
«ԿԵՐՈՆ»-Ի «ՎԵՐՆԱՏՈՒՆ»
Հատուկ նախագիծ
Նախաբացում՝
Փետրվարի 19, 2026
Պաշտոնական բացում՝
Սեպտեմբեր 2026
Նպատակ
Վերականգնել հայ ակումբային ավանդույթը՝ նոր շունչ տալով այս ձևաչափին և ձևավորելով մտքի, երկխոսության և համատեղ
արժեքների նոր միջավայր Երևանում
«Կերոն»-ի «Վերնատուն»-ը մտավորական ակումբների հայկական ավանդույթի ժամանակակից վերաիմաստավորումն է․ փակ, միայն անդամների համար նախատեսված ակումբային տարածք, որտեղ տարբեր ոլորտների ներկայացուցիչներ հանդիպում են՝ ձևավորելու իրական նշանակություն ունեցող գաղափարներ։ Նախագծի գաղափարական հիմքում հայ և միջազգային ակումբային մշակույթի պատմական օրինակներն են։
Թումանյանական Վերնատունը գրական ակումբ էր, որը հիմնադրել էր Հովհաննես Թումանյանը 1899 թվականին իր թիֆլիսյան տան վերնահարկում։ Այն հայ մտավոր կյանքի խորհրդանիշն էր՝ վայր, որտեղ ժամանակի մեծերը հավաքվում էին կիսվելու գաղափարներով, ընթերցելու և զրուցելու հայրենիքի, արվեստի ու գրականության մասին։ Վերնատան հիմնադիր անդամներն էին Հովհաննես Թումանյանը, Ավետիք Իսահակյանը, Լևոն Շանթը, Դերենիկ Դեմիրճյանը և Ղազարոս Աղայանը։ Նրանց հանդիպումները կանոնավոր բնույթ էին կրում՝ մտքեր փոխանակելու, ստեղծագործելու և ամբողջ մի մշակութային դարաշրջան ձևավորելու համար։ Թումանյանական Վերնատունը դարձավ հայ մտավոր կյանքի խորհրդանիշը, որտեղ հավաքվում էին ժամանակի մեծերը՝ մտքեր փոխանակելու, ընթերցելու, բանավիճելու և զրուցելու հայրենիքի, արվեստի և գրականության մասին:
Տերյան 11 հասցեում գտնվող Աֆրիկյանների ակումբը կառուցվել էր 19-րդ դարի վերջին մեծահարուստ Աֆրիկյան եղբայրների կողմից: Այստեղ հավաքվում էին արվեստի և քաղաքական գործիչներ, գործարարներ և հայտնի երևանցիներ: Վերջիններս ակումբում մի գավաթ սուրճի շուրջ քննարկում էին քաղաքական, հասարակական և այլ խնդիրներ։

Խորհրդային տարիներին, հասարակական-քաղաքական գործունեության սահմանափակումների պայմաններում, մի խումբ երիտասարդ մաթեմատիկոսներ ազգային համախմբման ուղիներ էին որոնում, որոնց ամենանշանավոր դրսևորումներից մեկը 1979–1981 թթ. Ծաղկաձորում անցկացվող մտավորականների ամենամյա հավաքներն էին՝ միավորելով ժամանակի առաջատար մշակութային, գիտական և հոգևոր դեմքերին՝ այդ թվում՝ բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանը, քանդակագործներ Արա Շիրազը և Երվանդ Քոչարը, մաթեմատիկոս Սերգեյ Մերգելյանը, ճարտարապետ Արմեն Զարյանը, գրող Սերո Խանզադյանը, ազգագրագետ Հայրիկ Մուրադյանը, մանկական արվեստի թանգարանի հիմնադիր տնօրեն Հենրիկ Իգիթյանը, հայ մեծանուն երգչուհի Լուսինե Զաքարյանը և այլոք:
Եվրոպական սալոնային մշակույթը ևս ենթադրում էր փակ հավաքներ և հանդիպումներ, որտեղ տարբեր միջավայրերի և խավերի ներկայացուցիչներ բաց ու ազատ քննարկում էին արվեստը, գրականությունը, փիլիսոփայությունը, երաժշտությունն ու քաղաքականությունը:

Այդ նույն ոգին այսօր վերածնվում է «Կերոն» հիմնադրամի «Վերնատան»-ը։ Այն մեկ հարկի տակ կմիավորի մարդկանց, ովքեր հավատում են երկխոսության ուժին, ընդհանուր արժեքներին և նպատակային գործողություններին։ «Կերոն»-ի «Վերնատուն»-ը համայնք է, որը կհամախմբի նախաձեռնող, նույն արժեքները կիսող և ոչ անտարբեր անհատներին յուրօրինակ փորձառությունների, զրույցների և գաղափարների շուրջ։ «Կերոն»-ի «Վերնատուն»-ը տեղակայված է Երևանի եզակի պատմական շենքերից մեկում՝ Պուշկինի 38 հասցեում գտնվող Աֆրիկյանների առանձնատան 2-րդ հարկում։ Երևանի առաջին քարաշեն տներից մեկը կառուցվել է 1902 թվականին ճարտարապետ Վասիլի Միրզոյանի կողմից: Այսօր այն ընդգրկված է Երևանի պատմամշակութային հուշարձանների ցանկում։ Առանձնահատուկ արժեք են ներկայացնում առաստաղներին պահպանված յուրօրինակ որմնանկարները և սալիկապատ բուխարիները: «Վերնատուն»-ը միավորում է երկխոսության, համագործակցության և համատեղ արժեքների ուժին հավատացող մարդկանց՝ ձևավորելով միջավայր, որտեղ յուրաքանչյուր հանդիպում կարող է դառնալ նոր նախաձեռնության և վերափոխման սկիզբ։ Այստեղ մարդկանց միավորում են ոչ թե կոչումները, այլ արժեքները, տեսլականը և ներդրումը։

«Կերոն»-ի «Վերնատան» օրակարգը ձևավորվում է հատուկ միջոցառումների, մտերմիկ հանդիպումների և անդամների գլխավորած նախաձեռնությունների շուրջ: Միջոցառումները կկազմակերպվեն մտերմության և բովանդակության շուրջ՝ առաջնահերթություն տալով իմաստալից մասնակցությանը, այլ ոչ թե մասշտաբին։ Ժամանակ առ ժամանակ, ոչ միայն օֆլայն, այլև հիբրիդ և օնլայն ձևաչափերով միջոցառումները կկապեն «Վերնատան» աշխարհասփյուռ անդամներին:Վերնատան միջոցառումները երեք ուղղություն են ունենալու.
ԶՐՈՒՅՑՆԵՐ ԵՎ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ
Միջոցառումներ, քննարկումներ, զրույցներ, ընթրիքներ, որոնք մեկտեղում են մտածող, ստեղծարար մարդկանց և առաջնորդների միջև մտքերի ու գաղափարների փոխանակումը։ Սրահային փոքր հավաքներից և բանավեճերից մինչև ընթրիքներ և փոդքասթներ․ սա «Վերնատան» տարածքն է մտքի ու զրույցի համար։
ՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ՓՈՐՁԱՌՈՒԹՅՈՒՆ Երաժշտություն, գրականություն, կատարողական արվեստ և ավելին. միջոցառումներ, որոնք խթանում են Հայաստանի ստեղծարար ոգին՝ միաժամանակ այն կապելով աշխարհի հետ և ավանդույթը վերածելով կենդանի ու զարգացող փորձառության:
ՀԱՄԱՅՆՔ ԵՎ ՊԱՏԿԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ Անդամների կողմից նախաձեռնած հանդիպումներ, սուրճի ժամեր, երեկոյան միջոցառումներ, արտագնա հավաքներ, միջոցառումներ, որոնք ամրապնդում են կապն ու վտահությունը: Սա այն ամենօրյա ռիթմն է, որը «Վերնատունը» կենդանի է պահում որպես համայնք, այլ ոչ թե միայն տարածք:
«Կերոն»-ի «Վերնատան» սենյակները կրում են պատմական Վերնատան անդամների անունները
«Թումանյան» սրահ
«Վերնատան» հիմնական միջոցառումների սրահ. երեկոների, մշակութային ներկայացումների և անդամների համար նախատեսված ընդունելությունների գլխավոր հարթակը:
«Աղայան» սրահ
Հանգստի գոտի և բար. հանդարտ միջավայր՝ ոչ պաշտոնական հանդիպումների, երեկոյան զրույցների և համտեսների համար:
«Դեմիրճյան» սրահ
Առանձնասենյակ ցերեկային աշխատանքի, սեմինարների, վարպետության դասերի և թեմատիկ քննարկումների համար:
«Շանթ» սրահ
Առանձնասենյակ՝ նախատեսված փակ հանդիպումների, մենթորության դասերի, անհատական խորհրդատվություների և քննարկումների համար:
«Իսահակյան» պատշգամբ
Պատշգամբը հիանալի վայր է սուրճի ժամերի, փոքր հավաքույթների և հանգիստ քննարկումների համար:
