
«Կերոն»-ի «Վերնատուն»-ը
Մեծանուն Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը նշանավորվեց Կերոնի «Վերնատան» նախաբացումը՝ վերականգնելով ակումբային մշակույթի ավանդույթը Հայաստանում և իր դռները բացելով նոր սերնդի մտածող, ստեղծարար ու նախաձեռնող մարդկանց առջև։
Վերնատունը գրական ակումբ էր, որը հիմնադրել էր մեծանուն Հովհաննես Թումանյանը 1899 թվականին իր թիֆլիսյան տան վերնահարկում։ Այն հայ մտավորականության լուսավոր փարոսն էր՝ վայր, որտեղ ժամանակի մեծերը հավաքվում էին կիսվելու գաղափարներով, ընթերցելու և զրուցելու հայրենիքի, արվեստի ու գրականության մասին։
Վերնատան հիմնադիր անդամներն էին Հովհաննես Թումանյանը, Ավետիք Իսահակյանը, Լևոն Շանթը, Դերենիկ Դեմիրճյանը և Ղազարոս Աղայանը։ Նրանց հանդիպումները կանոնավոր բնույթ էին կրում՝ մտքեր փոխանակելու, ստեղծագործելու և մշակութային մի ամբողջ դարաշրջան ձևավորելու համար։ Վերնատան անդամներին անվանում էին «վերնականներ», իսկ կին հյուրերին՝ «վերնանուշներ»։
Կերոնի «Վերնատան» ստեղծման ոգեշնչման հիմքում ոչ միայն Թումանյանի Վերնատունն էր, որպես հայ մտավոր կյանքի խորհրդանիշ, այլև ազգային մտածողությունն ու մշակույթը ձևավորած այլ պատմական հավաքույթները։ Տերյան 11 հասցեում գտնվող Աֆրիկյանների ակումբը կառուցվել էր 19-րդ դարի վերջին նշանավոր Աֆրիկյան եղբայրների կողմից: Այստեղ հավաքվում էին արվեստի և հանրային գործիչներ, գործարարներ և հայտնի երևանցիներ: Վերջիններս ակումբում մի գավաթ սուրճի շուրջ քննարկում էին ժամանակի օրակարգային խնդիրներ։ Խորհրդային տարիներին հասարակական-քաղաքական գործունեության սահմանափակումների պայմաններում մի խումբ երիտասարդ մաթեմատիկոսներ ազգային համախմբման ուղիներ էին որոնում, որոնց ամենանշանավոր դրվագներից մեկը 1979–1981 թթ. Ծաղկաձորում անցկացվող մտավորականների ամենամյա հավաքներն էին՝ միավորելով ժամանակի առաջատար մշակութային, գիտական և հոգևոր դեմքերին: Նրանց թվում էին բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանը, քանդակագործներ Արա Շիրազը և Երվանդ Քոչարը, մաթեմատիկոս Սերգեյ Մերգելյանը, ճարտարապետ Արմեն Զարյանը, գրող Սերո Խանզադյանը, ազգագրագետ Հայրիկ Մուրադյանը, Մանկական արվեստի թանգարանի հիմնադիր տնօրեն Հենրիկ Իգիթյանը, հայ մեծանուն երգչուհի Լուսինե Զաքարյանը և այլք:
Եվրոպական սալոնային մշակույթը ևս ենթադրում էր փակ հավաքներ և հանդիպումներ, որտեղ տարբեր միջավայրերի և հասարակության շերտերի ներկայացուցիչներ բաց ու ազատ քննարկում էին արվեստը, գրականությունը, փիլիսոփայությունը, երաժշտությունն ու քաղաքականությունը:
Պատմական ակումբային ոգին այսօր վերածնվում է «Կերոն» հիմնադրամի «Վերնատանը»: Այն տեղակայված է Երևանի եզակի պատմական շենքերից մեկում՝ Պուշկին 38 հասցեում գտնվող Աֆրիկյանների առանձնատան 2-րդ հարկում։ Երևանի առաջին քարաշեն տներից մեկը կառուցվել է 1902 թվականին ճարտարապետ Վասիլի Միրզոյանի կողմից: Այսօր այն ընդգրկված է Երևանի պատմամշակութային հուշարձանների ցանկում։ Առանձնահատուկ արժեք են ներկայացնող նկարազարդ առաստաղները և յուրօրինակ սալիկապատ բուխարիները ստեղծում են յուրահատուկ միջավայր, որը կապում է ժառանգությունն ու ժամանակակից մտավոր կյանքը։
Կերոնի «Վերնատուն»-ը մտավորական ակումբների հայկական ավանդույթի ժամանակակից վերաիմաստավորումն է․ միայն անդամների համար նախատեսված ակումբային տարածք, որը մեկ հարկի տակ կմիավորի մարդկանց, որոնք հավատում են երկխոսության ուժին, ընդհանուր արժեքներին և նպատակային գործողություններին։ Կերոնի «Վերնատուն»-ը համայնք է, որը կհամախմբի նախաձեռնող, նույն արժեքները կիսող և ոչ անտարբեր անհատներին յուրօրինակ փորձառությունների, զրույցների և գաղափարների շուրջ։ Այստեղ մարդկանց միավորում են ոչ թե կոչումները, այլ արժեքները, տեսլականը և ներդրումը։
«Վերնատան» օրակարգը ձևավորվում է հատուկ միջոցառումների, մտերմիկ հանդիպումների և գործընկերների նախաձեռնած գաղափարների շուրջ:
Կկազմակերպվեն բովանդակային տարաբնույթ հանդիպումներ՝ առաջնահերթությունը տալով իմաստալից և որակյալ մասնակցությանը, այլ ոչ թե մասշտաբին։ Ժամանակ առ ժամանակ ոչ միայն առկա, այլև հիբրիդ և առցանց ձևաչափերով միջոցառումները կկապեն «Վերնատան» աշխարհասփյուռ անդամներին: Տարածքի, միջոցառումների և համայնքի հասանելիությունն ամբողջությամբ հնարավոր է տարեկան անդամակցության միջոցով:
Նախաբացման երեկոյի ընթացքում Կերոնի «Վերնատունը» վերականգնված տարածքում ընդունեց տարբեր ոլորտների ներկայացուցիչներին, նախագծի առաջին անդամներին և դեսպաններին։ Ներկայացվեց «Վերնատան» գաղափարախոսությունն ու փիլիսոփայությունը, ինչպես նաև ակումբի առաջին դեսպանները՝ գրող և լրագրող Մարկ Գրիգորյանը, Կալուստ Գյուլբենկյան հիմնադրամի Հայկական համայնքների բաժնի տնօրեն Ռազմիկ Փանոսյանը, «Ամերիա» ընկերությունների խմբի գործընկեր և կառավարման խորհրդատվական ծառայության ղեկավար Տիգրան Ջրբաշյանը, հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը, ինչպես նաև բժիշկ, մանկական հեմատոլոգ-ուռուցքաբան Գևորգ Թամամյանը՝ ԵՊԲՀ-ի Մանկական ուռուցքաբանության և հեմատոլոգիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, Մանկական ուռուցքաբանության միջազգային միության (SIOP) ասիական աշխարհամասային մասնաճյուղի նախագահ։
Միջոցառման ընթացքում մաեստրո Տիգրան Մանսուրյանին շնորհվեց «Վերնատան» պատվավոր դեսպանի կոչումը։ Նա «Վերնատուն» խորագրով հատուկ երաժշտական ստեղծագործություն է գրել, որը երեկոյի ընթացքում հնչեց որպես ակումբի խորհրդանշական «մուտք» և պաշտոնական օրհներգ։ Մաեստրոն «Վերնատանը» նվիրեց ստեղծագործության բնօրինակ ձեռագիրը՝ ընդգծելով նախաձեռնության հիմքում ընկած մշակութային և գեղարվեստական խորությունը։
Փետրվարի 19-ին կայացած նախաբացմամբ Կերոնի «Վերնատունը» խորհրդանշականորեն վերամիավորեց ժամանակակից Հայաստանը իր մտավոր պատմության ամենալուսավոր էջերից մեկի հետ։