Էլինա Ավանեսյանի հանդիպումը Գլենդելի Հայ Համայնքի հետ

Էլինա Ավանեսյանի հանդիպումը Գլենդելի Հայ Համայնքի հետ

Գլենդել, Կալիֆորնիա – 2025 թ. մարտի 9 –Հայտնի թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը նոր էջ է բացել հայկական սպորտի պատմության մեջ՝ դառնալով WTA-ի համաշխարհային վարկանիշի լավագույն 40-յակում ընդգրկված առաջին հայ մարզիկը։ «Կերոն» զարգացման հիմնադրամի աջակցությամբ Էլինան ձեռք բերեց ՀՀ քաղաքացիություն, ինչը նրան հնարավորություն տվեց միջազգային ասպարեզում հպարտորեն ներկայացնել Հայաստանը և նպաստել մեր երկրում սպորտի զարգացմանը։  

 Այս նշանակալի ձեռքբերումը նշանավորելու համար Homenetmen Glendale Ararat-ը մարտի 9-ին  կազմակերպել էր հատուկ հանդիպում Էլինայի և հայ համայնքի հետ։ Burbank Tennis Center-ում կայացած միջոցառումը ներառում էր կարճ հարցազրույցների շարք Էլինայի հետ, թենիսի վարպետության դաս երիտասարդ մարզիկների մասնակցությամբ և ցուցադրական խաղ երիտասարդ հայազգի թենիսիստուհիներ Թիֆանի Փափազյանի և Քրիստինա Նորդիկյանի հետ:  

Միջոցառման բացման պաշտոնական արարողությունից անմիջապես հետո ողջույնի խոսքով հանդես եկան Կալիֆորնիա նահանգի խորհրդի անդամ Ջեսիկա Քալոզան և Բըրբանքի քաղաքապետ Նիկի Փերեզը:  

Էլինան ջերմ ու ոգեշնչող զրույց ունեցավ՝  կիսվելով իր կարիերայի պատմությամբ, պրոֆեսիոնալ թենիսի մարտահրավերներով և հայկական արմատների հետ կապով երիտասարդ մարզիկների և հավաքված հանդիսատեսի հետ։ Միջոցառման ընթացքում 30 հայ մարզիկներ բացառիկ հնարավորություն ունեցան մասնակցել թենիսի վարպետության դասին, որտեղ Էլինան և փորձառու մարզիչները ուղղորդեցին երեխաներին ու փոխանցեցին իրենց արժեքավոր փորձը։ 

Միջոցառումն ավարտվեց ցուցադրական խաղով, որը բացառիկ հնարավորություն տվեց ներկաներին մոտիկից հետևելու Էլինայի խաղաոճին և վայելելու նրա վարպետությունը։  

Երիտասարդ մասնակիցները նաև հնարավորություն ունեցան  լուսանկարվել Էլինայի հետ և ստանալ նրա ինքնագիրը, ինչը նրանց համար անմոռանալի հիշողություն դարձավ։ 

Հայ համայնքի հետ կապերն էլ ավելի ամրապնդելու նպատակով երեկոյան տեղի ունեցավ փակ ընթրիք, որի ընթացքում հյուրերը հնարավորություն ունեցան ավելի մտերմիկ միջավայրում շփվելու Էլինայի հետ, քննարկելու նրա հաջողությունները և տեսլականը հայկական թենիսի զարգացման համար։ Ընթրիքին ներկա էր նաև Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանը:  

Այս երեկոն դարձավ «Կերոն» զարգացման հիմնադրամի առաջին պաշտոնական բարեգործական միջոցառումը, որի ընթացքում հավաքված միջոցներն ուղղակիորեն կուղղվեն սպորտի զարգացմանը Հայաստանում, ինչպես նաև սպորտային ծրագրերի ընդլայնմանն ու կատարելագործմանը ողջ երկրի տարածքում։ 

Էլինա Ավանեսյանի 36-րդ հորիզոնականը WTA-ի վարկանիշում կարևոր շրջադարձային պահ է հայկական սպորտի համար։ Նրա նվիրումը, տաղանդն ու հայրենասիրությունը ոգեշնչում են երիտասարդ մարզիկներին և ճանապարհ են հարթում ապագա սերունդների համար՝ ավելի մեծ երազելու և ավելի բարձր նպատակներ դնելու։