Մինչ Կերոնը․ Հիմքի ստեղծումը
Մեր հիմնադիրը` Մարետա Գևորկյանը, մշտապես կարևորում է երիտասարդների կրթությանն ու զարգացմանն ուղղված նախաձեռնությունները։ Նրա համար առաջնային է ստեղծել այնպիսի արժեքներ, որոնք կծառայեն ներկա և ապագա սերունդներին։ Մինչև «Կերոն» հիմնադրամի ստեղծումը տարիների ընթացքում այդ սոցիալական նախաձեռնությունների շրջանակում իրականացվել են մի շարք ծրագրեր՝ նպատակ ունենալով բարելավել Հայաստանի համայնքային ենթակառուցվածքները և ստեղծել որակյալ կրթական ու մշակութային միջավայրեր։
2006
Աշտարակ համայնքի Օշականի թիվ 8 «Անահիտ» մսուր-մանկապարտեզ
2006 թ.-ից սկսած՝ մեր հիմնադիր Մարետա Գևորկյանը թիվ 8 մսուր մանկապարտեզի կողքին է եղել և աջակցել բոլոր հնարավոր ձևերով: 2006 թ-ին սկսվել է մանկապարտեզի շենքային վերանորոգումը, որի արդյունքում մանկապարտեզն ամբողջությամբ կահավորվել է և համալրվել անհրաժեշտ կահույքով և տեխնիկայով:
2017 թ-ին ամբողջությամբ վերանորոգվել է մանկապարտեզի դահլիճը, իսկ 2021թ-ին վերակառուցվել է խաղահրապարակը`դարձնելով երեխաների առօրյան առավել հագեցած և հետաքրքիր:
2022
Դիլիջանի քաղաքային այգու նոր բազմաֆունկցիոնալ մարզահրապարակ
Դիլիջանի այգում նոր մարզահրապարակի կառուցումը հնարավոր դարձավ մեր հիմնադրի աջակցության շնորհիվ՝ Դիլիջանի քաղաքային Կենտրոնական զբոսայգու զարգացման ծրագրի շրջանակներում։
Մարզահամալիրի տարածքում գտնվում է work-out գոտի՝ բացօթյա ուժային մարզասարքերով, ինչպես նաև բազմաֆունկցիոնալ մարզահրապարակ՝ նախատեսված մինի ֆուտբոլի, բասկետբոլի, վոլեյբոլի, թենիսի և այլ մարզաձևերի համար։
Բազմաֆունկցիոնալ բացօթյա մարզահրապարակների կառուցումը առաջին և ամենակարևոր խթանն է մասսայական սպորտի զարգացման և քաղաքներում առողջ ապրելակերպի տարածման համար: Այս համալիրը խթան կհանդիսանա բոլոր տարիքի քաղաքացիների համար՝ սպորտով զբաղվելու և ազատ ժամանակն օգտակար կերպով անցկացնելու համար։
Նորայր Մուշեղյանի անվան մարզադպրոցի հիմնանորոգումը
Մեր հիմնադրի՝ Մարետա Գևորկյանի կողմից իրականացված սոցիալական ծրագրերից է հանդիսանում Նորայր Մուշեղյանի անվան ըմբշամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի հիմնանորոգումը։
Տասնամյակներ շարունակ այս մարզադպրոցը եղել է ուժեղ մարզիկների դարբնոց, սակայն ժամանակի ընթացքում շենքը կորցրել էր իր հնարավորությունները։ Այսօր՝ արմատական վերանորոգումից հետո, դպրոցն ապահովված է ջեռուցման ու հովացման ժամանակակից համակարգերով, օդորակիչներով, լուսավորության համակարգով, բարձրորակ գորգերով, մարզասարքերով և բարեկարգ սանհանգույցներով՝ ստեղծելով հարմարավետ միջավայր հարյուրավոր երեխաների ու երիտասարդ մարզիկների համար։ Վերանորոգվել են մարզադպրոցի հանդերձարանները, լոգասենյակները, կառուցվել է նաև շոգեբաղնիք:
Վերակառուցման արդյունքը ոչ միայն նյութական բարելավում է, այլ նաև նոր ոգեշնչում սաների ու մարզիչների համար։ Այժմ դպրոցը կրկին վերածվել է հզոր կենտրոնի, որտեղ ձեւավորվում են ապագա չեմպիոններ։
Այս նախաձեռնությունը վկայում է հիմնադրի խոր համոզմունքի մասին՝ որ յուրաքանչյուր ներդրում երեխաների կրթության, առողջության և զարգացման մեջ ի վերջո ուժեղացնում է մեր երկիրը։
2023
Քանաքեռի թիվ 84 դպրոցի մարզահրապարակ
Քանաքեռի թիվ 84 դպրոցի հարակից հատվածը նախկինում անտեսված և աղբով ծածկված տարածք էր։ 2022 թվականի նոյեմբերին մեկնարկած վերակառուցման նախաձեռնության արդյունքում այն վերածվեց ժամանակակից մարզահրապարակի՝ ներառելով ֆուտբոլի և բասկետբոլի դաշտեր, ինչպես նաև բացօթյա մարզումների համար նախատեսված տարածք։ Մարզահրապարակի պաշտոնական բացումը տեղի ունեցավ 2023 թվականի ապրիլի 3-ին՝ ապահովելով երեխաների և երիտասարդների համար առողջ ու ակտիվ կենսակերպի նոր հնարավորություններ։
Մարզահրապարակը նվիրվել է 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված, թիվ 84 դպրոցի աշակերտ Էրիկ Եղիազարյանի հիշատակին: Մարզահրապարակի կառուցմանն աջակցել են Revival Armenia հասարակական կազմակերպությունը, Economy of Armenia տելեգրամյան ալիքի հետևորդները և Էրիկի ծնողները: