logo background

Տրետյակովյան պատկերասրահ

Նպատակ

Տոնել Արամ Աբրահամյանի ծննդյան 125-ամյակը՝ ներկայացնելով արվեստի նրա բացառիկ հավաքածուն Հայաստանի սահմաններից դուրս ավելի լայն լսարանին, և ընդգծել նրա նշանակալի ներդրումը ռուսական և հայկական արվեստում՝ միջմշակութային միջոցառումների միջոցով 

Նախագծի կատեգորիա՝ Հայաստանի ճանաչելլության բարձրացում

Գործընկերներ՝ ՀՀ ԿԳՄՍ Նախարարություն, Ռուսական արվեստի թանգարան

Տևողություն՝ Հունիս 4 — Օգոստոս 12, 2024

 

 

Երևանի Ռուսական արվեստի թանգարանի և «Կերոն» զարգացման հիմնադրամի համագործակցության շնորհիվ 2024 թվականի հունիսի 4-ին Մոսկվայի պետական Տրետյակովյան պատկերասրահում մեկնարկեց «Մոսկվա-Երևան-Մոսկվա» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը։ Այն նվիրված էր Ռուսական արվեստի թանգարանի հիմնադրման 40 և դրա հիմնադիր, պրոֆեսոր Արամ Աբրահամյանի 125 ամյակին և ներկայացնում էր գործեր մեծանուն բժիշկի անձնական հավաքածուից։ 

Վաստակաշատ բժիշկ և Մոսկվայի պատվավոր քաղաքացի, պրոֆեսոր Աբրահամյանը նվիրված արվեստասեր և կոլեկցիոներ էր։

Ռուսական արծաթե դարաշրջանի արվեստի հանդեպ նրա բացառիկ սիրո և հետաքրքրության շնորհիվ նրան հաջողվեց հավաքել առանձնահատուկ արժեքավոր նմուշներ այն ժամանակ, երբ այդ գործերը լայն ճանաչում դեռ չունեին։ Նրա ջանքերի շնորհիվ այսօր Հայաստանն ունի անգնահատելի մշակութային հավաքածու: 

«Մոսկվա-Երևան-Մոսկվա» ցուցադրությանը  ներկայացված էին բժիշկ Արամ Աբրահամյանի հավաքածուում ընդգրկված աշխարահռչակ նկարիչների 49 աշխատանքները: Յուրաքանչյուր կտավ առանձնահատուկ նշանակություն ունի՝ ներկայացնելով ռուսական արվեստի բացառիկ օրինակները, որոնք տարիներ շարունակ հիացրել են թե՛ մասնագետներին, թե՛ արվեստի սիրահարներին:

Չնայած արվեստի աշխարհում ունեցած Աբրահամյանի հսկայական ներդրմանը՝ նրա հավաքածուն համեմատաբար անհայտ էր ռուսական հանրության համար մինչև «ՄոսկվաԵրևանՄոսկվա» ցուցահանդեսը։ Այս միջոցառումը եզակի հնարավորություն ստեղծեց այցելուների համար՝ գնահատելու այդ բացառիկ ստեղծագործությունները և ճանաչելու մարդուն, ում հաճախ անվանում են «հայ Տրետյակով»։ Նրա ժառանգությունը շարունակում է ոգեշնչել՝ ցույց տալով արվեստի ուժը մշակույթները միավորելու և փոխադարձ ըմբռնումը խորացնելու գործում։

Այս նշանակալից ցուցադրությունը տևեց մինչև 2024 թվականի օգոստոսի 12-ը և գրավեց շուրջ 13,200 այցելուի ուշադրությունը, ովքեր հնարավորություն ունեցան ծանոթանալ պրոֆեսոր Աբրահամյանի կյանքի ու գործունեության հետ, ինչպես նաև գնահատել նրա հավաքածուի անգին նմուշները:  49 գլուխգործոցներն արդեն վերադարձել են Հայաստան՝ Ռուսական արվեստի թանգարան՝ կրկին բաց դառնալով արվեստասեր այցելուների համար։