Նոր գրադարանի նախագծով ոգեշնչված՝ ԵՊԲՀ-ը հին ձեռագիրը նվիրաբերեց Մատենադարանին

Նոր գրադարանի նախագծով ոգեշնչված՝ ԵՊԲՀ-ը հին ձեռագիրը նվիրաբերեց Մատենադարանին

Նոյեմբերի 15-ին «Կերոն» զարգացման հիմնադրամը Երևանի պետական բժշկական համալսարանի հատուկ հրավերով մասնակցեց համալսարանի համար կարևոր միջոցառմանը:

Ուսանողության օրվան ընդառաջ և բժշկական համալսարանի գրադարանի վերափոխման նախագծով ոգեշնչված` բժշկական համալսարանի ուսանողների նախաձեռնությամբ մասնավոր հավաքածուից ձեռք էր բերվել միջնադարի բնագետ-բժիշկ, մատենագիր, բառարանագիր Ամիրդովլաթ Ամասիացու «Օգուտ բժշկության»` շուրջ 300 տարի առաջ ընդօրինակված ձեռագիրը (18-րդ դար), որն այսօր համալսարանականների կողմից հանդիսավորությամբ փոխանցվեց Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտին:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը, նշանավորելով օրվա խորհուրդը, ընդգծեց, որ այս քայլը կարող է դառնալ բարի ավանդույթ այլ բուհերի ուսանողների համար ևս: «Մեծ հույսով սպասում ենք մի իրադարձության, որ ուսանողի օրվա խորհրդով նախաձեռնել ենք մենք և մեր գործընկեր «Կերոն» հիմնադրամը: Խոսքը գնում է նոր գրադարանի մասին՝ մեծ, լայն, ժամանակակից, հագեցած նորարարություններով և մեծ հույսերով: Այդտեղ կերտվելու են նոր բժիշկները, Հայաստանի բժշկագիտական մտավոր ուժը: Գրադարանը լինելու է մեր համալսարանի ուղեղը և սիրտը: Այս ամենն իհարկե միտում ունի հայացքով շրջվելու դեպի ապագա: Բայց բժշկությունը և համալսարաններն ամուր են, երբ նրանք կարողանում են հարգանքի տուրք մատուցել իրենց ուսուցիչներին և իրենց փառահեղ պատմությանը»:

Փոխանցման հանդիսավոր արարողությանը ելույթ ունեցավ նաև «Կերոն» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Վանանե Արարքցյանը. «Մեզ համար պատիվ է հալասարանի համար այս պատմական օրը այստեղ ներկա գտնվել: Հիմնադրամն ունի շատ կարճ՝ ընդամենը 6-7 ամսվա պատմություն, բայց այս կարճ ժամանակահատվածում մեր իրականացրած ծրագրերից մեծամասնության մասին վստահ եմ լսել եք շատերդ: Մենք ունենք մեծ երազանք՝ ներգրավելով լավագույն մասնագետների ու աշխարհահայացք փոփոխող ծրագրերի միջոցով փոխել մտածելակերպ ու միջավայր մեր երկրում: ⁠«Կերոն» նշանակում է լույս, ջահ, մոմ, իսկ մեր ծրագրերը փոքրիկ լույսի աղբյուրեր են, որոնք, մենք հավատացած ենք, միավորվելով՝ կիրականացնեն մեր երազանքը: Կրթությունը մեր փոքրիկ լույսերից թերևս ամենակարևորներից մեկն է։ Հայրս հաճախ ասում էր. «Առանց կրթության մարդիկ վերածվում են ամբոխի, որին շատ հեշտ կարելի է կառավարել»: Այս պատմական օրը և ուսանողների օրվան ընդառաջ, ես ուրախությամբ հայտնում եմ ձեզ, որ շուտով դուք կունենաք միջազգային  չափանիշներին համապատասխան, թվայնացված, ժամանակակից ու ոգեշնչող մի միջավայր, որտեղ, ես վստահ եմ, կրթվելու են լավագույն մասնագետները, որոնք փոխելու են աշխարհայացք և մեզ մոտեցնելու մեր երազանքին մեկ քայլ ավելի մոտ»:

Այս պատմական օրվա շրջանակում Մատենադարանից էլ Զինվորի տուն էր փոխանցվել 17 դարում գրված «Շուխոնց ավետարան» թղթե ձեռագիր մատյանը` հնարավորություն ընձեռելով բոլոր ցանկացողներին հաղորդակցվել ձեռագիր մատյանի զորությանը: