«Վիշապագորգ» խաղահրապարակի հիմքում տեղադրվեց ուղերձներով սրվակ

Խաչքարերի պուրակում կառուցվող «Վիշապագորգ. կենաց ծառի հիշողությունը» խաղահրապարակի շինարարական աշխատանքներն ակտիվ ընթացքի մեջ են:

Նոյեմբերի 11-ին նախագիծն իրականացնող կողմերի մասնակցությամբ  խաղահրապարակում տեղի ունեցավ խորհրդանշական արարողություն. տեղադրվեց ժամանակի սրվակ։

Արարողության ընթացքում Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանը, «Արմբրոկ» ներդրումային ընկերության գլխավոր տնօրեն Արամ Կայֆաջյանը և «Կերոն» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Վանանե Արարքցյանը  գրեցին իրենց ցանկություններն ու ուղերձները, որոնք տեղադրվեցին սրվակի մեջ և դրվեցին խաղահրապարակի հիմքում։

Նոր խաղահրապարակը նախագծված է 0–3 և 3–7 տարիքային խմբերի երեխաների համար՝ ապահովելով հարմարավետ, անվտանգ և ստեղծարար միջավայր։ «Կենաց ծառի հիշողությունը. վիշապագորգ» խորագրով խաղահրապարակի տարածքի ընդհանուր մակերեսը շուրջ 800 քմ է։

Նախագիծը ոգեշնչված է ավանդական հայկական գորգի նախշերից ու խորհրդանիշներից՝ վերածելով խաղային ամբողջ տարածքը ստեղծագործության և երևակայության իրական աշխարհի։

Ժամանակակից խաղահրապարակը լինելու է ներառական՝ ապահովելով հավասար հնարավորություն բոլոր երեխաների համար՝ անկախ նրանց ֆիզիկական կարողություններից։ Այն հնարավորություն կտա երեխաներին զարգացնել իրենց երևակայությունը, շարժողական հմտությունները և շփումը, և կստեղծի ապահով միջավայր, որտեղ ծնողներն ու երեխաները միասին կանցկացնեն որակյալ ժամանց։