ԵՊԲՀ գրադարանի վերակառուցում
Երևանի պետական բժշկական համալսարանի գրադարանի վերակառուցումը նպատակ ունի այն վերափոխել ժամանակակից և ոգեշնչող ուսումնական ու հետազոտական միջավայրի: Նախագիծը ներառում է բաց և փակ դահլիճների ստեղծում, նորագույն տեխնոլոգիաների ներդրում և հարմարավետ հանգստի գոտիների ձևավորում՝ ամբողջն ուղղված ուսումնական գործընթացի բարելավմանը:
Երևանի պետական բժշկական համալսարանը հայտնի է իր բարձրորակ կրթությամբ, ունի ավելի քան 8,000 ուսանող՝ ներառյալ երիտասարդներ մոտ 26 երկրներից։ Կարևորելով համալսարանի հետազոտական և ակադեմիական նյութերի տպավորիչ հավաքածուն՝ այս նախագիծը նպատակ ունի արդիականացնել գրադարանը, առավել արդյունավետ դարձնել առկա ռեսուրսների հասանելիությունը և մոտիվացնող ուսումնական միջավայր ստեղծել:
Օգոստոսին հայտարարված ճարտարապետական մրցույթի արդյունքում հաղթող ճանաչվեց Defesche van den Putte (DVDP) նիդեռլանդական ճարտարապետական ընկերությունը, որը հայտնի է իր բազմաբնույթ նորարարական նախագծերով քաղաքաշինության, կրթական, մշակութային ոլորտներում: Նրանց նախագծերի շարքում են Ռոտերդամի Էրազմուս համալսարանի, Մաստրիխտի համալսարանի և Հաագայի թագավորական գրադարանները: Սեպտեմբերին DVDP ընկերության ներկայացուցիչների, «Կերոն» զարգացման հիմնադրամի և Երևանի պետական բժշկական համալսարանի միջև ստորագրվեց համագործակցության համաձայնագիր, կատարվեց շրջայց ապագա գրադարանի տարածքով և քննարկվեցին վերակառուցման աշխատանքների բոլոր մանրամասները և համագործակցության հետագա փուլերը:
Նախագծի նպատակներն են՝
- Ստեղծել ժամանակակից գրադարան, որը կծառայի որպես կրկնօրինակվող մոդել՝ աջակցելով ուսանողների կրթական ձգտումներին, խթանելով գիտահետազոտական աշխատանքները և բարձրացնելով Երևանի պետական բժշկական համալսարանի հեղինակությունը՝ որպես բժշկական կրթության առաջատար հաստատություն:
ՆԱԽԱԳԾԻ ՓՈՒԼԵՐ
- Նախագծի մեկնարկ և թիմային համաձայնեցում
- Ուսանողների կարիքների հարցում
- Կոնցեպտի ստեղծում և ձևակերպում
- Տեխնիկական առաջադրանքի մշակում
- Սեյսմիկ կայունության գնահատում
- Ճարտարապետների ընտրություն
- Գրադարանի կոնցեպտի ստեղծում
- Ճարտարապետական կոնցեպտի մշակում
- Շինարարական աշխատանքների և տեխնիկական հսկողության մեկնարկ
Երևանի պետական բժշկական համալսարանի գրադարանի վերանորոգումը կարևոր քայլ է մեր շարունակական ջանքերում՝ աջակցելու կրթությանը և նորարարությանը Հայաստանում: