Էլինա Ավանեսյանի այցը Հայաստան
Սեպտեմբերի 16, 2024
Երիտասարդ և խոստումնալից հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը գրանցել է պատմական արդյունք՝ լինելով առաջին հայ մարզիկը, ով կանաց թենիսի համաշխարհային WTA վարկանիշով ընդգրկվել է լավագույն թոփ 50-ի մեջ:
Սեպտեմբերին Էլինա Ավանեսյանը Հայաստանում էր: Թենիսիտուհին Երևանում գտնվելու 5 օրերի ընթացքում մասնակցեց մի շարք միջոցառումների՝ լի նշանակալի և անմոռանալի պահերով:
Սեպտեմբերի 16-ին «Ինկորտ» թենիսի ակումբում տեղի ունեցավ մամլո ասուլիս: «Կերոն» զարգացման հիմնադրամի, Հայաստանի թենիսի ֆեդերացիայի և ԿԳՄՍ նախարարության ջանքերով Հայաստանը ներկայացնող Ավանեսյանը ԶԼՄ-ների հետ հանդիպման ընթացքում խոսեց իր արմատների, ՀՀ քաղաքացիություն ստանալու և Հայաստանը ներկայացնելու իր որոշման, ինչպես նաև երիտասարդ սերնդի մարզիկներին ոգեշնչելու և Հայաստանում թենիսի զարգացման առաջիկա պլանների մասին:
«Շատ ուրախ եմ լինել այստեղ և անհամբերությամբ սպասում եմ բոլոր այն միջոցառումներին, որոնք պլանավորված են այս այցի շրջանակներում: Շնորհակալ եմ «Կերոն» հիմնադրամին և Հայաստանի թենիսի ֆեդերացիային, ովքեր աջակցեցին իմ ՀՀ քաղաքացիության ստացման գործընթացին և հնարավորություն տվեցին հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո: Ես ամուր կապ եմ զգում Հայաստանի հետ եւ ցանկանում եմ իմ ներդրումն ունենալ հայկական թենիսի զարգացման մեջ: «Կերոն» հիմնադրամի առաջարկը միայն աջակցություն չէր ինձ, այլ հնարավորություն իրականություն դարձնել իմ բոլոր ձգտումները և իմ լուման ունենալ հայկական սպորտի զարգացման մեջ: Գիտեմ, որ Հայաստանում թենիսով զբաղվող մարզիկները շատ չեն և հուսով եմ՝ կկարողանամ մոտիվացնել նրանց, և թենիսի կորտերում ավելի շատ ՀՀ դրոշներ կտեսնենք: Կարծում եմ՝ Հայաստանի համար սա մեծ հնարավորություն կլինի»,- իր խոսքում նշեց Էլինա Ավանեսյանը:
Հայաստանի թենիսի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Գևորկ Կարամանուկյանը հավելեց. «Մեր ֆեդերացիան շատ կարևոր համագործակցություն սկսեց «Կերոն» զարգացման հիմնադրամի հետ, որի արդյունքում ստացվեց իրականություն դարձնել այս ամենը: Էլինան ցանկացավ հանդես կգալ ՀՀ դրոշի ներքո և ստանալ Հայաստանի քաղաքացիություն, և նրա այդ նախաձեռնությունը ողջունվեց մեր կողմից: Այսպիսով, մենք ունենք աշխարհի 50 լավագույն թենիսիստներից մեկին, որը հանդես է գալիս ՀՀ դրոշի ներքո, իսկ մի քանի տարի անց Էլինան նաև կկարողանա ընդգրկվել Հայաստանի կանանց ազգային հավաքականի կազմում: Սա շատ ոգևորիչ է մեր բոլոր երիտասարդ մարզիկների համար, որոնք կտեսնեն Էլինայի քայլերը և կձգտեն ունենալ նմանօրինակ հաջողություններ»:
Արմատներով արցախցի թենիսիտուհին անմիջապես ասուլիսից հետո ողջունեց արցախցի երեխաներին և նրանց հանձնեց «Ինկորտ» թենիսի ակումբի նվեր քարտեր, որով երեխաները հնարավորություն կունենան մեկ ամիս շարունակ անվճար հաճախել թենիսի դասընթացների:
Օրն ավարտվեց հրաշալի վարպետաց դասով, որտեղ Էլինան թենիսի երիտասարդ սիրահարների հետ կիսվեց իր հմտություններով և խորհուրդներով, ստորագրեց թենիսի գնդակներ՝ պարգևելով երեխաներին անմոռանալի հուշեր: