսոր Արամ Աբրահամյանի ծննդյան 125 և թանգարանի հիմնադրման 40-ամյա հոբելյանների նշմամբ։
Նոյեմբերի 19-ին թանգարանում տեղի է ունեցել հոբելյանական տարվա ամփոփիչ միջոցառումը: Ներկաներին ողջունեցին Ռուսական արվեստի թանգարանի տնօրեն Մարինե Մկրտչյանը և ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը:
«Ռուսական արվեստի թանգարանի համար տարին հագեցած էր, և թանգարանը պատվով է կատարել իր առաքելությունը։ Այս համատեքստում ուզում եմ առանձնացնել Տրետյակովյան պատկերասրահի հետ իրականացված հոբելյանական ծրագիրը, քանի որ միջազգային համագործակցությանն ուղղված բոլոր նախաձեռնությունները նախարարության ուշադրության կենտրոնում են։ Վստահ եմ, որ նման ծրագրերի միջոցով թանգարանը լուրջ զարգացում է ապրում՝ հանրահռչակելով մեր մշակութային ժառանգությունը միջազգային ասպարեզում»,- նշել է Ալֆրեդ Քոչարյանը և շնորհակալություն հայտնել բոլոր գործընկեր կազմակերպություններին, մասնավորապես՝ «Կերոն» զարգացման հիմնադրամին շարունակական համագործակցության համար՝ նշելով, որ հնարավոր չէր լինի շատ արդյունավետ աշխատել առանց «Կերոն» հիմնադրամի աջակցության։
Հոբելյանական տարվա ընթացքում համատեղ իրականացրած նախագծերի կապակցությամբ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը ԿԳՄՍ նախարարության պատվոգրով պարգևատրել է «Կերոն» հիմնադրամի հիմնադիր Մարիետա Գևորկյանին և մի խումբ այլ աշխատակիցների, գործընկերների:
«Կերոն» զարգացման հիմնադրամի տնօրեն Վանանե Արարքցյանն իր խոսքում նշեց. «Իմանալով, որ թանգարանը երկար տարիներ պլանավորված ցուցադրություն ուներ Տրետյակովյան պատկերասրահում և կանգնել էր ֆինանսական խնդիրների առջև, հիմնադիրների հետ որոշեցինք կանգնել թանգարանի կողքին և իրականացնել այս ծրագիրը: Տրետյակովյան պատկերասրահում կազմակերպված ցուցահանդեսը բաց էր շուրջ երեք ամիս՝ գրավելով տասնյակ հազարավոր այցելուների: Բայց այսքանով չսահմանափակվեցինք՝ որոշելով թանգարանի հետ համագործակցությունն էլ ավելի համապարփակ դարձնել: Մեր աջակցությամբ ամբողջությամբ փոխվեցին թանգարանի ցուցափեղկերը, լուսավորվեցին ու ժամանակակից տեսք ստացան, տպագրվեց պատկերագիրքը, ամբողջ ամառ Կասկադում անցկացվեցին երաժշտական երեկոներ, մանկական զարգացման խմբակներ: Որպես երևանցի, Կասկադում մեծացած աղջիկ՝ ինձ համար այս համագործակցությունը շատ կարևոր է, քանի որ այստեղ ապրելով, հաճախ թանգարան այցելելով՝ փաստում եմ, որ շատերը չգիտեն թանգարանի մասին: Այնպես որ շատ ուրախ եմ, որ մեր աջակցությամբ նպաստուն ենք թանգարանի ճանաչմանը»: Հիմնադրամը թանգարանին նվիրեց ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Ռուդոլֆ Խաչատրյանի «Հայելիով խաղ» կտավը, իսկ Ռուսական արվեստի թանգարանը հիմնադրամին նվիրեց Միխայիլ Վրուբելի «Դևը և հրեշտակը Թամարայի հոգու հետ» կտավի կրկնօրինակը:
Հոբելյանական երեկոն ուղեկցվեց թանգարանի շրջայցով և գեղեցիկ երաժշտական կատարումներով:













