
«Սարյանի աստիճաններ»․ նոր քաղաքային միջավայր Երևանում
Ավարտվել են Սարյանի անվան փողոցի` դեպի կոմպոզիտորների միություն տանող աստիճանների և հարակից տարածքի բարեկարգման և վերափոխման աշխատանքները: Նախագիծն իրականացվել է Կենտրոն վարչական շրջանի, «Կերոն» զարգացման հիմնադրամի և «Մանե Թայլս» ընկերության համագործակցությամբ:
Սեպտեմբերի 29-ին ժամը 18:30-ին տեղի ունեցավ «Սարյանի աստիճանների» բացման արարողությունը: Միջոցառման սկզբում ողջույնի խոսքով հանդես եկան Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանը, «Կերոն» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Վանանե Արարքցյանը և «Մանե Թայլս» ընկերության գործադիր տնօրեն Անժելա Մանուկյանը: Այնուհետև երեք կողմերի ներկայացուցիչները միասին կտրեցին սիմվոլիկ կարմիր ժապավենը, ինչից հետո Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն աստիճանների վրա հանդես եկավ անակնկալ երաժշտական ելույթով՝ ստեղծելով տոնական մթնոլորտ և պարգևելով ներկաներին, հյուրերին և պարզապես անցորդներին անմոռանալի պահեր:
«Սարյանի աստիճաններ» նախագիծը մեկնարկել է 2024 թ.-ի հունիսին՝ նպատակ ունենալով վերափոխել Երևանի այդ հատվածը կենսունակ հանրային տարածքի, որն արտացոլելով Մարտիրոս Սարյանի արվեստի ժառանգությունը դարձել է ևս մեկ բարեկարգված հանրային տարածք քաղաքի բնակիչների և այցելուների համար:
Ի սկզբանե մշակելով «Սարյանի աստիճաններ» նախագծի գաղափարը՝ «Մանե Թայլս» ընկերությունը կյանքի կոչեց յուրահատուկ նախաձեռնություն՝ Մարտիրոս Սարյանի «Հայաստան» կտավի ամբողջական վերարտադրությունը՝ ստեղծված 1620 ձեռագործ կավե սալիկներից։ «Մանե Թայլս»-ի թիմը մշակել է պանոսալիկի հատուկ ֆորմատ, ապահովել արտադրական և տեխնոլոգիական գործընթացները, իրականացրել տեղադրումն ու աստիճաններին ճշգրիտ հարմարեցումը:
«Կերոն» զարգացման հիմնադրամի ջանքերով աստիճանների հարակից մայթը, որը նախկինումօգտագործվում էր որպես ավտոկայանատեղի, ամբողջությամբ վերադարձվել է անցորդներին, տեղադրվել են նոր լուսավորության համակարգեր, աստիճանների բոլոր չորս հարթակների եւ մայթի բազալտե սալիկները ամբողջությամբ փոխվել են, ավելացվել է դեկորատիվ հավելյալ լուսավորություն, թարմացվել են աստիճանների բազրիքները, իրականացվել են կողային սալիկների լազերային փայլեցման աշխատանքներ: Աշխատանքները ներառել են նաև հարակից տարածքի կանաչապատումը և աստիճանների վերին մասի փոքրիկ պուրակի ամբողջական վերանորոգումը։
Այս ամենի արդյունքում «Սարյանի աստիճանները» վերածվել է ժամանակակից, հարմարավետ հանրայինտարածքի, դարձել սիրելի վայր զբոսաշրջիկների և տեղացիների համար և ստեղծել քաղաքային նոր միջավայր, որտեղ կարելի է հանդիպել ընկերներին, հանգստանալ, լուսանկարվել և պարզապես վայելելքաղաքի ռիթմը։
Արարողության ամբողջ ընթացքում «Մանե Թայլս»-ի թիմը հավաքեց Սարյան անվան փողոցի այդ հատվածի խճանկարը, որը կազմված էր հարյուր ձեռագործ կավե սալիկներից, և սիրով նվիրեց այն Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանին։ Միջոցառմանը ներկա էր նաև Մարտիրոս Սարյանի թոռնուհին՝ Ռուզան Սարյանը: