
Defesche van den Putte ընկերության աշխատանքային այցը Հայաստան
Փետրվարի 6-ից 7-ը նիդերլանդական Defesche van den Putte (DVDP) ընկերության գլխավոր ճարտարապետներ Յեֆ վան դեն Պուտը և Փիթեր Դեֆեշը կրկին այցելեցին Հայաստան՝ մասնակցելու մի շարք աշխատանքային քննարկումների և հանդիպումների։
Առաջին օրն ամբողջությամբ նվիրված էր Երևանի պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) գրադարանի վերակառուցման ծրագրին։ Աշխատանքային հանդիպմանը, որին ներկա էին ԵՊԲՀ-ի և «Կերոն» զարգացման հիմնադրամի ղեկավար կազմերը, ճարտարապետները ներկայացրեցին գրադարանի թարմացված դիզայնը՝ ներառելով տեխնիկական ու բովանդակային մանրամասները։ Քննարկվեցին նաև առաջիկա քայլերը՝ ծրագրի արդյունավետ իրականացման համար։ Հանդիպումը եզրափակվեց Հայաստանի պատմության թանգարանի շրջայցով։
Այցի երկրորդ օրը DVDP-ի գլխավոր ճարտարապետները «Կերոն» զարգացման հիմնադրամի և ԵՊԲՀ-ի ներկայացուցիչների հետ միասին ուղևորվեցին Դիլիջան, որտեղ այցելեցին հիմնադրամի էկոհամակարգի ընկերություն հանդիսացող GreenRock Management Group-ի գրասենյակ։ Այնտեղ նրանք ծանոթացան ընկերության գործունեությանը, շրջեցին տարածքով և քննարկեցին Դիլիջանի զարգացմանն ուղղված ծրագրերը, ապագայի պլանները և հետագա համագործակցության հնարավորությունները։