logo background

Ռուսական արվեստի թանգարան

Նպատակ

Բարձրացնել թանգարանի ճանաչելիությունը, խթանել հետաքրքրությունը նրա յուրօրինակ հավաքածուի նկատմամբ և դարձնել այն անփոխարինելի այցելության վայր արվեստի սիրահարների և զբոսաշրջիկների համար 

Նախագծի կատեգորիա՝ Զարգացման և աջակցության նախաձեռնություններ

Գործընկեր՝ Ռուսական արվեստի թանգարան

Տևողություն՝ Ապրիլ 2024 — Սեպտեմբեր 2024

«Կերոն» զարգացման հիմնադրամի առաջին նախագծերից մեկը Ռուսական արվեստի թանգարանի հետ համագործակցությունն էր: Այն մեկնարկեց 2024 թվականի ապրիլին՝ նպատակ ունենալով  բարձրացնել թանգարանի ճանաչելիությունը և խթանել հանրային հետաքրքրությունը նրա բացառիկ հավաքածուի նկատմամբ: 

 1980 թվականին հիմնադրված և 1984 թվականին հանրության առջև բացված Ռուսական արվեստի թանգարանն առաջինն է Երևանում, որը հիմնվել է մասնավոր հավաքածուի վրա: Դրա հիմքում վաստակաշատ բժիշկ, պրոֆեսոր Արամ Աբրահամյանի (1898–1990) անձնական հավաքածուն է։ Վաստակաշատ բժիշկ և Մոսկվայի պատվավոր քաղաքացի, պրոֆեսոր Աբրահամյանը նաև նվիրված արվեստասեր և կոլեկցիոներ էր։ Ռուսական արծաթե դարաշրջանի արվեստի հանդեպ նրա բացառիկ սիրո և հետաքրքրության շնորհիվ նրան հաջողվեց հավաքել առանձնակի արժեքավոր նմուշներ այն ժամանակ, երբ այդ գործերը լայն ճանաչում դեռ չունեին։ Նրա ջանքերի շնորհիվ այսօր Հայաստանն ունի անգնահատելի մշակութային հավաքածու: 

 Թանգարանը ցուցադրում է ռուսական արվեստի արծաթե դարաշրջանի՝ ռուսական «մշակութային վերածննդի», աշխարհահռչակ հեղինակների բացառիկ աշխատանքները: Թանգարանին է պատկանում Ռուսաստանից դուրս 20-րդ դարի նկարիչներին ներկայացնող ամենամեծ հավաքածուն՝ ավելի քան 300 արվեստի գործեր, կտավներ, քանդակներ և դեկորատիվ արվեստի նմուշներ:

2024 թվականին թանգարանը նշում էր հիմնադրման 40 և պրոֆեսոր Աբրահամյանի 125-ամյակը, ինչը հատկապես խորհրդանշական դարձրեց այս համագործակցությունը։ 

Թանգարանի տեսանելության  բարձրացման նպատակով հիմնադրամի նախաձեռնությամբ ամբողջովին թարմացվեց դրա արտաքին տեսքը՝ նախկին 6 հին գովազդային վահանակները փոխարինելով ամբողջովին նոր՝ առավել վառ վիզուալներով: 

«Կերոն» զարգացման հիմնադրամը, թանգարանի հետ համագործակցության շրջանակներում, իրականացրեց քաղաքի մշակութային կյանքը հարստացնող և թանգարանային այցելությունների նոր ձևաչափ առաջարկող երկու միջոցառումներ:

ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՈՒՐԲԱԹՆԵՐ

Մայիս – Սեպտեմբեր, 2024 

Յուրաքանչյուր ուրբաթ երեկոյան ժամը 8-ին թանգարանի առջևի հատվածում հնչում էր դասական և ժամանակակից երաժշտություն կենդանի կատարմամբ՝ ստեղծելով մշակութային աշխույժ մթնոլորտ Կասկադում 

 Դասական, ջազային, փոփ և ռոք երաժշտության 14  համերգ 

ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ  ՇԱԲԱԹՆԵՐ

Մայիս – Սեպտեմբեր, 2024 

Յուրաքանչյուր շաբաթ ժամը 11-ին թանգարանի դիմաց անցկացվում էին բացօթյա վարպետության դասեր երեխաների համար՝ նպատակ ունենալով երիտասարդ սերնդի շրջանում խթանել սերը դեպի արվեստ և ստեղծագործական ինքնարտահայտում։ 

131  երեխաների մասնակցություն 

2024թ-ի սեպտեմբերին տեղի ունեցավ  Ռուսական արվեստի թանգարանի հոբելյանական տարվա ամփոփիչ երեկոն, որն անցավ ջերմ մթնոլորտում, հարգարժան հյուրերի ներկայությամբ և հատուկ շնորհակալագրերի հանձնմամբ: Միջոցառման ընթացքում «Կերոն» զարգացման հիմնադրամն անակնկալ մատուցեց՝ թանգարանին նվիրաբերելով Ռուդոլֆ Խաչատրյանի «Հայելիով խաղ» կտավը: