Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ արձանն առաջին անգամ կցուցադրվի Հայաստանում
Երևան, Հայաստան — Սեպտեմբերի 6, 2024թ. — «Կերոն» զարգացման հիմնադրամը, համագործակցելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, «Մշակույթի զարգացման» հիմնադրամի և Հայաստանի պատմության թանգարանի հետ, ուրախությամբ հայտարարում է բացառիկ մշակութային իրադարձության մասին: Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ արձանը, որը ներկայումս պահվում է Բրիտանական թանգարանում, շուտով կժամանի Հայաստան և առաջին անգամ կցուցադրվի Երևանում «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» խորագրով պատմական ցուցադրության շրջանակներում։ Ցուցահանդեսը կբացվի 2024 թ.-ի սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ Անկախության օրը, Հայաստանի պատմության թանգարանում և կշարունակվի մինչև 2025 թ.-ի մարտի 21-ը:
Այսօր ստորագրված հուշագիրը նշանավորում է «Կերոն» զարգացման հիմնադրամի, ՀՀ ԿԳՄՍ նախարարության, «Մշակույթի զարգացման» հիմնադրամի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության պաշտոնական մեկնարկը: Հուշագրի նպատակն է ոչ միայն հարստացնել և աշխուժացնել մշակութային կյանքը Հայաստանում, այլև հայ և միջազգային այցելուներին բացառիկ հնարավորություն ընձեռել ծանոթանալու մշակութային պատմության կարևոր նմուշների հետ:
«Կերոն» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Վանանե Արաքցյանը նշեց. «Մեր հիմնադրամն իր գործունեության հինգ ամիսների ընթացքում արդեն հասցրել է իրագործել է մի քանի հաջողված նախագծեր ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ: Մենք ուրախ ենք նախարարության հետ ևս մեկ և Հայաստանի պատմության թանգարանի հետ առաջին համագործակցության համար: Մեզ համար շատ ուրախալի և խորհրդանշական է, որ ցուցահանդեսը մեկնարկելու է Հայաստանի Հանրապետության Անկախության օրը՝ սեպտեմբերի 21-ին: Հուսով եմ, որ այս 6 ամիսների ընթացքում մեզ կհաջողվի նախարարության և պատմության թանգարանի հետ համատեղ իրագործել մի շարք ծրագրեր ցուցահանդեսին շրջանակներում, որոնց մասին առավել մանրամասն կտեղեկացնենք»: