logo background

«Երաժշտական աստիճաններ»

Նպատակ

Խթանել քաղաքային մթնոլորտը՝ կենդանի երաժշտությունը տեղափոխելով անսպասելի հանրային տարածքներ և ստեղծելով յուրահատուկ միջավայր Երևանի բնակիչների ու այցելուների համար։ Միաժամանակ՝ արվեստն ինտեգրել քաղաքի առօրյային և աջակցել երիտասարդ տաղանդներին՝ նրանց տրամադրելով հարթակ իրենց ստեղծագործությունները լայն և բազմազան լսարանին ներկայացնելու համար

Նախագծի կատեգորիա՝

Զարգացման և աջակցության նախաձեռնություններ

Տևողություն՝

2026թ. հունիս — օգոստոս

«Կերոն» զարգացման հիմնադրամը մեկնարկում է նոր՝ «Երաժշտական աստիճաններ» նախագիծը, որի նպատակն է կենդանի երաժշտությունը դարձնել քաղաքի ամենօրյա կյանքի բնական ու գեղեցիկ մասը՝ այն տեղափոխելով Երևանի հանրային, բաց և սիրելի տարածքներ։ Նախագծի շրջանակում Սարյանի աստիճանների տարածքը կլցվի կենդանի երաժշտությամբ, ջերմ ու ստեղծագործ մթնոլորտով՝ դառնալով քաղաքի բնակիչների, զբոսաշրջիկների և երաժշտասերների համար նոր մշակութային հանդիպման վայր։ Հունիսի 12-ից սկսած՝ ամեն ուրբաթ, ժամը 18:00-ին, Սարյանի աստիճանների մոտ հանդես կգան տաղանդավոր երաժիշտներ և խմբեր՝ ներկայացնելով տարբեր ժանրերի փոքր ձևաչափի կենդանի կատարումներ։ «Երաժշտական աստիճաններ» նախագիծը «Կերոն» զարգացման հիմնադրամի արդեն սիրված երաժշտական նախաձեռնությունների՝ «Երաժշտական մետրո» և «Երաժշտական օդանավակայան» նախագծերի տրամաբանական շարունակությունն է։ Եթե «Երաժշտական մետրոն» երաժշտությունը բերեց Երևանի ամենօրյա շարժման և քաղաքային ռիթմի կենտրոն, իսկ «Երաժշտական օդանավակայանը» դարձավ Հայաստան այցելուների առաջին ողջույնը, ապա «Երաժշտական աստիճաններ»-ը երաժշտությունը տեղափոխում է քաղաքի բաց մշակութային միջավայր՝ Սարյանի փողոցի գունեղ ու ակտիվ մթնոլորտ։

 Այս նախաձեռնությամբ «Կերոն» հիմնադրամը շարունակում է վերաիմաստավորել հանրային տարածքները մշակույթի միջոցով, ստեղծել նոր քաղաքային փորձառություններ և աջակցել տաղանդավոր երաժիշտներին՝ տրամադրելով նրանց բաց բեմահարթակ։ Նախագիծը հնարավորություն է տալիս ինչպես արդեն սիրված, այնպես էլ նոր ձևավորվող երաժիշտներին ներկայանալու լայն լսարանի առջև, ստեղծելու անմիջական կապ մարդկանց հետ և իրենց արվեստով հարստացնելու քաղաքի մշակութային կյանքը։ Սարյանի աստիճանները, լինելով Երևանի ամենագունեղ անկյուններից մեկը, այս նախագծի շրջանակում կդառնա ոչ միայն անցումային տարածք, այլև մշակութային կանգառ՝ վայր, որտեղ մարդիկ կարող են մի պահ դանդաղել, լսել կենդանի երաժշտություն, հանդիպել միմյանց և վայելել քաղաքի երեկոյան ջերմությունը։