Martiros Saryan
logo background

«Սարյանի աստիճաններ»

Նպատակ

Նպատակները

Վերափոխել «Սարյանի աստիճանները» և դրա շրջակայքը՝ արտացոլելով Մարտիրոս Սարյանի արվեստի ժառանգությունը, ստեղծելով քաղաքային նոր միջավայր և դարձնելով այն կենսունակ, հարմարավետ և բարեկարգ  հանրային տարածք ինչպես քաղաքի բնակիչների, այնպես էլ այցելուների համար

Նախագծի կատեգորիա՝
Զարգացման և աջակցության նախաձեռնություններ

Գործընկերներ՝
Կենտրոն վարչական շրջան, Մանե Թայլզ

Տևողություն՝
Սեպտեմբեր 2024 — Սեպտեմբեր 2025

«Սարյանի աստիճաններ» նախաձեռնությունը միավորում է մշակույթը, արվեստը և ժամանակակից քաղաքայինզարգացումը՝ նպաստելով մեր երկրում նոր միջավայրի ստեղծմանը:

Նախագիծն իրականացվել է Կենտրոն վարչական շրջանի, «Կերոն» զարգացման հիմնադրամի և «Մանե Թայլս» ընկերության համագործակցությամբ:

«Սարյանի աստիճաններ» նախագիծը մեկնարկել է 2024 թ. հունիսին՝ իր առանցքում ունենալով մեր երկրի հանրային տարածքների բարեկարգումն ու վերափոխումը։

Նախագծի առաջին փուլով «Մանե Թայլս» ընկերությունը կյանքի կոչեց յուրահատուկ նախաձեռնություն՝ Մարտիրոս Սարյանի «Հայաստան» կտավի ամբողջական վերարտադրությունը՝ ստեղծված 1620 ձեռագործ կավե սալիկներից։ «Մանե Թայլս»-ի թիմը մշակել է պանոսալիկի հատուկ ֆորմատ, ապահովել արտադրական և տեխնոլոգիական գործընթացները, իրականացրել տեղադրումն ու աստիճաններին ճշգրիտ հարմարեցումը:

«Կերոն» զարգացման հիմնադրամի ջանքերով աստիճանների հարակից մայթը, որը նախկինում օգտագործվում էր որպես ավտոկայանատեղի, ամբողջությամբ վերադարձվել է անցորդներին, տեղադրվել են նոր լուսավորության համակարգեր,  աստիճանների բոլոր չորս հարթակների եւ մայթի բազալտե սալիկները ամբողջությամբ փոխվել են, ավելացվել է դեկորատիվ հավելյալ լուսավորություն, թարմացվել են աստիճանների բազրիքները, իրականացվել են կողային սալիկների լազերային փայլեցման աշխատանքներ:  Աշխատանքները ներառել են նաև հարակից տարածքի կանաչապատումը և աստիճանների վերին մասի փոքրիկ պուրակի ամբողջական վերանորոգումը։

Այս ամենի արդյունքում «Սարյանի աստիճանները» վերածվել է ժամանակակից, հարմարավետ հանրային տարածքի, դարձել սիրելի վայր զբոսաշրջիկների և տեղացիների համար և ստեղծել քաղաքային նոր միջավայր, որտեղ կարելի է հանդիպել ընկերներին, հանգստանալ, լուսանկարվել և պարզապես վայելել քաղաքի ռիթմը։

Սեպտեմբերի 29-ին ժամը 18:30-ին տեղի ունեցավ «Սարյանի աստիճանների» բացման արարողությունը: Միջոցառման սկզբում ողջույնի խոսքով հանդես եկան Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանը, «Կերոն» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Վանանե Արարքցյանը և «Մանե Թայլս» ընկերության գործադիր տնօրեն Անժելա Մանուկյանը: Այնուհետև երեք կողմերի ներկայացուցիչները միասին կտրեցին սիմվոլիկ կարմիր ժապավենը, ինչից հետո Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն աստիճանների վրա հանդես եկավ անակնկալ երաժշտական ելույթով՝ ստեղծելով տոնական մթնոլորտ և պարգևելով ներկաներին, հյուրերին և պարզապես անցորդներին անմոռանալի պահեր: