«Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ցուցադրության փակ նախադիտումը

«Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ցուցադրության փակ նախադիտումը

Երևան, Հայաստան — Սեպտեմբերի 19, 2024թ. —  Սեպտեմբերի 19-ին Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ «Կերոն» զարգացման հիմնադրամի կողմից կազմակերպված բացառիկ փակ միջոցառումը, որի ընթացքում հիմնադրամի հյուրերը ներկա գտնվեցին «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» պատմական ցուցահանդեսի նախադիտմանը և դարձան առաջիններից մեկը, ով  ականատես եղավ Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ արձանի առաջին ցուցադրությանը Հայաստանում:

Պատմական այս ցուցահանդեսն իրականություն դարձավ  Հայաստանի պատմության թանգարանի և Բրիտանական թանգարանի միջև ձեռք բերված համաձայնության շնորհիվ և իրագործվեց  «Կերոն» զարգացման հիմնադրամի, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Մշակույթի զարգացման» հիմնադրամի համատեղ ջանքերով: Այս բացառիկ ցուցադրության պաշտոնական մեկնարկը հանրության համար նախատեսված է սեպտեմբերի 21-ից:

Միջոցառման հյուրերին իրենց ողջույնի խոսքն ուղղեցին նախադիտման կազմակերպիչ «Կերոն» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Վանանե Արարքցյանը, Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը, «Մշակույթի զարգացման» հիմնադրամի տնօրեն Կարեն Ավետիսյանը և ցուցադրության գեղարվեստական հայեցակարգի ստեղծող Կարեն Բալյանը:

«Շնորհակալ եմ, որ այսօր մեզ հետ եք: Հիմնադրամն իր մի քանի ամսվա գործունեության ընթացքում իրականացրել է մի շարք ծրագրեր, որոնք բացառապես միտված են Հայաստանի զարգացմանը և հանրահռչակմանը: Ծրագրերից մեկի նախադիտմանն այսօր պատիվ ունենք գտնվելու բոլորս: Ցուցադրության այս 6 ամիսների ընթացքում նախատեսում ենք իրականացնել մայրության և կանացիության թեմայով մի շարք միջոցառումներ», — իր խոսքում նշեց հիմնադրամի գործադիր տնօրեն Վանանե Արարքցյանը:

Պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը հավելեց. «Չափազանց հուզված ենք մեր թանգարանում ազդարարելու շատ կարևոր ցուցահանդեսի նախադիտումը ի շնորհիվ այս ցուցադրության գլխավոր հովանավոր «Կերոն» զարգացման հիմնադրամի, որն առաջին իսկ օրվանից մեծ ոգևորությամբ միացավ այս գաղափարին»:

Բրիտանական թանգարանից առաջին անգամ Հայաստան բերված Անահիտ աստվածուհու գլուխն ու ձեռքը կցուցադրվեն Հայաստանի պատմության թանգարանում մինչև 2025թ-ի մարտի 21-ը: