logo background

Նորայր Մուշեղյանի անվան ըմբշամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց

Նպատակ

Մարզադպրոցին աջակցել՝ ոչ միայն զարգացնելով ենթակառուցվածքները, այլեւ ոգեշնչելով ու խրախուսելով ապագա չեմպիոններին՝ աջակցելով սաներին ու երիտասարդ ըմբիշներին իրենց հաղթանակների ու նվաճումների ճանապարհին

Նախագծի կատեգորիա՝
Զարգացման և աջակցության նախաձեռնություններ

Գործընկերներ՝
Նորայր Մուշեղյանի անվան ըմբշամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց

Տևողություն՝
Հունիս 2025

Նորայր Մուշեղյանի անվան ըմբշամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցը հիմնադրվել է 1960-ականներին լեգենդար ըմբիշ Նորայր Մուշեղյանի կողմից և այսօր հանդիսանում է Հայաստանի ամենահին ու հեղինակավոր մարզադպրոցներից մեկը։

Տասնամյակների ընթացքում այստեղից իրենց ուղին սկսել են Եվրոպայի և աշխարհի առաջնությունների բազմաթիվ մեդալակիրներ։ Վերջին տարիներին դպրոցը տպավորիչ ձեռքբերումներն է արձանագրել՝ դաստիարակելով տիտղոսակիր մարզիկներ, որոնց թվում են Վիգեն Նազարյանը, Սուրեն Աղաջանյանը և Կարեն Ասլանյանը։

2022 թվականին «Կերոն» զարգացման հիմնադրամի հիմնադիրների նախաձեռնությամբ իրականացվեց դպրոցի հիմնանորոգումը, ինչի շնորհիվ այսօր այն համապատասխանում է միջազգային չափանիշներին։ Տեղադրվել են ժամանակակից ջեռուցման և հովացման համակարգեր, բարձրակարգ օդորակիչներ, գերժամանակակից մարզասարքեր և ըմբշամարտի որակյալ գորգեր։ Վերանորոգվել են հանդերձարաններն ու լոգասենյակները, կառուցվել է նաև  շոգեբաղնիք։

Այսօր դպրոցը ոչ միայն նոր տեսք ունի, այլև նոր նպատակներ։ Սպորտը «Կերոն» զարգացման հիմնադրամի հինգ ռազմավարական ուղղություններից մեկն է, և այս նախաձեռնությամբ հիմնադրամը կարևորում է ոչ միայն ենթակառուցվածքների արդիականացումը, այլև երիտասարդ ըմբիշների խրախուսումն ու աջակցությունը նրանց հաղթանակների և առաջընթացի ճանապարհին։

Հայաստանի անկախությունից ի վեր ըմբշամարտը դարձել է երկրի ամենահաջողակ օլիմպիական մարզաձևը․ երկրի 18 օլիմպիական մեդալներից 9-ը նվաճվել են հենց այս մարզաձևում։ Այն ունի խորը պատմական արմատներ և շարունակում է ապահովել Հայաստանի ներկայությունն ու հաջողությունները միջազգային հարթակներում։

Այսօր Նորայր Մուշեղյանի անվան մարզադպրոցը շարունակում է մնալ հայկական ըմբշամարտի գլխավոր կրթօջախներից մեկը։ Վերջին տարիներին Հայաստանի հավաքականի անդամների կեսից ավելին ձևավորվել են հենց այստեղ։ Սա լավագույն ապացույցն է, որ դպրոցը ոչ միայն փառավոր անցյալ ունի, այլև խոստումնալից ապագա։