«Կերոն» զարգացման հիմնադրամը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը սկսում են համագործակցություն՝ խթանելու երաժշտական ոլորտի զարգացումը Հայաստանում
«Կերոն» զարգացման հիմնադրամը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ կնքել է համագործակցության հուշագիր‚ որը ստորագրել են հիմնադրամի գործադիր տնօրեն Վանանե Արարքցյանն ու նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։
Համագործակցությունն ուղղված է արտասահմանցի երաժիշտների ու արվեստի կառավարման մասնագետների՝ Հայաստան հրավիրելուն և նրանց մասնագիտական ներուժը երաժշտական ոլորտի զարգացմանը ծառայեցնելուն։
Այս համագործակցության շնորհիվ Հայաստան կժամանեն պրոֆեսիոնալ երաժիշտներ, որոնք կդասավանդեն հանրակրթական դպրոցներում, հանդես կգան նվագախմբի կազմում, մասնագիտական դասընթացներ կանցկացնեն շնորհաշատ աշակերտների հետ՝ կիսվելով իրենց գիտելիքներով և փորձով:
«Հրավիրված մասնագետները կլրացնեն ու կբազմազանեցնեն այն հարուստ փորձը‚ որ կա Հայաստանում։ «Կերոն» զարգացման հիմնադրամի գործունեության հիմքում հենց աշխարհում առկա լավագույն փորձը Հայաստան բերելն ու այդպիսով հաջողված փորձի տարածումն է՝ ուժեղացնելով և ընդլայնելով դրա ազդեցությունը մեր երկրի տարբեր ոլորտներում։ Եվ այդ նպատակին ուղղված պիլոտային առաջին ծրագիրը մենք իրականացնում ենք Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ այս համագործակցությամբ։», — իր խոսքում նշել է «Կերոն» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Վանանե Արարքցյանը։