logo background

Էլինա Ավանեսյան

Նպատակ

Ներկայացնել Հայաստանը թենիսի բոլոր միջազգային մրցաշարերում՝ հանդես գալով որպես հայկական թենիսի դեսպան համաշխարհային հարթակում և միաժամանակ խթանելով սպորտի զարգացումը երկրի ներսում

Նախագծի կատեգորիա՝
Հայաստանի հանրայնացում

Գործընկերներ՝
ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն,
Հայաստանի Թենիսի Ֆեդերացիա

Տևողություն՝
Հուլիս 2024-ից ընթացիկ

Երիտասարդ և խոստումնալից թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը նոր էջ է բացել հայկական սպորտի պատմության մեջ՝ դառնալով թենիսի կանանց ասոցիացիայի (WTA) համաշխարհային դասակարգման  լավագույն 40-յակում ընդգրկված առաջին հայ մարզիկը։

«Կերոն» զարգացման հիմնադրամի աջակցությամբ Էլինան ձեռք բերեց Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, ինչը նրան հնարավորություն տվեց 2024 թվականի օգոստոսից հանդես գալ բոլոր միջազգային մրցաշարերում Հայաստանի դրոշի ներքո, հպարտորեն ներկայացնել Հայաստանը և նպաստել մեր երկրում սպորտի զարգացմանը։

Էլինան ծնվել է Ռուսաստանի Պյատիգորսկ քաղաքում, հայ ծնողների ընտանիքում, ովքեր ծագումով Արցախից են: Երիտասարդ մարզիկը խորը կապեր ունի Հայաստանի և հայ մշակույթի հետ: Նա բազմիցս այցելում էր Հայաստան, և նրա մանկությունը շատ կապված էր հայկական ավանդույթների հետ: Ավանեսյանն իր առաջին պատանեկան մրցաշարային հաղթանակը տոնել է մայրաքաղաք Երևանում:

«Կերոն» հիմնադրամի հետ համագործակցության շրջանակում Էլինան պարտավորվում է տարեկան առնվազն մեկ անգամ այցելել Հայաստան՝ մասնակցելու տարբեր միջոցառումների, այդ թվում՝ վարպետության դասերի և երիտասարդ մարզիկների հետ հանդիպումների՝ երիտասարդ սերնդի ոգեշնչման և խթանման նպատակով։

ԱՌԱՋԻՆ ԱՅՑԸ ՀԱՅԱՍՏԱՆ 

Առաջին այսպիսի այցը Հայաստան 2024 թվականի սեպտեմբերին էր։ Երևանում իր հնգօրյա այցի ընթացքում Էլինան մասնակցեց մի շարք միջոցառումների, որոնք լի էին կարևոր և հիշարժան պահերով։

Այցի շրջանակում  Էլինան ունեցավ պաշտոնական հանդիպումներ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հետ և զրուցել Հայաստանում թենիսի զարգացման հեռանկարների մասին:

Այցի շրջանակում  Էլինան հանդիպեց ԶԼՄ ներկայացուցիչների հետ, որի ընթացքում խոսեց իր արմատների, ՀՀ քաղաքացիություն ստանալու և Հայաստանը ներկայացնելու իր որոշման, ինչպես նաև երիտասարդ սերնդի մարզիկներին ոգեշնչելու և Հայաստանում թենիսի զարգացման առաջիկա պլանների մասին: Թենիսիտուհին նաև ողջունեց արցախցի երեխաներին և նրանց հանձնեց նվեր քարտեր, որով երեխաները հնարավորություն կունենան մեկ ամիս շարունակ անվճար հաճախել թենիսի դասընթացների: Միջոցառումն ավարտվեց վարպետաց դասով, որտեղ Էլինան թենիսի երիտասարդ սիրահարների հետ կիսվեց իր հմտություններով և խորհուրդներով, ստորագրեց թենիսի գնդակներ՝ պարգևելով երեխաներին անմոռանալի հուշեր:

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԳԼԵՆԴԵՅԼԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԵՏ  

2025 թվականի մարտի 9-ին Homenetmen Glendale Ararat-ը կազմակերպել էր հատուկ հանդիպում Էլինա Ավանեսյանի և հայ համայնքի հետ՝ նշելու նրա ձեռքբերումները։ Միջոցառումը, որը կայացավ Burbank Tennis Center-ում, ներառում էր հարցազրույց Էլինայի հետ, թենիսի վարպետության դաս երիտասարդ մարզիկների համար, ինչպես նաև ցուցադրական խաղ հայազգի երիտասարդ թենիսիստուհիներ Թիֆանի Փափազյանի և Քրիստինա Նորդիկյանի մասնակցությամբ։

Հանդիսավոր միջոցառմանը ներկա էր նահանգային խորհրդի անդամ Ջեսիկա Քալոզան և Բըրբանկի քաղաքապետ Նիկի Փերեզը։ Երեկոյան կազմակերպվեց փակ ընթրիք՝ համայնքի հետ կապն ամրապնդելու նպատակով, որին մասնակցում էր նաև Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանը։

Ռոլան-Գարոս 2025։

Հանդիպում Էլինա Ավանեսյանի հետ

2024 թվականի մայիս ամսին «Կերոն» զարգացման հիմնադրամը, «FlyOne Armenia» ավիաընկերության եւ «Levon Travel» տուրիստական ընկերության հետ համատեղ հայտարարեց մրցույթ, որի արդյունքում հաղթող Թենի Ավագյանը շահեց ուղեւորություն դեպի Փարիզ երկու անձի համար, ներկա գտնվեց թենիսի ամենահիշարժան իրադարձություններից մեկի՝ Roland Garros 2025 մրցաշարի խաղից մեկին եւ անձամբ հանդիպեց WTA վարկանիշով թոփ 50-ում ընդգրկված հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանին:

2025 թ-ի այցը Հայաստան

Սեպտեմբերի 6-ին «Կերոն» զարգացման հիմնադրամի և Հայաստանի թենիսի ֆեդերացիայի նախաձեռնությամբ Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում տեղի ունեցավ հատուկ հանդիպում և վարպետության դաս երիտասարդ մարզիկների ու երեխաների համար։

Վարպետության դասին մասնակցեցին ավելի քան 200 երեխաներ և թենիսի սիրահարներ Երևանից, Վանաձորից և Գյումրիից։ Երեխաները ջերմությամբ դիմավորեցին Էլինային և մեծ ոգևորությամբ խաղացին նրա հետ թենիսի դաշտում:

Հանդիպման ընթացքում երեխաները հնարավորություն ունեցան նաև մասնակցել մրցույթ խաղին և նվերներ ստանալ։ Մասնակիցները նաև բազմաթիվ հարցեր ուղղեցին Էլինային, ով սիրով կիսվում էր իր փորձով և մարզական խորհուրդներով։ Այնուհետև երեխաները լուսանկարվեցին նրա հետ և ստանացան ինքնագրեր ու թեմատիկ փոքրիկ նվերներ։

Էլինա Ավանեսյանի այս տարվա այցի գլխավոր հովանավորն է Adidas ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում:

Հատուկ համագործակցություն Gotcha-ի հետ․ Էլինա Ավանեսյանի հեղինակային ըմպելիքը — «Hit It»

2025 թվականին Հայաստան կատարած իր այցի ընթացքում թենիսի աստղ Էլինա Ավանեսյանը Gotcha-ի հետ ներկայացրեց յուրահատուկ համագործակցություն՝ «Կերոն» զարգացման հիմնադրամի աջակցությամբ։ Համատեղ նրանք ներկայացրեցին Էլինայի հեղինակային ըմպելիքը՝ «Hit It», որը պարունակում է սպիտակուցներ և անհրաժեշտ սննդարար տարրեր։

«Hit It» ըմպելիքը ստեղծված է Էլինայի ուժը, էներգիան և դինամիկ ոգին արտացոլելու համար։ Այս համագործակցությունը ոչ միայն ընդգծում է Էլինայի կապը Հայաստանի հետ, այլև խրախուսում է առողջ և ակտիվ ապրելակերպը երիտասարդ սերնդի շրջանում։

Ti Amo Jewelry զարդերի հատուկ հավաքածուի շնորհանդես՝ ոգեշնչված Էլինա Ավանեսյանից

Ti Amo Jewelry -ն, համագործակցելով Կերոն հիմնադրամի հետ, հպարտությամբ ներկայացրեց սահմանափակ քանակությամբ ստեղծված “PASSION” հավաքածուն՝ ոգեշնչված թենիսի ծագող աստղ Էլինա Ավանեսյանից:
Բացառիկ միջոցառումը տեղի ունեցավ էլեգանտ միջավայրում՝ The Dvin, Seven Visions Resort հյուրանոցի թենիսի կորտում:

Միջոցառման գլխավոր իրադարձությունը “PASSION” սահմանափակ հավաքածուի մեծ ցուցադրությունն էր, Էլինայի հետ հարցազրույցը և նվերների խաղարկությունը: Միջոցառմանը ներկա էին գործունեության տարբեր ոլորտների ակտիվ ներկայացուցիչներ, ովքեր հրավիրված էին բացահայտելու նոր հավաքածուն և ծանոթանալու նրա ստեղծման ոգեշնչող պատմությանը:

Էլինա Ավանեսյանի հաջողությունները միջազգային ասպարեզում կարևոր շրջադարձային պահ է հայկական սպորտի համար։ Նրա նվիրումը, տաղանդն ու հայրենասիրությունը ոգեշնչում են երիտասարդ մարզիկներին և ճանապարհ են հարթում ապագա սերունդների համար՝ ավելի մեծ երազելու և ավելի բարձր նպատակներ դնելու։